Առնանդամի ցավ

2019/07/16

Առնանդամը տղամարդու վերարտադրողական համակարգի արտաքին սեռական օրգաններից է: Այն ծառայում է միզապարկից մեզի արտազատման, սերմնաժայթքման համար, ինչպես նաև կոպուլատիվ օրգան է: Տարբերում են օրգանի հետևյալ մասերը. առնանդամի արմատը կամ հիմքը, մարմինը կամ ցողունը և գլխիկը: Առնանդամի ցողունը բաղկացած է երկու խորշիկավոր և մեկ սպունգանման մարմնից: Խորշիկավոր և սպունգանման մարմինը բաղկացած են կարծր սպիտակուցային թաղանթից, որից դեպի ներս գնում են բազմաթիվ ծալքեր՝տրաբեկուլաներ, որոնց միջև առաջանում են «խորշեր» կամ լակունաներ:

Խորշիկավոր մարմինը տեղակայված է ծայրամասում, սպունգանման մարմինը` նրանց միջև գտնվող ակոսում, հարելով ստորին մակերևույթին՝ իր հաստության միջով անցնող միզատար խողովակի կամ միզուկի հետ միասին: Խորշիկավոր մարմինն  առնանդամի վերջում ավարտվում է կոնաձև հաստացմամբ՝ առնանդամի գլխիկով: Գլխիկի եզրը՝ ծածկելով խորշիկավոր մարմինների եզրերը, սերտաճում է վերջիններիս հետ՝ առաջացնելով հաստացում (պսակ), որի հետևում տեղակայվում  է պսակային ակոսը:  

Գլխիկը ծածկված է բարակ նուրբ մաշկով, որը պարունակում է սմեգմա արտադրող մեծ քանակությամբ գեղձեր: Առնանդամի գլխիկը և մարմինը պարունակում են մեծ քանակությամբ լակունաներ, որոնք սեռական գրգռման ժամանակ լցվում են արյունով: Բացի այդ, նրա վրա կան մեծ քանակությամբ նյարդային վերջավորություններ, ինչը նրան դարձնում է առնանդամի ավելի զգայուն մաս:
Արտաքինից առնանդամի գլխիկը ծածկված է  բարակ, հեշտ շարժվող մաշկով, որն ավարտվում է ծայրային թլիպով՝ վերևում վերածվելով ցայլային մաշկի, իսկ ներքևում` ամորձապարկի մաշկի:  Առնանդամի ստորին մակերևույթի մաշկին առկա կարը հետևում շարունակվում է ամորձապարկի և շեքի մաշկի վրա:  .

Առնանդամի մարմնի առաջային հատվածում մաշկն առաջացնում է ծալք՝ ծայրային թլիպ, որն ամբողջությամբ կամ` մասամբ, ծածկում է առնանդամի գլխիկը: Եթե ծայրային թլիպը լիովին ծածկում է գլխիկը, ապա հեշտությամբ հետ է շարժվում՝ մերկացնելով գլխիկը: Առնանդամի հետին մակերևույթին ծայրային թլիպը միանում է գլխիկին երկայանական ծալքով, այսպես կոչված՝ սանձիկով: Առնանդամի գլխիկի և թլիպի միջև կա ճեղքաձև խոռոչ, որը վերջնական ձևավորվում է երկու տարեկան հասակում: Պրեպուցիալ պարկում սովորաբար կուտակվում է սմեգման:


Առնանդամի ցավի պատճառները


Առնանդամի ցավը կամ` դիսպարեունիան, հաճախ առաջանում է հեշտոցի անբավարար լուբրիկացիայի (կանանց մոտ` խոնավացման) հետևանքով: Այս վիճակը կարող է առնանդամի չթլպատված մասի ցավոտ ձգման պատճառ լինել՝ ընդհուպ, մինչև պատռվածքի կամ հեմատոմայի առաջացում:  


Առնանդամի ցավը կարող է առաջանալ նաև անոթային խանգարումների և վարակի հետևանքով: Վարակային գործընթացը, որն ընդգրկում է գլխիկը կամ պրեպուցիալ պարկը, կոչվում է բալանիտ և պոստիտ: Բալանոպոստիտի հիմնական պատճառը, սովորաբար, պրեպուցիալ պարկում պարունակվող սմեգմայի կուտակումն է:


Միկրոօրգանիզմները հեշտությամբ են թափանցում սմեգմա և բազմանում՝ առաջացնելով առնանդամի գլխիկի և թլիպի բորբոքում: Այս հիվանդությունը, սովորաբար առաջանում է այն մարդկանց մոտ, ովքեր առանձնակի ուշադրություն չեն դարձնում սեռական օրգանների հիգիենային կամ ֆիմոզ (ծայրային թլիպի նեղացում) ունեցող տղամարդկանց մոտ: Հազվադեպ բալանոպոստիտ առաջանում է շաքարային դիաբետով հիվանդների մոտ և շատ հազվադեպ հանդիպում են ալերգիկ բալանոպոստիտներ:   


Բալանոպոստիտն արտահայտվում է առնանդամի գլխիկի կարմրածությամբ, գլխիկի այտուցվածությամբ, պրեպունցիալ պարկից տհաճ հոտով թարախային արտադրությամբ: Գլխիկի շրջանում առաջանում է քոր և այրոց: Գլխիկի բացման և սեռական հարաբերության ժամանակ առաջանում են տհաճ զգացողություններ: Սովորաբար, բալանոպոստիտը լավ բուժվում է, սակայն չբուժելու դեպքում կառաջանան բարդություններ: Տեղի է ունենում գլխիկի խոցոտում, կարմրածությունն ու այտուցն ավելանում են, վերջում հնարավոր է առնանդամի թարախային ախտահարում և գանգրենա: Ձգձվող երկարատև գործընթացի դեպքում առաջանում է ֆիմոզ կամ պարաֆիմոզ:


Արյունամատակարարման խանգարման հետևանքով առաջացած առնանդամի ցավը կարող է ուղեկցվել գլխիկի վրա նեկրոզի և իշեմիայի զոնաների առաջացմամբ և հաճախ դիտվում է շաքարային դիաբետով հիվանդների մոտ:


Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները կսրեղ են արտահայտվել մաշկի զգալի ախտահարումներից (օրինակ` կանդիլոմաներ) մինչև սեռական օրգանների մաշկի ցավոտ բշտիկների առաջացում  (ինչպես հերպեսային վարակի դեպքում): Սիֆիլիսը, գոնորեան և վեներական աճուկային լիմֆոգրանուլեման կարող են արտահայտվել, համապատասխանաբար` շանկրով, դիզուրիայով կամ լիմֆադենոպաթիայով:

Առնանդամի կորացում և ցավ կարող է առաջանալ Պեյրոնի հիվանդության դեպքում (խորշիկավոր մարմնիկների սպիտակուցային թաղանթի ֆիբրոզ), որն արտահայտվում է առնանդամի ցողունի երկայնքով շոշափվող կարծրացած հատվածով:  


Պեյրոնի հիվադության դեպքում  (սեռական անդամի ֆիբրոպլաստիկ կարծրացում) սեռական անդամի խորշիկավոր մարմնիկների սպիտակուցային թաղանթի սահմաններում զարգանում են ֆիբրոսկլերոտիկ փոփոխություններ (սպի): Առնանդամի շոշափման ժամանակ առկա է կարծր հանգույց: Գոյացությունն անցավ է, հարակից հյուսվածքներում` կիսաշարժուն և ունի աճառի կարծրություն: Կորացումը և ցավային զգացողություններն ուժեղանում են էրեկցիայի ժամանակ և կարող են բարդացնել սեռական ակտը:


Այս հիվանդությունը հաճախ դիտվում է 40-60 և ավելի տարիքի տղամարդկանց մոտ: Մինչև 30 տարեկանը շատ հազվադեպ է հանդիպում: Ֆիբրոզացման տեղակայմամբ և չափով պայմանավորված՝ էրեկցիայի ժամանակ առնանդամը կորանում է դեպի վեր կամ` դեպի կողմ:

Կավերնիտն առնանդամի խորշիկավոր մարմնիկների բորբոքումն է: Կավերնիտը կարող է առաջանալ որպես ուրեթրիտի բարդություն՝ առնանդամի վնասվածքից հետո:  Վարակը կարող է խորշիկավոր մարմնիկներ անցնել հեմատոգեն (արյան միջոցով) ճանապարհով հեռակա օջախներից` անգինայի, գրիպի, սինուսիտների, օստեոմիելիտի, կարիեսի, ֆուրունկուլյոզի դեպքում:
Կավերնիտն սկսվում է սուր՝ բարձր ջերմությամբ, սարսուռով, գլխացավերով, առնանդամի ցավերով: Առնանդամում ցավեր են առաջանում, ձևավորվում է ինֆիլտրատ (կարծրացում), որը լավ շոշափվում է:  Բուժման բացակայության դեպքում ինֆիլտրատի տեղում աբսցես է առաջանում (թարախակույտ): Հետագա ընթացքի դեպքումաբսցեսը բացվում է, իսկ ախտահարված կավերնոզ մարմինը դատարկվում է և էրեկցիայի ժամանակ արյունով չի լցվում, ինչը բերում է էրեկցիայի ժամանակ առնանդամի ձևախախտման (կորացման): Կավերնոզ մարմնի աբսցեսը կարող է բացվել նաև միզատար խողովակի մեջ, այս դեպքում կարող են հաջորդել էրեկտիլ ֆունկիայի խանգարումներ, ինչպես նաև վերջինիս կորուստ:

Ցավն առնանդամում (միզատար խողովակում), սովորաբար, կապված է բորբոքային գործընթացի հետ՝ միզատար խողովակում քարերի կամ աղերի առկայությամբ պայմանավորված: Միզուկի քարը բերում է միզարձակման ժամանակ ցավերի առաջացման, միզարձակման դժվարեցման, մեզի շիթի թուլացման և վերջինիս ձևի փոփոխության: Միզատար խողովակի լուսանցքի քարով լրիվ խցանման դեպքում առաջանում է սուր միզակապություն: Հիվանդության տևական ընթացքը առաջացնում է ուրեթրիտ, պարաուրեթրիտ, պրոստատիտ, խոցերի և ուրեթրալ խուղակների առաջացում: Սուր ուրեթրիտի ժամանակ ցավերն արտահայտված են և տանջալի, քրոնիկական ընթացքի դեպքում ցավերն ավելի թույլ ինտենսիվության են և ընկալվում են որպես այրոցի զգացում:


Այլ պատճառներ


Առնանդամի ցավը կարող է կապված չլինել միզարձակման հետ և կրի մշտական բնույթ. դա, սովորաբար, լինում է կոլիկուլիտի դեպքում (սերմնաթմբիկի բորբոքում), ցավը կարող է առաջանալ կամ ուժեղանալ սեռական ակտի վերջում: Առնանդամի ցավ դիտվում է.


•    սալջարդի,
•    հոդախախտի,
•    կոտրվածքի,
•    սեռական անդամի օղակման դեպքերում:  


Սեռական անդամի սալջարդ առաջանում է չգրգռված օրգանի վրա վնասող ուժի ազդեցության հետևանքով: Բժշկության մեջ գոյություն ունի «սեռական անդամի կոտրվածք» հասկացությունը, որին բնորոշ է սպիտակուցային թաղանթի և խորշիկավոր մարմնիկների հյուսվածքների վնասումը: «Կոտրվածք» տեղի է ունենում գրգռված սեռական անդամի բռնի ուժով կորացման դեպքում՝ հաճախ «ագրեսիվ» սեռական ակտերի ժամանակ:  


Սեռական անդամի հոդախախտն ավելի հազվադեպ է հանդիպում, քան պատռվածքը: Այս վնասումների մեխանիզմը մոտավորապես նույնն է՝ ազդեցությունը գրգռված սեռական անդամի վրա:  Սեռական անդամի հոդախախտի  ժամանակ տեղի է ունենում խիտ ձգանների պատռվածք, որոնք միացնում են խորշիկավոր մարմնիկները ցայլոսկրերի և առնանդամը ցայլային սիմֆիզին  միացնող կապանների հետ:  
Սեռական անդամի վնասման յուրօրինակ տեսակ է օղակումը: Երեխաների մոտ նմանատիպ վնասումները չարաճճիության հետևանք են, իսկ մեծահասակների մոտ` կամ ձեռնաշարժության հետևանք, կամ անմիզապահությունն արգելակելու փորձի, կամ էրեկցիան պահելու հետևանք:  Կոնսերվատիվ բուժման ենթարկվում է սեռական անդամի սալջարդը, վնասվածքների մյուս տեսակները բուժվում են վիրաբուժական ճանապարհով:

Պրիապիզմը ախտաբանական վիճակ է, որի ժամանակ տղամարդու մոտ առաջանում է սեռական անդամի անադեկվատ, երկարատև (ավելի քան վեց ժամ), ցավոտ էրեկցիա՝ խորշիկավոր մարմնիկների արյունալեցմամբ, որը կապված չէ սեռական գրգռման հետ և  չի անհետանում սեռական հարաբերությունից հետո: Պրիապիզմն առաջանում է, օրինակ, կենտրոնական նյարդային համակարգի որոշ ախտահարումների ժամանակ, տեղային ախտաբանական գործընթացների ժամանակ, հնարավոր է նաև պրիապիզմի դեղորայքային ձևը: