Արտադրություն սեռական օրգանից. ո՞ր ախտանիշենրի դեպքում զգոն լինել

2019/09/06

Տղամարդու մոտ առնանդամից արտադրությունը կարող է նորմայի տարբերակ լինել, սակայն կարող է հանդիսանալ նաև տարբեր հիվանդությունների ախտանիշ: Հենց այդ պատճառով պետք է հասկանալ, թե որ դեպքերում է անհրաժեշտ դիմել բժշկի՝ հետազոտման և բուժման նպատակով:


Ֆիզիոլոգիական արտադրություն


Սեռական հարաբերության ժամանակ տղամարդու մոտ տեղի է ունենում սերմնաժայթքում (էյակուլյացիա)` սերմնահեղուկի արտադրություն, որն իրենից ներկայացնում է անթափանց, մածուցիկ, սպիտակամոխրագույն հեղուկ՝ հում շագանակի հոտով: Սերմնահեղուկը ներառում է շագանակագեղձի կողմից արտադրված սերմնային պլազմա, որի մեջ առկա են ամորձիների կոմից արտադրված սպերմատոզոիդներ: Արտադրված սերմնահեղուկի քանակը պայմանավորված է մի շարք գործոններով՝ օրգանիզմի անհատական առանձնահատկություններով, առողջական վիճակով, տարիքով, նույնիսկ խմած հեղուկի ծավալով, սակայն միջինը մեկ սերմնաժայթքման ժամանակ այդ կենսաբանական հեղուկը արտադրվում է մոտ 5 մլ ծավալով:  


Սերմնահեղուկ արտադրվում է նաև դեռահասների մոտ, հաճախ քնի ընթացքում, այս երևույթը կոչվում է երազախաբություն: Երազախաբություն կարող է լինել նաև հասուն տղամարդու մոտ՝ երկար ժամանակ սեքսով չզբաղվելու դեպքում:


Կա ևս մեկ կենսաբանական հեղուկ, որը նորմայում անջատվում է առնանդամից, իրենից ներկայացնում է մածուցիկ և թափանցիկ հեղուկ, հոսում է միզուկից սեռական գրգռման ժամանակ և կոչվում է լիբիդոզային ուրեթրոռեա: Այս արտադրությունն անջատվում է միզուկի գեղձերի կողմից: Այն սպերմատոզոիդների համար ստեղծում է բարենպաստ, հիմնային միջավայր և սեռական հարաբերության ժամանակ հեշտացնում է առնանդամի մուտքը հեշտոց:  Լիբիդոզային ուրեթրոռեայում պարունակվում են նաև քիչ քանակությամբ սպերմատոզոիդներ: Որոշ դեպքերում ուրեթրոռեա անջատվում է նաև կղազատման ժամանակ: Դրանից վախենալ պետք չէ, դա նորմայի տարբերակ է:  


Սմեգման ևս ֆիզիոլոգիական արտադրության տարատեսակ է: Այն սպիտակ, ճարպանման նյութ  է՝ բաղկացած  թլիպի ճարպագեղձերի կողմից արտադրվող յուղոտ արտադրությունից և էպիթելի մահացած բջիջներից:  Տղամարդու մոտ սմեգման առաջանում է իր ողջ կյանքի ընթացքում և առնանդամի գլխիկի համար ծառայում է որպես քսանյութ՝ հեշտացնելով նրա սահումը թլիպից դուրս գալու ժամանակ: Անհրաժեշտ է ամեն օր լվացման միջոցով հեռացնել սմեգման:   Հակառակ դեպքում, եթե այն մեծ քանակությամբ կուտակվի, ապա կարող է բերել թլիպի բորբոքման՝բալանոպոստիտի:  

Ախտաբանական արտադրություններ


Ախտաբանական արտադրություններն առնանդամից կարող են վկայել վարակի, բորբոքային պրոցեսի, ուռուցքների կամ վնասվածքների հետևանքների մասին:


Այդպիսի արտադրության պատճառը միայն տեսքով հնարավոր չէ որոշել, քանի որ միևնույն ախտաբանությունը կարող է տարբեր ձևով դրսևորվել, և, ընդհակառակը, միևնույն արտադրությունը կարող է տարբեր հիվանդություններին ուղեկցել: Բացի այդ, սեռական ճանապարհով փոխանցվող շատ հիվանդություններ հաճախ ընթանում են «ձեռք ձեռքի տված», այսինքն պատճառը միանգամից մի քանի հարուցիչներն են հանդիսանում, ինչը էականորեն փոխում է կլինիկական պատկերը: Այդ պատճառով առնանդամից ոչ  բնորոշ արտադրության դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետին, հատկապես եթե այն ուղեկցվում է նաև այլ ախտանիշներով, ինչպիսիք են քորը, ցավը, այրոցը և այլն:  


Հարկ է զգոն լինել հետևյալ ախտանիշների առկայության դեպքում:

 

  • Առնանդամից անջատվող թափանցիկ հեղուկը կարող է լինել քրոնիկական խլամիդիոզի ախտանիշ:

  • Առնանդամից կիսաթափանցիկ, կաթնասպիտակավուն արտադրություն առաջանում է սեռական ճանապարհով փոխանցվող վարակի սրացման ժամանակ: Ընդ որում, փրփրավուն արտադրությունը, որն ուղեկցվում է քորով, դիտվում է տրիխոմոնիազի ժամանակ, եթե հեղուկը կպչում է առնանդամի գլխիկին, ապա դա հնարավոր է խլամիդիոզի ժամանակ:

  • Մեծ քանակությամբ խիտ և կպչուն դեղնականաչավուն արտադրությունը, որն ուղեկցվում է ցավով և անհարմարավետությամբ, բնորոշ է գոնորեային միզուկաբորբին (ուրեթրիտին):

  • Սպիտակ կաթնաշոռանման արտադրություն լինում է կանդիդոզի՝ սնկային վարակի ժամանակ:

  • Սպիտակ արտադրությունը, որն ուղեկցվում է միզարձակման դժվարություններով, կարող է առաջանալ պրոստատիտի ժամանակ:

  • Միշտ ախտաբանության մասին են վկայում առնանդամից արյունային արտադրությունը կամ արյունը: Սրա պատճառները բազմաթիվ են և բոլորն էլ բավականին լուրջ են՝ սկսած երիկամների ախտահարումից մինչև միզասեռական համակարգի օրգանների չարորակ ուռուցքներ: Արյուն կարող է անջատվել մեզի, սերմնահեղուկի հետ և պարզապես միզուկից: Ամեն դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:

  • Ախտաբանություն է համարվում նաև սերմնահեղուկի անջատումը սեռական հարաբերության (ինքնաբավարարման) բացակայության ժամանակ: Այս երևույթը կարող է առաջանալ նյարդային համակարգի որոշ հիվանդությունների կամ քրոնիկական բորբոքումների ժամանակ:

  • Մածուցիկ, խիտ, սպիտակ հեղուկը, որն անջատվում է միզարձակումից կամ կղազատումից հետո, շագանակագեղձի արտադրությունն է: Այն կարող է խոսել շագանակագեղձի կամ միզապարկի որոշ հիվանդությունների մասին:


Շատ կարևոր է առնանդամից ցանկացած ոչ բնորոշ արտադրության դեպքում ինքնաբուժմամբ չզբաղվել, այլ օգնության համար դիմել մասնագետներին: Բանն այն է, որ ժամանակակից հակաբիոտիկները հեշտությամբ են հաղթահարում բորբոքային և վարակիչ հիվանդությունների ախտանիշները: Դրանց ընդունումից հետո անհանգստացնող արտադրությունը և այլ տհաճ զգացողություններն անհետանում են, սակայն դա չի նշանակում, որ հիվանդությունը բուժվել  է: Այն պարզապես ժամանակավորապես նահանջել է, իսկ հետո նորից կարող է վերադառնալ, իսկ ամենավատն այն է, որ հակաբակտերիալ պրեպարատների չվերահսկված ընդունումը կարող է վերջիններիս նկատմամբ ախտածին միկրոօրգանիզմների մոտ կայունություն ձևավորել: Այս դեպքում հիվանդության նոր դրսևորման ժամանակ այդ պրեպարատներն այլևս արդյունավետ չեն լինի: