Սկլերոտիկ որքին (lichen sclerosus)

2018/12/25

Սկլերոտիկ որքինը սեռական օրգանների մաշկի քրոնիկական բորբոքային հիվանդություն է: Հիվանդության պատճառները մինչև վերջ պարզ չեն:  Սակայն բուժման բացակայության դեպքում այն բերում է սեռական օրգանների սպիական փոփոխությունների առաջացման, որն էլ կարող է հանգեցնել թլիպի նեղացման և ֆիմոզի առաջացման: Երբեմն ավելի ծանր բարդություններ են առաջանում՝ միզարձակման խանգարումներ միզուկի արտաքին բացվածքի նեղացման և միզատար խողովակի բացվածքի մասնակի նեղացման հետևանքով: Մեզի հոսքի խանգարումն իր հերթին հղի է այնպիսի բարդություններով, ինչպիսիք են պիելոնեֆրիտը, ցիստիտը, հիդրոնեֆրոզը (երիկամների խոռոչային համակարգի լայնացում) և միզաքարային հիվանդությունը: Ծանր ձևով ընթացող սկլերոտիկ որքինը նույնիսկ կարող է բերել սեռական անդամի ուռուցքի զարգացման:


Նշաններ


Սկլերոտիկ որքինի բնորոշ նշանները առնանդամի և թլիպի մաշկի սպիտակավուն բծերն ու ատրոֆիայի հատվածներն են, որոնց նաև անվանում են սկլերոտիկ օղեր: Զարգանալով՝ վահանիկներն առաջացնում են սպիական հյուսվածք, որն էլ բերում է թլիպի մաշկի կարծրացման, ինչն էլ խոչընդոտում է առնանդամի գլխիկի բացմանը: Այս ամենը նպաստում է վարակի առաջացմանը և առնանդամի գլխիկի բակտերիալ բորբոքման՝բալանիտի զարգացմանը:
Երկարատև ընթացող հիվանդության երկրորդ բնորոշ նշանը սպիի ձևավորումն է, գլխիկի փակումը և սպիական ֆիմոզի զարգացումը: Սակայն մինչ այս լուրջ բարդությունների առաջացումը թլիպի մաշկի արտաքին հատվածի էլաստիկությունը նվազում է, որի վրա պատռվածքներ են առաջանում:


Թլպատված տղամարդկանց մոտ որքինը կարող է արտահայտվել միզարձակման դժվարացմամբ և մեզի շիթի բարակացմամբ: Այդ ժամանակ հիվանդը ուժ տալու անհրաժեշտություն է զգում, քանի որ սպիի շրջանում նոր կարծրացում է զարգանում և փակում է բացվածքը:  


Հիվանդության հստակ պատճառները հայտնի չեն, սակայն նախատրամադրող գործոնների թվին են պատկանում գենետիկական, աուտոիմուն, վարակային և հորմոնալ ախտաբանությունները: Եվս մեկ հնարավոր պատճառ կարող է հանդիսանալ տեղային բնույթի հիվանդությունը:


Հիվանդությունը հատկապես հաճախ է հանդիպում երկվորյակներից երկուսի մոտ, ինչ թույլ է տալիս ենթադրել ախտահարված գենի ժառանգման մասին:  


Որքինի կապը աուտոիմուն հիվանդությունների հետ նույնպես ենթադրվում է բազմաթիվ դիտարկումների հիման վրա: Հիվանդությունը հաճախ զարգանում է այն մարդկանց մոտ, ովքեր տառապում են վիտիլիգոյով, վահանաձև գեղձի հիվանդություններով, պերնիցիոզ սակավարյունությամբ, շաքարային դիաբետով, սպիական պեմֆիգոիդով, ռևմատիկ պոլիմիալգիայով, պսորիազով, լյարդի առաջնային բիլիար ցիռոզով, համակարգային կարմիր գայլախտով:  


Վարակային գործոնները կապված են այնպիսի հարուցիչների հետ, ինչպիսիք են Borellia ցեղի սպիրոխետները, որոնք առաջացնում են Լայմայի հիվանդությունը (բորելիոզ): Որքինով հիվանդների թլիպի հյուսվածքներում հայտնաբերվել է մարդու պապիլոմայի վիրուսը , որը նույնպես կարելի է պայմանականորեն համարել այս հիվանդության պատճառ:


Իսկ սկլերոտիկ որքինի զարգացման համար թողարկիչ է հանդիսանում մաշկի մեխանիկական վնասումը և հին սպիների շրջանում վնասվածքները: Հիվանդության զարգացմանը կարող են նպաստել նույնիսկ մաշկի մշտական շփումները, շաքարային դիաբետով հիվանդների մոտ մաշկի քրոնիկական գրգռումը մեզով, ինչպես նաև ռադիացիոն ճառագայթումը:


Հորմոնալ գործոնների թվին են պատկանում հյուսվածքների կողմից արական սեռական հորմոնների յուրացման խանգարման որոշ ձևեր:


Բուժումը


Հակաբիոտիկները և հակասնկային դեղամիջոցներն այս հիվանդության դեպքում անարդյունավետ են: Բավարար չէ նաև հիվանդության հետևանքների վերացումը ՝ ֆիմոզի դեպքում թլպատումը: Այդ պատճառով կարևոր է ժամանակին բուժվել լավ ուրոլոգի մոտ, ով տիրապետում է հիվանդության առանձնահատկություններին: Թլպատման (թլիպի հատում) ժամանակ անհրաժեշտ է հեռացնել բոլոր ախտահարված հյուսվածքները: Ընդ որում ախտահարման ծավալը պայմանավորված է հիվանդության աստիճանով, որի որոշումը բժշկի գլխավոր խնդիրն է:  


Հիվանդության առաջին փուլում բորբոքումը տարածվում է միայն թլիպի վրա:


Երկրորդ փուլում սպիտակավուն սկլերոտիկ «օղերը»  թլիպից անցնում են առնանդամի գլխիկի մաշկին: Սա բնորոշ է թլպատված տղամարդկանց, գոյություն ունի միզատար խողովակի արտաքին բացվածքի նեղացման և միզարձակման դժվարացման վտանգ:  Այդ պատճառով ախտահարված հյուսվածքների վիրահատական հեռացումից բացի իրականացվում է նաև միզատար խողովակի արտաքին բացվածքի ընդլայնման վիրահատություն (մեատոտոմիա): Ապա կիրառվում են տեղային հակաբորբոքիչ դեղամիջոցներ:


Հիվանդության երրորդ շրջանը բնութագրվում է բորբոքային պրոցեսի մեջ ոչ միայն թլիպի և առնանդամի գլխիկի, այլ նաև միզատար խողովակի արտաքին բացվածքի ընդգրկմամբ: Հաճախ այս փուլը դիտվում է հիվանդության քրոնիկական ընթացքի ժամանակ:  Այս ժամանակ արդեն պահանջվում է ոչ միայն միզատար խողովակի նեղացած բացվածքի վերականգնում, այլ նաև սպիական հյուսվածքների հեռացում, ինչպես նաև երկարատև տեղային բուժում գլյուկոկորտիկոիդային հակաբորբոքիչ միջոցներով:


Եվ, վերջապես, հիվանդության չորրորդ փուլն իրենից ներկայացնում է մեծ բորբոքային պրոցես, որը կարող է վերածվել նախաքաղցկեղային վիճակի և առնանդամի քաղցկեղի: Այդ պատճառով վիրահատությունից առաջ իրականացվում է առնանդամի և միզատար խողովակի հյուսվածքների բիոպսիա:


Կանխարգելում


Այս հիվանդության համար կանխարգելիչ առանձնահատուկ միջոցառումներ գոյություն չունեն: Սակայն առաջին իսկ նշանների դեպքում անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ և ախտորոշել: Եթե հիվանդությունն անմիջապես չբուժել, այն կարող է բերել բարդությունների առաջացման, որոնց վերացման համար կպահանջվեն վիրահատական միջամտություններ, միզատար խողովակի անցանելիության վերականգնման համար նույնիսկ բարդ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ :  Մյուս կողմից հիվանդությունը բավականին հեշտ է կանգնեցնել հենց սկզբում: