Տղամարդու մենոպաուզա (Men’s Menopause)

2017/07/03

Կանանց մենոպաուզայի (դաշտանադադար) մասին հայտնի է բոլորին, իսկ տղամարդու մենոպաուզան անծանոթ տերմին է շատերի համար: Ի՞նչ է տղամարդու մենոպաուզան, եւ որո՞նք են դրա պատճառները: Տղամարդու մենոպաուզան ներառում է բոլոր այն հորմոնալ, ֆիզիոլոգիական եւ քիմիական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տղամարդու օրգանիզմում՝ 40-55 տարեկանում: Դրանք են՝ ֆիզիկական, հոգեբանական, ներանձնային, սոցիալական ոլորտները: Հորմոնալ փոփոխությունները մեծ ազդեցություն ունեն տղամարդու օրգանիզմի վրա՝ հատկապես միջին տարիքում: Այդպիսի հորմոնների շարքին են դասվում տեստոստերոնը, վահանագեղձի հորմոնները, աճի հորմոնը, դոպամինը եւ այլն:

 

Մենոպաուզայի ֆիզիկական ախտանշաններն են՝ ֆիզիկական ակտիվության նվազումը, հիվանդությունների վերականգնողական շրջանի երկարումը, քաշի ավելացումը, մազաթափությունը, քնի խանգարումները, հոգնածությունը: Հոգեբանական ախտանշաններն են՝ դյուրագրգռությունը, ընկճվածությունը, անորոշությունը, ինքնավստահության պակասը, կյանքի եւ հաճույքի նկատմամբ հետաքրքրության նվազումը, մենակության զգացումը, մոռացկոտությունը եւ այլն:

 


Սեռական խնդիրներից են՝ սեքսի նկատմամբ անտարբերությունը, էրեկտիլ դիսֆունկցիան, օրգազմի խանգարումները, վախն ու մտահոգությունը սեռական պոտենցիայի կորստի նկատմամբ եւ այլն: Կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ազդել այդպիսի ախտանշանների ի հայտ գալուն: Դրանք են՝ սթրեսները, հոգեբանական խնդիրները, ալկոհոլի չարաշահումը, վնասվածքները, վիրահատությունները, դեղորայքը, ծխախոտը, գիրությունը, անշարժությունը, արատները, սննդի պակասը, վարակներն ու բորբոքումները (պրոստատիտ): Արական հորմոնի (տեստոստերոն) նվազումը մեծ ազդեցություն ունի ոսկրամկանային եւ անոթային համկարգի, հոդերի եւ գրեթե բոլոր օրգան-համակարգերի վրա, քանի որ յուրաքանչյուր օրգանի առավելագույն աշխատանքի համար այն շատ կենսական նշանակություն ունի:

 

Տղամարդկանց մենոպաուզայի բուժումն ախտանշային է (հորմոնալ պակասորդի լրացում, պրոստատի հիվանդությունների բուժում, իմպոտենցիայի բուժում): Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է սննդակարգի հսկողություն, մարմնամարզություն, սթրեսից ազատում, քնի կարգավորում եւ բոլոր այն միջոցառումները, որոնք պետք է ժամանակին կատարել՝ հայտնաբերելու եւ բուժելու համար պրոստատի հիվանդությունները, բորբոքումները, էրեկցիայի խանգարումները: Քանզի այդպիսի համալիր մոտեցումը տղամարդու ֆիզիկական, հոգեբանական եւ սոցիալական խնդիրներին կարող է ապահովել նրա առողջությունը եւ խուսափել վաղահաս մենոպաուզայի վտանգից: