Բժիշկը և դեպրեսիան (Physician and Depression)
Բժիշկների շրջանում, ընդհանուր առմամբ, քիչ են սրտանոթային և քաղցկեղային հիվանդությունները, սակայն զգալիորեն բարձր են դեպրեսիաների և ինքնասպանության դեպքերը։ Սխալված չենք լինի ասել, որ բժիշկները նույնպես չունեն ամենօրյա խնդիրների և դեպրեսիաների նկատմամբ բավարար հակազդեցություն։ ԱՄՆ֊ում տարեկան մոտավորապես 400 բժիշկ է դիմում ինքնասպանության։ Նրանք հատկապես չբուժված դեպրեսիաների, վթարներից առաջացած հոգեկան խանգարումների, ալկոհոլիզմի, թմրանյութերի չարաշահումների արդյունք են։
Կատարված հետազոտական աշխատաքները հաստատել են, որ դեպրեսիան հանդիպում է տղամարդ բժիշկների 12%֊ի և կին՝ 18%֊ի մոտ։ Բժիշկների մոտ դեպրեսիաները կարող են աննկատ մնալ և մինչև վերջ չբուժվել, քանի որ վերջիններս ինքնախտորոշմամբ և ինքնաբուժմամբ են փորձում լուծել իրենց խնդիրները։ Սեփական հոգեվիճակի ինքնախտորոշումը շատ բարդ է, հետևաբար, բժիշկները հաճախ են սխալվում սեփական հիվանդության ախտորոշման և բուժման հարցում: Իսկ ինչ վերաբերում է ինքնասպանության մտքերին, ապա յուրաքանչյուր բժիշկ գիտակցում է, որ դա վատ արարք է, սակայն նախընտրում է քողարկել իր հիվանդությունն ու ինքնասպանության մտադրությունը:
Բժիշկների մոտ դեպրեսիաների ախտորոշումն ու բուժումը, իրավամբ, լուրջ խնդիր է: Դեպրեսիայի ժամանակ ինքնագնահատականի իջեցման պատճառով մասնագետի մոտ նկատվում է աշխատունակության անկում և մոտիվացիայի պակաս։
Բժշկի դեպրեսիայի ախտանիշներից և վարքագծի դրսևորումներից են.
- նյարդայնություն, գրգռվածություն և միջանձնային հակամարտություններ,
- շրջապատի հետ մերթ` չափազանց մտերմություն, մերթ` անհարկի պաշտոնական «սառը» պահվածք,
- մասնագիտական պարտավորությունների մեջ թերացումներ, ուշադրության պակաս և սխալներմ
- ոչ ռացիոնալ և ռիսկային որոշումներ,
- բժշկական պարագաների նկատմամբ արհամարհանք (սպիտակ խալաթ, ձեռնոց, դիմակ…),
- քնի խանգարումներ (անքնություն կամ քնկոտություն),
- սեռական և անպարկեշտ բնույթի արտահայտություններ,
- հաճախակի աշխատատեղի փոփոխություն և այլն:
Ինչ վերաբերում է ինքնասպանություններին, ապա բժիշկների մոտ այս ռիսկը մոտավորապես երկու անգամ ավելի բարձր է, քան բնակչության այլ խմբերում: Կին բժիշկներն ավելի քիչ են հակված ինքնասպանության, քան այլ մասնագիտության կանայք: Բժիշկների կողմից ինքնասպանության փորձերի մեծ մասը մահվան ելք են ունենում, քանի որ նրանց մեծ մասին հասանելի են մահացու ազդեցության դեղերը:
Փաստ է, որ բժիշկներն իրենց դեպրեսիաների կամ ինքնասպանության մտադրությունների կապակցությամբ հազվադեպ են դիմում իրենց գործընկերներին՝ մասնագիտական օգնության ստանալու: Սա պայմանավորված է աշխատանքը կորցնելու, հոգեկան հիվանդության «պիտակից» խուսափելու և խնդրի մասին ուրիշների տեղեկենալու վախով:
Հաշվի առնելով նմանատիպ խնդրի առկայությունը բժշկական բնագավառում, պետական առողջապահական համակարգում պետք է կարևորվի նախևառաջ հենց բժիշկների ֆիզիկական և հոգեկան առողջության խնդիրները։ Այս միջոցով կարող են նվազել բժիշկների հոգեկան առողջական խնդիրները և կանխվել ողբերգական դեպքերը: