Բարձրադաշտ ՄՌՏ-ի կիրառումն ուրոլոգիայում

2017/06/30

Հայաստանում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման մեջ դեռևս քիչ դեր ունի, քան ուլտրաձայնային հետազոտությունը (ՈՒՁՀ) և համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ): Սակայն աստիճանաբար այն ավելի մեծ կիրառում է գտնում նորագոյացությունների և այլ ախտահարումների ախտորոշման մեջ (ուռուցքային գործընթացի փուլի և տարածվածության հստակ ախտորոշում ըստ TNM դասակարգման): ՄՌՏ-ն լայնորեն կիրառվում է նաև անոթային ախտահարումների ժամանակ` հեմոդինամիկ գործընթացների գնահատման նպատակով (հունի արագություն, հյուսվածքներում արյան պերֆուզիա և դիֆուզիա):

 

Ուրոլոգիական պրակտիկայում ՄՌՏ-ի միջոցով հստակ կարելի է ախտորոշել և դասակարգել.

 

  • շագանակագեղձի ախտահարումները (բորբոքումներ, ուռուցքներ),
  • երիկամի ախտահարումները (ուռուցքներ, բորբոքումներ, կիստաներ, բնածին արատներ, վնասվածքներ, ավազանի ախտահարումեր),
  • միզուղիների զարգացման արատներ, նեղացումներ և խցանումներ,
  • կատարել երիկամային զարկերակների անգիոգրաֆիա:

 

ՄՌՏ-ի կիրառումը ուրոլոգ-վիրաբույժներին հնարավորություն է տալիս հաջողությամբ պլանավորել և անցկացնել երիկամների և միզուղիների բնածին օբստրուկտիվ և ոչ օբստրուկտիվ զարգացման արատների, ուռուցքների և վնասվածքների վիրահատություններ` խուսափելով վիրահատության ընթացքում թերի ախտորոշման պատճառով առաջացող չնախատեսված բարդություններից:

 

ՄՌՏ հետազոտությունը, ի տարբերություն համակարգչային տոմոգրաֆիայի, իրականացվում է առանց որևէ ճառագայթների կիրառման, հետևաբար, կարելի է կրկնել հետազոտությունը` չվախենալով ճառագայթային ախտահարումներից, որը հատկապես կարևորվում է փոքր կոնքի հետազոտության ժամանակ: Մեթոդի հիմքում ընկած է մագնիսական դաշտում ատոմների միջուկների ռեզոնանսի գրանցումը: Միակ հակացուցումն օրգանիզմում մագնիսական դաշտի կողմից ձգվող մետաղների առկայությունն է` բեկորներ, էլեկտրական սարքեր, կարդիոստիմուլատորներ, լսողական իմպլանտներ: Ատամնատեխնիկայում կիրառվող մետաղների, ինչպես նաև անոթային կլիպսների և ներանոթային ստենտերի առկայությունը հիմնականում հակացուցում չեն: Մինչ այժմ չկա ՄՌ հետազոտությունից արձանագրված հավաստի վնասակար կամ բացասական ազդեցություն մարդու օրգանիզմի վրա:

 

ՄՌՏ-ն, ունենալով ամենաբարձր միջհյուսվածքային կոնտրաստը, հնարավորություն է տալիս հստակ տարբերակել անատոմիական կառուցվածքների սահմանները, փոխհարաբերությունը միմյանց նկատմամբ: Դա վիրահատող բժշկին շնորհում է բացառիկ հնարավորություն նախապես` մինչ վիրահատությունը, հստակ կանխատեսել սպասվող բարդությունները, մշակել վիրահատության ռազմավարությունը, կամ, ծայրահեղ դեպքում, խուսափել որևէ միջամտությունից, որն էլ թույլ է տալիս կտրուկ նվազեցնել բժշկական սխալների քանակը: Ճիշտ ախտորոշման շնորհիվ կրճատվում է վիրահատության ժամանակը, հետևաբար և` տրավմատիզացիան:

 

Համաշխարհային չափանիշներով` ուրոլոգիական ախտահարումների ախտորոշման համար արժեքավոր են այնպիսի ՄՌՏ հետազոտությունները, որոնք կատարվել են 1,5 և 3 Տեսլա հզորությամբ ՄՌ տոմոգրաֆների միջոցով:

 

Սեվան Իրիցյան,

ԿՀՄԻ ԲԱԿ, ՄՌՏ ախտորոշման կենտրոն
www.ldc.am