Տարակարծություններ PSA-ի մասին (Controversies about PSA)

2017/06/30

Պրոստատիկ սպեցիֆիկ անտիգենը (PSA) շագանակագեղձի էպիթելյալ բջիջների կողմից արտադրվող սպիտակուց է: Այս անտիգենը շրջանառության մեջ է մտնում արյան մեջ եւ ունի կարեւոր նշանակություն` հատկապես շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման հարցում:

 

 

Սակայն PSA բարձր մակարդակը (>4նգ/մլ) իրականում միշտ չէ, որ կապված է շագանակագեղձի քաղցկեղի հետ։ Երբեմն այդ բարձրացումը կապված է շագանակագեղձի բորբոքման (պրոստատիտ) կամ ադենոմայի հետ։ Կան նաև այլ վիճակներ, որից հետո նույնպես կարող է նկատվել PSA բարձրացում, օրինակ՝ շագանակագեղձի մերսում, սերմնաժայթքում, երկար հեծանիվ վարել և այլն։

 

 

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման մեջ PSA-ից բացի պետք է հաշվի առնել հիվանդի տարիքը, ընդհանուր առողջական վիճակը, ընտանեկան պատմությունը և այլն։ PSA սկրինինգը լավ գործիք է շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։ Սովորաբար, խորհորդ է տրվում 45-50 տարեկանից սկսած տարին մեկ անգամ կատարել այս հետազոտությունը։ Այն կատարելու ժամանակացույցն ու հաճախականությունը տարբեր է։ PSA նորման համարվում է մինչև 4նգ/մլ։ Սովորաբար, մինչև 2նգ/մլ մակարդակի դեպքում կարելի է կատարել տարեկան մեկ անգամ, իսկ ավելի բարձրի դեպքում` տարին 2 անգամ։

 

Շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման համար շատ կարևոր է կիրառել օժանդակ հետազոտության մեթոդները՝ ուղիղ աղիքային մատնային քննություն, երբեմն ուղիղաղիքային սոնոգրաֆիա, ՄՌՏ և, վերջապես, շագանակագեղձի բիոփսիա։

 

Շատ հաճախ PSA հետազոտության արդյունքում առաջանում են կեղծ դրական կամ կեղծ բացասական արդյունքներ։ Կեղծ դրական տվյալը (բարձր PSA և քաղցկեղի բացակայություն) առաջացնում են լարվածություն թե՛ հիվանդի և թե՛ նրա ընտանիքի համար։ Իսկ այսպիսի հիվանդներին լրացուցիչ ու հաճախակի շագանակագեղձի պունկցիոն բիոփսիա կատարելը կարող է բերել մի շարք բարդությունների, ինչպիսիք են` ցավը, արյունամիզությունը և բորբոքումը։ Իսկ կեղծ բացասական պատասխանները (ցածր PSA և քաղցկեղի առկայություն) նույնպես ուշադրության արժանի են, քանի որ այս պարագայում վրիպում է քաղցկեղի վաղ ախտորոշումը։

 

PSA-ն նույնպես շատ կարևոր գործիք է շագանակագեղձի արմատական հեռացումից հետո ուռուցքային հիվանդության հսկողության առումով։ Հետևաբար, նրա բարձր ցուցանիշը կարող է ուռուցքի կրկնության նշան լինել։ Նա նույնպես հակաքաղցկեղային դեղորայքային բուժման հաջողության կամ ձախողության ցուցանիշ է։

 

Ամփոփ խորհուրդներ

 

  • 45-50 տարեկան տղամարդկանց խորհուրդ է տրվում տարին մեկ անգամ դիմել ուրոլոգիական խորհրդատվության։

  • Ուրոլոգի ցուցումով կատարել PSA հետազոտություն, ուղիղ աղիքային մատնային քննություն, սոնոգրաֆիա, անհրաժեշտության դեպքում` ուղիղաղիքային սոնոգրաֆիա։

  • Հսկողություն սահմանել հատկապես ռիսկային հիվանդների նկատմամբ, ում հարազատները (հայր, հօրեղբայր, եղբայր) ունեցել են շագանակագեղձի քաղցկեղ։

  • Չուրախանալ ցածր PSA-ի կամ տխրել՝ բարձր PSA-ի դեպքում։

  • Ուրոլոգի կողմից PSA և հետազոտության այլ մեթոդների համատեղ կիրառումն ու ճիշտ վերլուծությունը, ինչպես նաև ժամանակին շագանակագեղձի բիոփսիայի կատարումը կարևոր է շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։

Ռաֆֆի Հ․ Ջանեցյան, ուրոլոգ