Գիշերային աշխատանքը եռապատկում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու վտանգը

2019/10/25

Տղամարդիկ, որոնք աշխատում են գիշերները, մոտ երեք անգամ ավելի հաճախ են «շագանակագեղձի քաղցկեղի» ախտորոշում ստանում, քան նրանք, որոնք աշխատում են ցերեկը, գրում է The Telegraph-ը` հղում կատարելով Կանադայի Քվեբեկի համալսարանի հետազոտությանը...:

Գիշերային աշխատողների մոտ ավելի բարձր է նաև քաղցկեղի այլ տարատեսակների վտանգը, ներառյալ մարսողական համակարգի, միզապարկի և թոքերի:

Եվ այսպես, գիշերային աշխատանքը բերում է նրան, որ ճնշվում է մելատոնինի բնականոն արտազատումը։ Դա մի հորմոն է, որը արտադրվում է ուղեղի կոնաձև մարմնի կողմից: Այդ հորմոնը օգնում է արթուն և քնած ռեժիմների կարգավորմանը: Եթե այդ խաթարումը շարունակվում է արդեն մոտ 10 տարի, ապա սկսվում են իրական և լուրջ խնդիրները:

Գիտնականները դա ապացուցել են հետազոտելով 3137 տղամարդկանց վիճակը, որոնց մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Որպես վերահսկողական խումբ հանդես են եկել 500 առողջ տղամարդիկ:

Պարզվել է, որ առաջին խմբում անհամեմատ շատ են գիշերային ժամերին աշխատողները: Ընդհանուր առմամբ, գիշերային հերթափոխները եռապատկում են շագանակագեղձի քաղցկեղի վտանգը և կրկնապատկում աղեստամոքսային տրակտի քաղցկեղի վտանգը: Նաև 76% -ով բարձրանում է թոքերի քաղցկեղի վտանգը և 70%-ով` միզապարկինը: