Տղամարդկանց մոտ տեստոստերոնի ցածր մակարդակը բարձրացնում է մահացության ռիսկը

2020/01/13

Այսպիսի միտում է նկատվում պսակային անբավարարությամբ տղամարդկանց մոտ: Գերմանիայի անոթային բժշկության միության նախագահ պրոֆեսոր Քուրթ Դիմը (Curt Diehm) ներկայացրել է այնպիսի հետազոտության տվյալներ, որոնք ցույց են տալիս տղամարդկանց մոտ արյան մեջ տեստոստերոնի մակարդակի և մահացության միջև հակադարձ կապը: Վերլուծվել են պսակային անբավարարությամբ 930 տղամարդու տվյալներ, ովքեր 2000-2002 թթ. անցել են կոնտրաստ նյութով ռենտգեն հետազոտություն: Հաջորդ 7 տարիների ընթացքում հաշվի են առնվել մահվան դեպքերը, և ստուգվել է հորմոնի մակարդակի հետ նրանց հարաբերակցությունը:
 
Տեստոստերոնի ցածր մակարդակի դեպքում (տեստոստերոնի կենսամատչելիությունը` 2,6 նմոլ/լ-ից ցածր կամ ընդհանուր տեստոստերոնի մակարդակը` 8,1 նմոլ/լ-ից ցածր) մահացությունը մոտավորապես երկու անգամ բարձր է (21%) հորմոնի նորմալ մակարդակ ունեցող տղամարդկանց համեմատ (12%):

Տղամարդկանց արյան մեջ տեստոստերոնի մակարդակը որոշելու համար անհրաժեշտ է առավոտյան ժամը 8:00-10:00 վերցված արյան փորձանմուշում իրականացնել երկու անկախ չափումներ: Համաձայն միջազգային ընդունված սկզբունքների՝ նորմայի ստորին սահմանը համապատասխանում է 12 նմոլ/լ-ին: 8նմոլ/լ մակարդակի դեպքում անհրաժեշտ է բուժվել: