Անկողնում խնդիրները կապված են սրտի հետ. էրեկտիլ դիսֆունկցիա և ինֆարկտ
Էրեկտիլ դիսֆունկցիան (ԷԴ) կարող է սիրտ-անոթային հիվանդության, ինֆարկտի և ինսուլտի նախանշան լինել: Անկողնում պարբերաբար ձախողող տղամարդիկ պետք է սրտաբանի մոտ բազմակողմանի հետազոտություն անցնեն: Այդպիսիք են ՛՛Անոթային բժշկություն՛՛ պարբերականում հրապարակված հետազոտության արդյունքները: Ամերիկացի գիտնականների կարծիքով էրեկտիլ դիսֆունկցիայով տղամարդկանց մոտ սովորաբար հայտնաբերվում են սիրտ-անոթային հիվանդության այլ վաղ մարկերներ: Հիշեցնենք, որ ԷԴ-ն սահմանվում է որպես լիարժեք սեռական հարաբերության համար էրեկցիայի հասնելու և այն պահպանելու անկարողություն: Մոտավոր հաշվարկներով, երկրագնդի 10 տղամարդուց 1-ի մոտ նկատվում է պոտենցիայի խնդիր, 75 տարեկանից հետո՝ 4 տղամարդուց 3-ի մոտ:
Էրեկտիլ դիսֆունկցիայի վերաբերյալ հետաքրքիր փաստեր.
- ԷԴ-ով տառապում է շաքարային դիաբետով տղամարդկանց մոտ 50%-ը,
- օրական մեկ տուփ ծխախոտը կրկնապատկում է սեռական հարաբերության խնդիր ունենալու ռիսկը,
- ավելի քան 20 մլն. մարդ պարբերաբար ընդունում է վիագրա,
- աշխարհում բոլոր ամուսնալուծությունների 20%-ի պատճառը համարվում է իմպոտենտությունը,
- էրեկտիլ դիսֆունկցիայով տղամարդկանց միայն 30%-ն է դիմում օգնության,
- էրեկտիլ դիսֆունկցիայի պատճառների 15%-ը հոգեբանական է:
Զարմանալի չէ, որ ԷԴ-ը բացասաբար է ազդում տղամարդկանց հոգեհուզական վիճակի վրա. ցածր ինքնագնահատական, տագնապ, դեպրեսիա: Անկողնում անկարողությունը, որպես կանոն, ուղեկցվում է կյանքի որակի սարսափելի իջեցմամբ:
Սակայն բժիշկներն ավելի հաճախ են պոտենցիան դիտարկում որպես անոթների առողջության ցուցանիշ:
Հետազոտությունները վկայում են, որ էրեկտիլ դիսֆունկցիայով տղամարդիկ ունեն սիրտ-անոթային հիվանդությունների (ՍԱՀ) զարգացման ռիսկ: Այս հասկացության տակ գիտնականները ենթադրում են պսակային զարկերակներն ախտահարող ցանկացած ախտաբանություն:
Ճիշտ է, մինչև վերջերս էրեկտիլ դիսֆունկցիայի և ՍԱՀ–ի առանց բնորոշ ախտանիշների ընթացող ենթակլինիկական ձևերի միջև կապը անհասկանալի էր: ԱՄՆ-ի Մայամի-Դեյդ նահանգի սրտաբան Չուկվուեմեկա Օսոնդուն (Chukwuemeka Osondu) գրում է, «Մասնավորապես անհասկանալի էր, թե ենթակլինիկական ՍԱՀ-ի որ մարկերներն են շատ կամ քիչ կապված էրեկտիլ դիսֆունկցիայի հետ»:
Առաջին հերթին վնասվում է անոթների էնդոթելը
Բժիշկ Օսոնդուի խումբն իրականացրել է 28 հետազոտության համակարգային դիտարկում և մետաանալիզ, որոնցում ուսումնասիրվել է էրեկտիլ դիսֆունկցիայի և սրտային հիվանդությունների վաղ ախտանիշների միջև եղած կապը:
Գլխավոր բացահայտումն այն էր, որ տղամարդկանց սեռական կյանքի խնդիրները հաճախ վկայում էին անոթների էնդոթելի (ներքին շերտի) վատ վիճակի մասին: Դա աթերոսկլերոզի առաջին նշանն է: Բացի այդ, հետազոտողները հայտնաբերեցին, որ ԷԴ-ն զուգակցվում է կարոտիդային ինտիմայի միջին հաստության աճով, որը նույնպես հանդիսանում է աթերոսկլերոզի վաղ ախտանիշ:
«Մեր արդյունքներն անփոփոխ մնացին նույնիսկ երբ վերլուծության մեջ ներառվեցին տարիքը, հետազոտության մեթոդաբանությունը, ԷԴ-ի գնահատման եղանակները և հրապարակման ժամանակահատվածը»,-նշում են հեղինակները:
Այլ կերպ ասած առաջինը վնասվում են անոթները: Սեռական կյանքի խնդիրները կարող են ահազանգել արյունատար զարկերակներում վաղ փոփոխությունների մասին, որոնք արդեն վաղը կամ էլ մի քանի տարի հետո կդրսևորվեն ինֆարկտի, ինսուլտի կամ այլ լուրջ բարդության ձևով:
Էրեկտիլ դիսֆունկցիան ինֆարկտի ռիսկի գործոն է և հետազոտման նպատակով բժշկին դիմելու լուրջ առիթ: