Իմպոտենցիայից խուսափելու 8 խորհուրդ

2019/11/11

Իմպոտենցիան, էրեկցիայի հասնելու կամ էլ պահելու անկարողությունը լինում է 2 տեսակ` ֆիզիոլոգիական  և հոգեբանական:  50 և ավելի տարիքում տղամարդկանց մոտ դիսֆունկցիայի 90%-ի պատճառը հոգեբանական է:

Յուրաքանչյուր 5-րդ տղամարդը բախվում է այս խնդրին, սակայն բավական է փոքր- ինչ փոխել կյանքի ոճը, որպեսզի շտկվի իրավիճակը: Իմպոտենցիայի պատճառը կարող է շաքարային դիաբետը լինել կամ սրտանոթային հիվանդությունները: Անոթների վատ վիճակը կարող է խանգարել արյան հոսքը առնանդամ, ինչը  հասուն (50 և ավելի) տարիքի մարդկանց իմպոտենցիայի հիմնական պատճառ է  դառնում:

Ահա թե ինչ խորհուրդներ են տալիս FOXNews-ի փորձագետները:

1. Հետևեք սննդին: Առողջ ու հավասարակշռված, խոլեստերինի ցածր մակարդակով սննդակարգերն օգնում են կանխելու անոթների խցանումն  ու խուսափելու իմպոտենցիայից:

2.  Զբաղվեք սպորտով. դա ևս նպաստում է արյան նորմալ շրջանառությանը: Հարկավոր է պարբերաբար լողով զբաղվել:

3.  Հետևեք  արյան ճնշմանը: Եթե այն բարձր է, ապա հարկավոր է համապատասխան բուժում ստանալ: Դա կօգնի խուսափելու նաև աթերոսկլերոզից, ինչը ևս հանգեցնում  է իմպոտենցիայի:

4. Կրճատեք տոքսինների կիրառումը: Օրինական ու անօրինական խթանիչները, հանգստացնող ու հակահիստամինային միջոցները. այս բոլորն ազդում են պոտենցիայի վրա: Հարկավոր է թողնել ծխելն ու ալկոհոլի օգտագործումը, բացառել թմրանյութերը կամ ստերոիդները: Չի կարելի նաև սննդային հավելումներ օգտագործել:

5. Վերանայեք ձեր կիրառած դեղորայքը: Որոշ դեղամիջոցներ, հատկապես` հակադեպրեսանտները, միզամուղները, խոլեստերինի մակարդակը նվազեցնող միջոցները, հակաբորբոքային դեղամիջոցներն ազդում են սեքսուալ ֆունկցիայի վրա:

6. Քնեք: Առողջությունը և  քունը հոմանիշներ են: Քնի բացակայությունը նյարդային գրգռվածության  և քրոնիկ հոգնածության ու, հետևաբար, պոտենցիայի խանգարման կարող է հանգեցնել:

7. Համոզվեք, որ հոգեբանական խնդիրներ չկան: Իմպոտենցիան լրիվ կարող է հոգեբանական խնդիրների հետևանք լինել, հատկապես` երիտասարդ տղամարդկանց մոտ: Ճնշումը, լարվածությունը, դեպրեսիան, չկայացած լինելու զգացումը, վախերը, երբեմնի սեքսուալ բռնությունը կարող են ազդել անկողնային վարքի վրա:

8. Պարբերաբար վերլուծեք ձեր հարաբերությունները: Առաջացած խնդիրներն ազդում են  սեքսի որակի վրա: Եթե զույգերի հարաբերություններում ամեն ինչ չէ, որ կարգին է, դա կարող է բացասաբար անդրադառնալ ինտիմ կյանքի վրա: Չարժե վախենալ, մասնագետը, հոգեբանը կամ սեքսաբանը կարող են օգտակար լինել: