Կինը եւ սթրեսը (Woman and stress)

2017/06/30

Սթրեսը մեծ ազդեցություն ունի տղամարդու եւ կնոջ ընդհանրապես` կյանքի եւ մասնավորապես` սեռական հարաբերության վրա: Մեծ է ազդեցությունը հատկապես աշխատող եւ երեխաներ խնամող կանանց վրա: Կնոջ պատասխանատվությունը երեխաների դաստիարակության առումով մեծ ջանքեր է պահանջում: Հետեւաբար, սթրեսի եւ գերհոգնածության պայմաններում կնոջ հետաքրքրությունը սեռական կյանքի նկատմամբ ինքնըստինքյան պակասում է, դժվարանում են կնոջ գրգռվածությունն ու օրգազմը՝ նույնիսկ ցանկության առկայության պայմաններում, եւ բերում կանանց սեռական դիսֆունկցիայի առաջացմանը: Այս պատճառով ամուսնական կյանքում առաջանում են դժվարություններ, որոնք կարող են ունենալ անցանկալի հետեւանքներ:

 

Հետևաբար, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շարք խնդիրների վրա, որոնք ազդում են կնոջ սեռական կյանքի վրա: Լարվածությունը, ուժասպառությունը, դեպրեսիան, թերսնուցումը, թուլանալու (relax) անկարողությունը, ծխախոտամոլությունը եւ ալկոհոլի չարաշահումը սեռական կյանքի վրա ազդող գործոններ են: Կինը պետք է խուսափի վնասակար գործոններից եւ ուշադրություն դարձնի մի շարք հանգամանքների վրա:

 

Նախ, պետք է առաջնություն տալ զուգընկերոջ հետ հարաբերություններին. ամուսնու հետ զրուցել, ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք հոգեկան եւ մարմնական մերձեցման կնպաստեն: Այս իմաստով մտերմիկ ամուսնական համատեղ կայնքում սեքսը կլինի կնոջ՝ սթրեսից ազատվելու լավագույն միջոց: Ամուսնու հետ զրուցելով տարբեր հուզող հարցերի ու խնդիրների շուրջ՝ պետք է ճշտել սթրեսի պատճառն ու փորձել միջոցներ ձեռնարկել մեղմացնելու այն:

 

Այսպես, օրինակ, տնային որոշ պարտականությունների բաժանում, տղամարդու ակտիվ մասնակցություն երեխաների դաստիարակությանը եւ այլն: Վերջապես, անհրաժեշտ է, որ կինը շաբաթական գոնե մի քանի ժամ ձերբազատվի առօրյա հոգսերից ու տրվի սիրելի զբաղմունքի (մարզանք, ընթերցանություն, թատրոն և այլն), որպեսզի հաղթահարի սթրեսը ու դրանով իսկ պահպանի երջանիկ ամուսնական կյանքը: