Առատ հեղուկի ընդունումը կարող է կանխել միզուղիների բորբոքումը

2018/11/09

Միզուղիների բորբոքմանը հակված կանայք կարող են նվազեցնել համապատասխան հիվանդությունների զարգացման ռիսկը, եթե օրական խմեն նորմայից ավելի 1,5 լիտր  ջուր: Այսպիսի եզրակացության են եկել Մայամիի համալսարանի գիտնականները:  Հետազոտության արդյունքները ներկայացվել են Վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման միության կայքում (IDSA):

Կանանց  40-60%-ը կյանքի ընթացքում առնվազն  մեկ անգամ հիվանդանում է միզուղիների բորբոքումով, իսկ յուրաքանչյուր չորրորդի մոտ այն կրում է կրկնվող բնույթ: Տարեկան այդպիսի խնդրով ավելի քան 10 միլիոն հիվանդ է դիմում բժշկի: Շատ մասնագետներ նախկինում էլ էին խորհուրդ տալիս ավելացնել ջրի օգտագործումը, սակայն մինչև հիմա գիտնականները չունեին այս միջոցի արդյունավետությունը հաստատող տվյալներ: Քանի որ կանանց մոտ միզուկն ավելի կարճ է, քան տղամարդկանց մոտ, այդ պատճառով մանրէները հեշտությամբ են թափանցում միզապարկ: Մեծ քանակով ջրի օգտագործումը բերում է հաճախակի միզարձակման,  ինչը նշանակում է, որ մանրէները լվացվում են միզապարկից՝ չհասցնելով զգալի չափով կուտակվել: Բորբոքման հակում ունեցող կանանց նոր մոտեցումը կօգնի կանխարգելումն իրականացնել առանց դեղերի:   

Հետազոտությանը մասնակցել են նախադաշտանադադարի շրջանում գտնվող 140 առողջ կին, որոնք վերջին տարվա ընթացքում առնվազն երեք անգամ հիվանդացել էին միզուղիների վարակով և օգտագործել ոչ մեծ քանակությամբ ջուր: Նրանց կեսը (70 կամավոր) ստուգողական խմբում էր, և չփոխեցին օրական օգտագործվող ջրի քանակը, իսկ մյուս մասնակիցները սկսեցին խմել սովորական 1,5 լիտր ավելի քանակով ջուր: Պարզվեց, որ ստուգողական խմբի կանանց մոտ ընթացիկ տարվա ընթացքում ախտորոշվել է միջինը 3,1 վարակ, նույն ժամանակում փորձարարական խմբում այդ թիվը հավասար էր 1,6, ինչը վկայում է հիվանդացության 48%-ով նվազելու մասին: Հակաբիոտիկների  ընդունումը` ստուգողական խմբի համեմատ (3,5), համապատասխանաբար իջավ մինչև 1,8, տարբերությունը կազմեց` 47%: Օգտագործվող հակաբիոտիկների քիչ քանակը կարող է նվազեցել նաև դրանց նկատմամբ ռեզիստենտականության զարգացման ռիսկը: Կանանց վիճակին բժիշկները հետևում էին թերապևտիկ ընդունելությունների և հեռախոսազանգերի միջոցով: Երկրորդ խմբի կանայք ջրի ընդունումը միջին հաշվով ավելացրեցին 1,15 լիտրով, արդյունքում օրական ծավալը դարձավ 2,8 լիտր: Ստուգողական խմբի կանայք օրական խմում էին 1,2 լիտր ջուր:

Ինչպես ցույց  տվեց հետազոտությունը, միզուղիների բորբոքման հակում ունեցող կանայք հիվանդանալու հաճախականությունը կարող են կիսով չափ նվազեցնել օրական օգտագործվող ջրի նորման 1,5 լիտրով ավելացնելու միջոցով:

Կանխարգելման այս մեթոդը թույլ է տալիս խուսափել հակաբիոտիկների ավելորդ օգտագործումից: Բացի այդ, մեծ քանակությամբ ջուր օգտագործելը դրական է ազդում նաև օրգանիզմի այլ համակարգերի վրա: