Սերմաբշտի բորբոքում (Vesiculitis)
Վեզիկուլիտը սերմնաբշտերի բորբոքումն է: Սերմնաբշտերի բորբոքման պատճառ կարող է լինել թարախային վարակը (գոնոկոկ, աղիքային ցուպիկ, ստաֆիլոկոկ և այլն):
Սովորաբար, վեզիկուլիտն առաջանում է քրոնիկական պրոստատիտով հիվանդների մոտ: Դրանից զատ, այս հիվանդությունը բավականին հաճախ զարգանում է նաև միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող (պրոստատիտ, ուրեթրիտ, օրխիտ, էպիդիդիմիտ և այլն) տղամարդկանց մոտ: Լինում են դեպքեր, երբ վեզիկուլիտի առաջացման պատճառն ընդհանուր վարակային հիվանդություններն են, ինչպիսիք են գրիպը, անգինան:
Առաջացման պատճառները
Վեզիկուլիտի առաջացման պատճառները կարելի է դասել ըստ գործոնների.
- նստակյաց կյանքը և քիչ շարժուն կենսակերպը,
- սխալ սննդակարգը, որը հաճախակի բերում է փորկապությունների,
- օրգանիզմի գերսառեցումը, և, որպես հետևանք, իմուն համակարգի ընկճումը,
- երկարատև սեռական ձեռնպահությունը աամ սեռական գերակտիվությունը,
- քրոնիկական բորբոքային հիվանդությունների առկայությունը:
Եթե վեզիկուլիտն առաջանում է միզասեռական համակարգի հիվանդության բարդացման հետևանքով, դա նշանակում է, որ վարակը սերմնաբշտերի մեջ հայտնվել է սերմնատար խողովակով: Այլ դեպքերում վարակը կարող է սերմնաբշտեր անցնել հեմատոգեն ճանապարհով (արյան միջոցով);
Տարբերում են սուր և քրոնիկական վեզիկուլիտ:
Սուր վեզիկուլիտ
Սուր վեզիկուլիտի ախտանշաններն են.
- բարձր ջերմությունը,
- սարսուռը,
- գլխացավը,
- աճուկային շրջանում ցավերը,
- ցավեր ուղիղ աղիքի շրջանում,
- ցավեր որովայնի ստորին հատվածում՝ մեկ կամ երկու կողմից:
- սերմնաժայթքման ժամանակ նույնպես հնարավոր են ցավային զգացողություններ՝ հաճախ արյան խառնուրդով ուղեկցվող:
Վեզիկուլիտի ախտորոշումը
Վեզիկուլիտի կասկածի դեպքում մասնագետներն անհրաժեշտ լաբորատոր հետազոտություններ են իրականացնում: Մեզի և սերմնաբշտերի հեղուկի մեջ մեծ քանակությամբ լեյկոցիտներ և էրիթրոցիտներ են հայտնաբերվում: Իրականացվում է նաև ուլտրաձայնային հետազոտություն, որը հայտնաբերում է մեծացած սերմնաբշտերը:
Սուր վեզիկուլիտի բուժումը
Սուր վեզիկուլիտի բուժումն սկսում են ազդեցության լայն սպեկտրի հակաբիոտիկներով, ցավազրկողներով, երբեմն` լուծողականներով: Մարմնի ջերմության կարգավորումից հետո հիվանդին նախապատրաստում են ֆիզիոթերապևտիկ միջոցառումների: Նշանակվում են տաք լոգանքներ, շեքին դրվում են տաք ջեռակներ, իրականացվում են տաք միկրոհոգնաներ: Պետք չէ ինքնաբուժմամբ զբաղվել կամ հենվել ծանոթների խորհուրդների, հանրային հրապարակումների վրա: Միայն մասնագետը կարող է հստակ ախտորոշել և համապատասխան բուժում նշանակել: