Ո՞րոնք են շագանակագեղձի վրա ազդող ամենավնասակար ուտելիքները
Ամենօրյա սննդակարգը կարող է մեծ ազդեցույուն ունենալ մեծացած շագանակագեղձի վրա։ Կան մի շարք ուտելիքներ, որոնք կարող են գրգռել միզուղիները և առաջացնել միզուղիների բորբոքման ախտանիշների սրացում։
Կարմիր միս։
Կարմիր միսը օրգանիզմում բարձրացնում է թթվայնության մակարդակը, ինչը նպաստում է շագանակագեղձի բորբոքական գործընթացներին, և ցանկալի չէ մեծացած շագանակագեղձի դեպքում։ Ոչ յուղոտ միսը և ձուկը կարող են փոխարինել կարմիր մսին՝ շագանագագեղձի բորբոքվածության ֆոնը նվազեցնելու համար։
Թռչնամթերք (միս և ձու)
2006թ. ուրոլոգիական ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թռչնամթերքի օգտագործումը հանգեցնում է շագանակագեղձի ախտանիշների սրացմանը։ Ձվի դեղնուցը բարձր թթվայնություն ունի, ինչը բարձրացնում է բորբոքվածության մակարդակը։ Այսպիսով, շագանակագեղձի հետ կապված խնդիրներ ունենալու դեպքում հարկ է հնարավորին խուսափել այս մթերքներից։
Ալկոհոլ
Ալկիհոլային խմիչքներ չօգտագործելը խրախուսելի է, քանի որ այն վատ է անդրադառնում միզապարկի և շագանակագեղձի վրա` առաջացնելով հաճախամիզություն։ Սակայն ալկոհոլի չափավոր օգտագործումը կարող է պակասեցնել շագանակագեղձի բարորակ գերաճի ռիսկը։
Կոֆեին
Թեյի և սուրճի ընդունման սահմանափակումը մեր ամենօրյա սննդակարգում բարելավում է միզուղիների առողջությունը։ Կոֆեինն ունի միզամուղ ազդեցություն, հետևաբար, սրացնում է տղամարդու ստորին միզուղիների ախտանիշները։ Մեծացած շագանակագեղձով տղամարդկանց մոտ հանդիպում է միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողությունը։ Հետևաբար, ուշ ժամերին թեյ և սուրճ խմելը կարող է անհանգստություն առաջացնել միզապարկի շրջանում։ Փորձեք օգտագործել երիցուկի կամ կանաչ թեյ, որոնք ունեն հակաբորբոքային և հակաօքսիդանտ ազդեցություն։ Ջրի գործածումը կարևոր է շագանակագեղձի համար, սակայն նախքան քնելը նվազագույնը երկու ժամ ցանկալի չէ մեծ քանակի ջուր օգտագործել։
Արագ սնունդ և շաքար
Արագ սնունդը և վերամշակված շաքարն օրգանիզմում բարձրացնում են բորբոքական ֆոնը։ Հետևաբար, շատ կարևոր է ուշադրություն դարձնել առողջ սննդակարգին, ինչն էլ կպակասեցնի բոլոր հնարավոր առողջական խնդիրները` կապված շագանակագեղձի հետ։
Կաթնամթերք
Քիչ ճարպեր օգտագործելը պրակտիկ միջոց է շագանակագեղձի ախտանիշները պակասեցնելու համար։ Դրան հակառակ, կաթնամթերքը պարունակում է մեծ քանակությամբ խտացված ճարպեր, ինչը կարող է է՛լ ավելի վատացնել բորբոքված շագանակագեղձի վիճակը։ Նպատակահարմար է կաթնամթերքը փոխարինել սոյայով։
Կծու սնունդ
Կարին, չիլի պղպեղը, կծու սոուսերը ուտելիքը դարձնում են առավել համեղ և հաճելի, սակայն շագանակագեղձի խնդիրներ ունեցող տղամարդիկ պետք է զգուշանան կծու ուտելիքից։ Հակառակ դեպքում շագանակագեղձի գերաճը կամ բորբոքային ախտանիշները կարող են առավել արտահայտված բնույթ կրել։