Գինեկոմաստիա
Գինեկոմաստիան դա կրծքագեղձի (կամ կրծքագեղձերի) մեծացումն է տղամարդկանց մոտ: Կրծքագեղձի մեծացման չափերը տարբեր են` 1-10 սմ, միջինը` 4սմ: Գինեկոմաստիան հանդիպում է 50-70% առողջ դեռահասների, 40%` հասուն տարիքի տղամարդկանց, և մինչև 60-70%`տարեցների մոտ:
Էսթրոգեններն (էստրադիոլ) ու անդրոգենները (տեստոստերոն) կրծքագեղձերի վրա ունեն տարբեր ազդեցություններ: Էսթրոգեններն ունեն կաթնագեղձերի ծորանների պրոլիֆերացիան խթանող, իսկ անդրոգենները` ընկճող ազդեցություն: Գինեկոմաստիան շատ հաճախ կապված է էսթրոգենների բարձր մակարդակի, տեստոստերոնի ցածր մակարդակի կամ ծայրամասային հյուսվածքներում անդրոգենից էսթրոգեն արագ փոխանակման հետ: Սակայն գինեկոմաստիայի պատճառ կարող են լինել նաև ԳԿՍՀ մակարդակի կամ կառուցվածքի փոփոխությումը և անդրոգենային ընկալիչների դեֆեկտը:
Դասակարգումը
Իսկական գինեկոմաստիա
Կրծքի մեծացումը կատարվում է ի հաշիվ գեղձային հյուսվածքի: Պտուկի տակ շոշափվում է պինդ գոյացություն, իսկ գերձայնային հետազոտությամբ երևում է գեղձը:
Կեղծ գինեկոմաստիա կամ լիպոմաստիա
Կուրծքը մեծանում է ի հաշիվ ճարպային հյուսվածքի: Այս ձևը հիմնականում դիտվում է ճարպակալումով տառապող տղամարդկանց մոտ:
Խառը գինեկոմաստիա
Իսկական և կեղծ գինեկոմաստիայի համակցում` ճարպային կամ գեղձային հյուսվածքի գերակշռմամբ:
Մեկ կրծքագեղձի մեծացում:
Երկկողմանի գինեկոմաստիա
Երկու կրծքագեղձերի մեծացում:
Ֆիզիոլոգիական գինեկոմաստիա
- Նորածնային գինեկոմաստիա: Ծննդաբերությունից հետո, երբ նորածին տղայի օրգանիզմում դեռևս առկա է մոր էսթրոգենների որոշակի քանակ, որը և բերում է կրծքագեղձերի ուռչեցմանը: Դա անհետանում է առաջին կես տարվա ընթացքում:
- Սեռահասուն շրջանի գինեկոմաստիա: Սեռական հասունացման շրջանում կտրուկ աճում է տղամարդու սեռական հորմոնների (անդրոգեններ) մակարդակը, սակայն այն ամբողջությամբ չի յուրացվում: Անդրոգենների մի մասը ենթարկվում է արոմատիզացիայի` առաջացնելով մեծ քանակությամբ էսթրոգեններ (կանանց հորմոններ), որոնք բերում են կրծքագեղձերի մեծացմանը:
- Մեծահասակների գինեկոմաստիա: Ի հայտ է գալիս տղամարդու մոտ տարիքի հետ` անդրոգենների քանակի պակասի և էսթրոգենների քանակի ավելացման հետևանքով:
Պատճառները
- Կլայնֆելտերի համախտանիշ
- Տեստիկուլյար ֆեմինիզացիա
- Հիպոթիրեոզ
- Կաստրացիա (ամորձիների հեռացում)
- Խորիոկարցինոմա
- Հիպոֆիզի և մակերիկամի ուռուցքներ
- Բրոնխների քաղցկեղ
- Լյարդի և երիկամների հիվանդություններ
- Ալկոհոլի չարաշահում
- Շաքարային դիաբետ
- Ճարպակալում
- Գարեջրի չարաշահում (այն պարունակում է ֆիտոէսթրոգեններ)
- Նարկոտիկներ (հաշիշ, հերոին և ալն)
- Դեղորայքի կողմնակի ազդեցություն (միզամուղներ, անաբոլիկ ստերոիդներ, հակադեպրեսանտներ, հորմոններ և այլն)
Կլինիկական պատկերը
- Կրծքի (կաթնագեղձի) շրջանում ծանրություն և անհանգստացնող զգացում:
- Գինեկոմաստիայի տևական բնույթը մեծացնում է կրծքագեղձի ուռուցքի հավանականությունը:
- Եթե պտուկից առկա է արյունային արտադրություն, կաթնագեղձի պնդացում, երբեմն մաշկի գույնի փոփոխություն, ապա հարկավոր է այն դիֆերանցել կրծքագեղձի քաղցկեղի հետ:
Ախտորոշում և տարբերակիչ ախտորոշում
- Օբկեյտիվ քննություն: Կրծքագեղձերը շոշափելիս նկատվում է խիտ, էլաստիկ և շարժուն գոյացություն` հստակ կոնտուրներով, անցավ: Ռեգիոնար ավշահանգույցները մեծացած չեն
- Ուլտրաձայնային հետազոտություն
- Մամոգրաֆիա (երբեմն)
- Գանգի և կրծքավանդակի ռենտգենաբանական հետազատություն
- Հորմոնալ պրոֆիլի հետազոտություն (էսթրոգեն, տեստոստերոն, պրոլակտին, մակերիկամի հորմոններ և այլն)
- Լյարդի ֆունկցիայի հետազոտություն
- Կաթնագեղձի ուռուցքի բացառման համար կատարվում է տվյալ գոյացության պունկցիա և հետագա բջջաբանական հետազոտություն:
Բուժում
Գինեկոմաստիայի ֆիզիոլոգիական ձևերը հիմնականում անհետանում են ինքնաբերաբար և չեն պահանջում դեղորայքային բուժում: Երբեմն դեռահասների մոտ էսթրոգենների բարձր կոնցենտրացիան ճնշելու համար կարող են նշանակվել հորմոնային պատրաստուկներ: Որոշ դեղորայքի կողմակի ազդեցությամբ պայմանավորված գինեկոմաստիան անհետանում է դրանք ընդհատելուց հետո:
Վիրահատական բուժման ցուցումներն են.
- կրծքագեղձի մեծ ծավալը,
- գինեկոմաստիայի տևողությունը (մեկ տարի և ավելի),
- կոնսերվատիվ բուժման անարդյունավետություն,
- կոսմետիկ նպատակով:
Հիշեցում
Գինեկոմաստիայի ախտորոշման և վարման համար կարևոր է էնդոկրինոլոգի, ուրոլոգի, մամալոգի և գեղձային վիրաբուժի խորհրդատվություններն ու համագործակցությունը:
Գրետա Մուրադյան , էնդոկրինոլոգ
Հայ-ամերիկյան առողջության կենտրոն