Ինչպե՞ս պետք է բժիշկը հաղորդակցվի հիվանդի հետ

2017/06/30

Բժշկի եւ հիվանդի արդյունավետ հաղորդակցությունը կարեւոր դեր է խաղում կլինիկական աշխատանքում: Հասարակության մեջ մի շարք գանգատներ կան բժշկի հետ հաղորդակցության դժվարությունների առնչությամբ: Հիվանդների մեծ մասը չի տեղեկանում իր հիվանդության բնույթի, պատճառների, բարդությունների եւ բուժման ընթացքի մասին: Հիվանդի մտահոգությունն ու անհանգստությունը հիվանդության եւ բուժման ընթացքում գրեթե չեն վերանում:Մինչդեռ հիվանդին հասկանալն ու լսելը կարող են մեղմացնել նրա անհանգստությունը: Հիվանդը, տեղեկանալով իր հիվանդության մանրամասներին, դուրս է գալիս իր պարփակված, երբեմն նույնիսկ՝ իր հիվանդության մասին սխալ պատկերացումների նեղ շրջանակից ու ավելի հանգիստ է վերաբերում իր հիվանդագին վիճակին: Երբ հիվանդը բժշկի այցից հետո չի տեղեկանում իր հիվանդության մասին, նրա անհանգստությունն ավելանում է: Հիվանդի ակտիվ մասնակցությունը բժշկական խորհրդատվությանը՝ նաեւ բարերար ազդեցություն ունի հիվանդի հետագա ապաքինման վրա:

 

Մշակված է հատուկ մոտեցում հիվանդ-բժիշկ լավ հաղորդակցության համար, որի հիմքում հետեւյալ սկզբունքներն են:

 

  1. Ընկալել հիվանդի գանգատները, անհանգստություններն ու պատկերացումները հիվանդության մասին:
  2. Հիվանդին տեղեկացնել իր հիվանդության եւ բուժման որոշ մանրամասնների մասին:
  3. Հիվանդին եւ նրա հարազատներին աջակցել հոգեբանորեն՝ հաղթահարելու այն վախը, մտահոգությունն ու դժվարին ապրումները, որոնք առաջացել են հիվանդության պատճառով:

 

Այս բոլորին կարելի է հասնել լավ հաղորդակցության շնորհիվ: