Առնանդամի սադափագույն պապուլաներ

2020/03/10

Առնանդամի սադափագույն պապուլաները (Pearly penile papules) բաղկացած են առնանդամի գլխիկը գոտևորող ինքնատիպ «մանյակաշար» ոչ մեծ հանգույցներից: Այս ֆիզիոլոգիական առանձնահատկությունը համարվում է նորմա և առկա է տղամարդկանց 30%-ի մոտ, որը ոչ մի կերպ չի անդրադառնում առողջության վրա, չի փոխանցվում սեռական ճանապարհով և որևէ ցավային զգացողություն չի առաջացնում։

Այս երևույթի միակ թերությունն էսթետիկ կողմն է։ Շատերի համար մարգարտաձև պապուլաների առկայությունն էսթետիկ տեսանկյունից  անցանկալի է։ Առաջին սեռական հարաբերության ժամանակ զուգընկերուհին կարող է այդ  «բշտիկները» որպես որևէ հիվանդության դրսևորում ընկալել։ Տվյալ երևույթը բացատրելու անհրաժեշտությունը շատերին անհարմարավետություն է պատճառում և կարող է ինտիմ հարաբերություններում լուրջ խնդիր առաջացնել։ Հենց այդ պատճառով տղամարդկանց մեծ մասը, ում մոտ կան մարգարտաձև պապուլաներ, ցանկանում են դրանցից ազատվել։

Pearly penile papules. առաջացման պատճառները

Բժշկությանը վերջնականորեն հայտնի չեն մարգարտաձև պապուլաների առաջացման պատճառները։ Սակայն, որոշ գիտնականներ կարծում են, որ այդ երևույթը գեղձերի կողմից սմեգմայի արտադրության ուժեղացման և օրգանիզմում անդրոգենների բարձր մակարդակի հետևանք է։ Այդ պատճառով շատ դեպքերում առնանդամի սադափագույն օղն առաջանում է սեռական հասունացման շրջանում և անհետանում է վերջինիս ավարտից հետո, այսինքն, երբ տղամարդը դառնում է 24-25 տարեկան։ Անդրոգենների բարձր մակարդակի պահպանման դեպքում այն կարող է մնալ նաև հասուն տարիքում։

Մարգարտաշար պապուլների բուժումը

Գոյություն ունի սադափագույն պապուլներից ձերբազատման մի քանի եղանակ.

•    ածխածնային դիօքսիդով լազերային կոագուլյացիա,
•    արտաքերում` էլեկտրական կոագուլյացիայի օգնությամբ,
•    կրիոթերապիա` հեղուկ ազոտով։