Ալկոհոլային նեֆրոպաթիա (Alcoholic nephropathy)

2018/10/09

Ալկոհոլային նեֆրոպաթիան երիկամների բորբոքային բնույթի քրոնիկական ախտահարումն է, որի հիմքում օրգանիզմի վրա էթիլ սպիրտի և նրա նյութափոխանակության արգասիքների ազդեցությամբ առաջացած աուտոիմուն մեխանիզմներն են:

 

Ալկոհոլային նեֆրոպաթիան հայտնի է նաև որպես լյարդային գլոմերուլոպաթիա, ալկոհոլային քրոնիկական գլոմերուլոնեֆրիտ (ԱՔԳՆ) կամ ալկոհոլային IgA-նեֆրիտ: Հոմանիշներն արտացոլում են հիվանդության ախտածագման հիմնական փուլերը՝ ընդգրկելով այլ օրգանների ներգրավվածությունը (լյարդի) և A դասի իմունոգլոբուլինների մասնակցությամբ երիկամների ախտահարման աուտոիմուն մեխանիզմը: ԱՔԳՆ-ի տարածվածությունն ուղիղ կապի մեջ է մոլորակի տարբեր շրջաններում սպիրտ պարունակող մթերքների օգտագործման մակարդակի հետ: Հստակ վիճակագրական տվյալներ չկան՝ պայմանավորված դիմելիության համեմատաբար ցածր մակարդակով (պատճառը նաև երկարատև անախտանիշ ընթացքն է): Այս հիվանդների հաշվառումը բարդացնում է նաև այն , որ ալկոհոլային նեֆրոպաթիան հաճախ ընդամենը «ալկոհոլային հիվանդության» ախտանշային համալիրի մաս է:


Ալկոհոլային նեֆրոպաթիայի պատճառները


 Գոյություն ունեն ԱՔԳՆ զարգացման մի քանի հիմնական տեսություններ, որոնցից որևէ մեկի օգտին հավաստի և միանշանակ տվյալներ դեռևս չկան: Միասնական տեսության բացակայությունը պայմանավորված է ալկոհոլային նեֆրոպաթիայի տարատեսակ կլինիկական և ձևաբանական դրսևորումներով, որոնց հիման վրա ենթադրվում է, որ գոյություն ունեն միզային համակարգն ախտահարող մի քանի մեխանիզմներ: Տվյալ վիճակի զարգացման առավել հավանական տեսություններ են.

 

  • իմունաբանական պատճառներ,
  • վարակային պատճառներ,
  • համակարգային պատճառներ:


Ժամանակակից հետազոտողները հակված են այն մտքին, որ ԱՔԳՆ զարգացումն ունի բազմագործոնային բնույթ` վերը թվարկված բոլոր գործընթացներն այս կամ այն աստիճանով մասնակցում են ախտածագմանը: Անհայտ է ժառանգական նախատրամադրվածության դերը, թեև այդ մասին է վկայում հիվանդության անհատական առանձնահատկությունների լայն սպեկտորի առկայությունը:


Դասակարգումը


Տարբերում են ալկոհոլային նեֆրոպաթիայի մի քանի ձև, որոնց դասակարգումը պայմանավորված է կլինիկական ընթացքով, ուղեկցող հիվանդությունների առկայությամբ կամ բացակայությամբ: Նմանատիպ ախտածագման մեխանիզմների և կլինիկական դրսևորումների պատճառով որոշ տեսակներ կարելի է շփոթել երկրորդային նեֆրոպաթիայի այլ տեսակների հետ: ԱՔԳՆ տարբերակիչ առանձնահատկությունն օրգանիզմի բոլոր ախտաբանական փոփոխությունների, երիկամների գործունեության ուղղակի կամ անուղղակի վատթարացման առաջնային պատճառ` ալկոհոլի չարաշահումն է:

 

Տարբերում են հիվանդության հետևյալ տեսակները.

 

  • Գաղտնի (լատենտ) ձև: Ամենատարածված տեսակն է և դժվար է ախտորոշվում՝ սուբյեկտիվ ախտանիշների գրեթե բացակայության պատճառով: Առաջանում է ո՛չ միայն մշտապես սպիրտային խմիչք օգտագործող մարդկանց մոտ, այլ նաև որոշակի պարբերականությամբ ընդունողների մոտ (շաբաթական 1-2 անգամ): Բնորոշ է սրացումը` ալկոհոլի վերջին ընդունումից անմիջապես հետո:
  • Գերճնշումային ձև: Համեմատաբար քիչ է հանդիպում, հիմնականում դիտվում է ալկոհոլիզմով, ճարպակալմամբ տառապող և զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց մոտ:
  • Նեֆրոտիկ ձև: Քրոնիկական ալկոհոլային նեֆրոպաթիայի չափազանց հազվադեպ հանդիպող և առավել ծանր ընթացքով ձևն է: Ուղեկցվում է պրոգրեսիվող դիֆուզ գլոմերուլոնեֆրիտով՝ արագ բերելով երիկամների քրոնիկական անբավարարության (ԵՔԱ) առաջացման:


Ալկոհոլային նեֆրոպաթիայի ախտանիշները


Հիմնականում հիվանդությունն ընթանում է գրեթե անախտանիշ, ախտաբանությունը հայտնաբերվում է պատահաբար այլ առիթով կատարվող լաբորատոր հետազոտությունների ժամանակ: Սա հատկապես բնորոշ է թաքնված ձևին, երբեմն անախտանիշ ընթացքը կարող է տևել տարիներ: Էթանոլի ընդունումից 1-3 օր հետո առաջացող սրացումները կարող են դրսևորվել միայն մեզի ծավալի նվազեցման գանգատներով (օլիգուրիա) և խիստ հազվադեպ ՝ գոտկատեղի շրջանի թույլ ձգող ցավերով: Երկարատև ընթացքի դեպքում դրսևորվում են ալկոհոլային հիվանդության նշանները՝ ափերի կարմրություն (էրիթեմա), տղամարդկանց մոտ` գինեկոմաստիա, ենթաստամոքսային գեղձի և լյարդի ախտահարման նշաններ (ցավեր թուլակողում և որովայնի շրջանում, դեղնախտ):


Ալկոհոլային նեֆրոպաթիայի գերճնշումային տարբերակը զարգացման սկզբնական շրջանում նույնպես բնութագրվում է թույլ արտահայտված երիկամային ախտանիշներով: Հիվանդը գանգատվում է գլխացավից, դեմքի արյունալեցումից, սրտի շրջանում տհաճ զգացումից և արյան ճնշման բարձրացման այլ հետևանքներից: Հաճախ հիվանդության այս տեսակն ուղեկցվում է ճարպակալմամբ:
Բուժման բացակայության և էթիլ սպիրտի շարունակական ընդունման դեպքում ալկոհոլային նեֆրոպաթիան անխուսափելիորեն բերում է ԵՔԱ (երիկամների քրոնիկական անբավարարության) առաջացման: Վերջինիս նշաններն են հոգնածությունը, տրամադրության անկումը, գլխացավը, որոնք ուժեղանում են էթիլ սպիրտի ընդունումից հետո: Այնուհետև բնորոշ է բերանից ամոնիակի հոտի առկայությունը, ուժեղ ծարավի զգացումը, փսխումը, մաշկի չորությունը, լորձաթաղանթների բորբոքումը: Մեզի քանակը կտրուկ նվազում է, քրտնագեղձերի կողմից արտադրվող միզանյութի պատճառով մաշկի մակերևույթին սպիտակավուն փառ է գոյանում:


Ախտորոշումը

Ալկոհոլային նեֆրոպաթիայի ախտորոշման նպատակով իրականացվում են ֆիզիկական զննում, մի շարք լաբորատոր և գործիքային հետազոտություններ: Անհրաժեշտ է երիկամաբանի (նեֆրոլոգի) խորհրդատվություն, երբեմն կարող է ներգրավվել նարկոլոգը: Սովորաբար, ԱՔԳՆ ախտորոշման ալգորիթմն ընդգրկում է հետևյալ փուլերը.

 

  • Հարցում և անամնեզի հավաքում:
  • Ֆիզիկական զննում: Առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ալկոհոլիզմի արտաերիկամային նշաններին՝ ափերի կարմրությանը, մաշկի մգանալուն, լյարդի չափերի մեծացմանը, տղամարդկանց մոտ` գինեկոմաստիային: Մի շարք դեպքերում հայտնաբերվում է ճնշման բարձրացում, ճարպակալում: ԵՔԱ և ուրեմիայի (միզարյունություն) զարգազման մասին են վկայում բերանից ամոնիակի հոտը, քրտինքից «միզային» տհաճ հոտը, մաշկի չորությունը և վերջինիս վրա սպիտակ փառի առկայությունը:
  • Լաբորատոր հետազոտություններ: Դրանք են՝ մեզի ընդանուր, արյան կենսաքիմիական հետազոտությունները, երիկամների ֆունկցիոնալ թեստերը:
  • Ուլտրաձայնային ախտորոշում:


Հազվադեպ, վիճելի դեպքերում կատարում են լյարդի և երիկամների բիոփսիա՝ այդ օրգանների հյուսվածքաբանական ուսումնասիրության նպատակով:


Ալկոհոլային նեֆրոպաթիայի բուժումը


Ալկոհոլային խմիչքների ընդունումն ամբողջովին արգելելը գլխավոր և հիմնական նշանակումն է: Միայն սպիրտային խմիչքից հրաժարվելու դեպքում ալկոհոլային նեֆրոպաթիայի լատենտ ընթացող հիվանդների կեսից ավելիի մոտ նկատվում է մեզի լաբորատոր ցուցանիշերի կայուն բարելավում և գրեթե լիովին ռեմիսիա:


Այս հրահանգը չկատարելու դեպքում, նույնիսկ այլ խորհուրդներին հետևելը և բուժական միջոցառումներ կիրառելը ընդամենը որոշ չափով են դանդաղեցնում վիճակի խորացումը: Բարձիթող ԱՔԳՆ և ուղեկցվող հիվանդությունների առկայության դեպքում, բացի սպիրտային խմիչքների ընդունումն արգելելը, նշանակում են նաև մի շարք օժանդակ բուժական միջոցներ.

 

  • հակագերճնշումային բուժում,
  • նյութափոխանակության կարգավորում:
  • հակաբորբոքային բուժում:

 

Կանխատեսում և կանխարգելում

Ալկոհոլի ընդունման արգելքին խստիվ հետևելու և ախտաբանական վիճակի վաղ հայտնաբերման դեպքում ալկոհոլային նեֆրոպաթիայի կանխատեսումը գրեթե միշտ բարենպաստ է, արտազատող համակարգի ֆունկցիաները համարյա ամբողջ ծավալով վերականգնվում են: Սպիրտ պարունակող մթերքների չարաշահման հետևանքով ծագած ուղեկցվող խանգարումների առկայության դեպքում ախտաբանության ելքը պայմանավորված է իրականացվող որակյալ բուժմամբ:

 

Աղբյուր: krasotaimedicina.ru