Երիկամաքարային խիթ (Renal Colic)

2017/07/03

Երիկամաքարային խիթն ուրոլոգիական շտապ դեպքերի մեծ տոկոսն է կազմում: Այս հիվանդությունը հասուն տարիքի մարդկանց մոտ (30-50 տարեկան) առավել հաճախ է հանդիպում, քան` երեխաների,իսկ տղամարդկանց մոտ երեք անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան` կանանց: Ըստ վիճակագրական տվյալների, երիկամաքարային հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է զարգացող երկրներում:

 

Թեև գիտության զարգացմանը զուգընթաց բազմաթիվ նվաճումներ են արձանագրվել, որոնք նաեւ օգնել են այս բնագավառում քարերի բուժման ու կանխարգելման նոր մեթոդների ներդրմանը, սակայն այս խնդիրը դեռեւս հրատապ է: Քարերի առաջացումը մեծ մասամբ կապված է մեզի մեջ աղերի գերհագեցվածության եւ բյուրեղացման հետ: Նաեւ մեծ դեր ունեն ժառանգականությունը, տարիքը, սեռը, միզուղիների ինֆեկցիաները, սնունդը եւ մետաբոլիկ խանգարումները:

 

Երիկամի քար (kidney-երիկամ, ureter-միզածորան, bladder-միզապարկի)

 

Կան համր քարեր, որոնք մեզի արտահոսքի խանգարում չեն առաջացնում, հետեւաբար՝ անախտանիշ են ընթանում: Դրանք կամ ինքնաբերաբար տեղաշարժվում են երիկամից դեպի արտաքին աշխարհ կամ, մնալով երիկամում, ավելի են մեծանում` առաջացնելով բորբոքում, արյունամիզություն եւ երիկամի վնասում, պատճառելով ցավեր:

 

Երիկամային խիթի ախտանիշներն են՝ սուր ցավեր գոտկային շրջանում, սրտխառնոց եւ փսխում, արյունամիզություն, բորբոքման առկայության պարագայում` նաեւ ջերմություն:

 

Ռենտգենյան եւ սոնոգրաֆիկ հետազոտությունները մեծ դեր ունեն քարերի ախտորոշման գործընթացում:

 

Միզաքարային հիվանդությունների բուժման մեթոդները տարբեր են. քարերի հեռակա հարվածային փշրում, էնդոսկոպիկ եւ վիրահատական հեռացում, դեղորայքային բուժում: