Միզապարկի խուղակ

2018/06/15

Ի՞նչ է տեղի ունենում, երբ միզապարկի  և այլ օրգանների կամ մաշկի միջև ախտաբանական կապ է առաջանում: Ստորև բերված տեղեկատվությունը կօգնի Ձեզ լուծել տվյալ խնդիրը մինչև լուրջ բարդությունների առաջացումը:


Ի՞նչ է միզապարկի խուղակը:


Միզապարկի խուղակը  միզապարկի և այլ օրգանների կամ մաշկի միջև առաջացած ախտաբանական կապն է: Սովորաբար, խուղակը կապված է լինում աղիքի կամ հեշտոցի հետ:  Բավականին հազվադեպ, սակայն հնարավոր է խուղակի առաջացում միզապարկի վնասվածքից կամ նախորդող վիրահատական բուժումից հետո:. Միզապարկ-հեշտոցային խուղակը հաճախ առաջանում է ուրոլոգիական կամ գինեկոլոգիական վիրահատություններից հետո, գինեկոլոգիական ուռուցքների ժամանակ:

Աղիքի հետ խուղակը, սովորաբար, առաջանում է աղիքի բորբոքային հիվանդությունների արդյունքում, ինչպիսիք են Կրոնի հիվանդությունը կամ դիվերտիկուլիտը: Աղիքային խուղակների մոտավորապես 20%-ը կապված է աղիքի քաղցկեղի հետ, հազվադեպ` միզապարկի ախտաբանության հետ:


Հեշտոցի և աղիքի խուղակները կարող են առաջանալ նախորդող ճառագայթային բուժման արդյունքում:


Միզապարկի խուղակի ախտանիշները


Խուղակի ախտանիշները միզուղիների հաճախակի վարակներն են:


Ինչպե՞ս է ախտորոշվում միզապարկի խուղակը:


Միզապարկի խուղակն ախտորոշվում է կոնտրաստային ռենտգեն հետազոտության ժամանակ` ուրոգրաֆինի օգնությամբ: Կոնտրաստ նյութը ներմուծվում է հիվանդի օրգանիզմ, ապա հեռանում միզուղիներով և գրանցվում ռենտգեն-պատկերի վրա: Հետազոտությունը ճառագայթաբանին հնարավորություն է տալիս ուսումնասիրել միզապարկի և միզուղիների կառուցվածքն ու ֆունկցիան:


Ինչպե՞ս է բուժվում միզապարկի խուղակը:


Սովորաբար, միզապարկի խուղակի դեպքում անհրաժեշտ է մասնակի հեռացնել:  Եթե այն առաջացել է աղիների քաղցկեղի կամ բորբոքային հիվանդության հետևանքով, ապա խուղակի վիրահատական հեռացումը, սովորաբար, իրականացվում է հիմնական հիվանդության բուժման հետ համատեղ:


Ի՞նչ է տեղի ունենում միզապարկի խուղակի բուժումից հետո:


Վիրահատական բուժման հաջողությունն անմիջականորեն պայմանավորված է առաջնային հիվանդության լիարժեք բուժման հնարավորությամբ և առողջ հյուսվածքների առկայությամբ, որոնց օգնությամբ պետք է իրականացվի խուղակի փակումը:


Իդեալական կլինի, եթե միզապարկի և մյուս օրգանների միջև առկա լինեն լավ արյունամատակարարմամբ առողջ հյուսվածքներ: Եթե հյուսվածքներն ախտահարված են քաղցկեղով կամ ճառագայթմամբ, բավականին դժվար է լավ արդյունք ստանալ: Հնարավոր է կարիք լինի վիրահատությունից հետո մի քանի շաբաթ միզապարկի մեջ կաթետր տեղադրել: