Գոտկային ցավ (flank pain)

2018/07/30

Գոտկացավերի պատճառները բազմազան են։ Սակայն կարելի է այն բաժանել հիմնական 3 պատճառի։

 

  1. Երիկամաքարային հիվանդություն,
  2. Միզուղիների բորբոքումներ,
  3. Հենաշարժական կամ մկանանյարդային պատճառներ։


Ցավը երիկամաքարային հիվանդության առաջին ախտանիշն է։ Այն հիմնականում հանդիպում է գոտկային շրջանում և ունի հանկարծակի սկիզբ ու ալիքաձև ընթացք։ Ցավային ախտանշանն ուղեկցվում է դիզուրիկ երևույթներով, արյունամիզությամբ և սրտխառնոցով։


Միզուղիների բորբոքման դեպքում ցավային ախտանիշը նույնպես առաջնային է։ Մեջքի վերին հատվածում ցավեր հանդիպում են երիկամի բորբոքումների՝ սուր պիելոնեֆրիտի, իսկ ստորին հատվածում՝ միզապարկի կամ շագանակագեղձի բորբոքումների ժամանակ։ Միզուղիների բորբոքումները հաճախ ուղեկցվում են ցավոտ, հաճախակի միզարձակությամբ, երբեմն նաև բարձր ջերմությամբ և դողով։ Վերջին ախտանիշները բնորոշ են բարդացած բորբոքումներին։

 

Գոտկային ցավի այլ պատտճառներից են մկանային ցավերը, որոնք կարող են կապված լինել ծանրություն բարձրացնելու կամ ֆիզիկական լարվածության հետ։ Նման դեպքերում տեղային տաքացնող կամ հակաբորբոքային քսուկների օգտագործումն ունի հակացավային ազդեցություն։ Կողերի շրջանում ցավերը հանդիպում են հատկապես 11-12-րդ կողերի կոտրվածքների կամ վնասումների ժամանակ և ուղեկցվում են ներշնչելիս` ցավերի ուժգնացմամբ։ Նյարդային ցավերը պայմանավորված են նյարդարմատների ճնշմամբ կամ վնասմամբ, հանդիպում են կող-ողնաշարային միացման հատվածում։ Այս պարագայում ցավերն ուժգնանում են շարժումների ժամանակ։ Այլ պատճառներից են հերպես զոստերը, որն արտահայտվում է նյարդերի ուղղությամբ այրող բնույթի ցավերով և որին հաջորդում է մաշկի ախտահարումը։ Նմանատիպ ցավեր կարող են առաջանալ նաև լևրիտների ժամանակ ։

 

Վերջապես, գոտկացավը շատ կարևոր է ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման գործընթացում։ Ուշադրության արժանի է հատկապես միզածորանի խցանման ախտորոշումը, քանի որ դրան կարող է հաջորդել երիկամի անդարձելի ախտահարում, ինչն ուղիղ կապ ունի միզուղիների խցանման տևողությունից, ինֆեկցիայի առկայությունից, կոնտրալատերալ երիկամի ֆունկցիայից, հիվանդի տարիքից և ուղեկցող հիվանդություններից (շաքարային դիաբետ)։ Յուրաքանչյուր  արտահայտված գոտկային ցավ պարտադիր չէ, որ երիկամային ծագում ունենա, սակայն հարկ է լսել, վերլուծել, հետազոտել՝ պարզելու իրական ծագումը և, հաջորդիվ, բարձրացնելու բուժման արդյունավետությունը։


Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ