Միզակապություն. պատճառները և բուժումը

2018/06/20

Միզակապությունը ախտաբանական վիճակ է, որի դեպքում միզարձակումից հետո միզապարկում մնում է ավելի քան 20մլ մեզ:  Հիմնական սուբյեկտիվ ախտանիշը միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացողությունն է: Որպես կանոն, այս խանգարումն ունի քրոնիկական ձև, զարգանում է աստիճանաբար և բնութագրվում է վատթարացման հստակ հակումով՝ մնացորդային մեզի քանակը մշտապես ավելանում է: Որոշ ժամանակ հետո կարող է լիովին միզակապություն առաջանալ, երբ միզարձակումը ամբողջովին ընդհատվում է:


Միզակապությունն ունի իր պատճառները.

 

  • կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություններ, գլխուղեղի և ողնուղեղի  վնասվածքներ և ուռուցքներ,
  • տղամարդկանց մոտ` շագանակագեղձի քաղցկեղ, սկլերոզ, գերաճ, բորբոքում,
  • միզասեռական համակարգի վնասվածքներ,
  • միզատար խողովակի լուսանցքի նեղացում (ստրիկտուրաներ), միզատար խողովակի ուռուցքներ և արատներ,
  • քարեր միզապարկում,
  • փոքր կոնքի օրգանների վիրահատություններ, տրավմատիկ ծննդաբերություններ, աբորտներ և այլն:


Քրոնիկական միզակապության ֆոնին կարող է սուր միզակապություն զարգանալ: Այն հանկարծակի է առաջանում: Այս դեպքում հիվանդն ընդհանրապես չի կարողանում միզել, ի հայտ են գալիս այնպիսի ախտանիշներ, ինչպիսիք են`  ցավը որովայնի ստորին հատվածում, ընդհանուր թուլությունը, երբեմն մարմնի ջերմության բարձրացումը, սրտխառնոցը, փսխումը:

 

Միզակապությունը հետևանք է.

 

  • վնասվածքների,
  • նյարդային համակարգի հիվանդությունների և վնասվածքների,
  • միզուկում քարերի և օտար մարմինների առկայության,
  • սթրեսների,
  • ալկոհոլային արբեցման,
  • փոքր կոնքի օրգանների և շեքի վիրահատությունների,
  • դեղորայքային թունավորման,
  • երկարատև պառկած վիճակում մնալու:


Փաստ: Օրական արտազատվող մեզի քանակը տատանվում է 1-2 լ, որը համապատասխանում է ընդունած հեղուկի քանակի 60-75%-ին: Օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները դուրս բերելու համար մեզի քանակը պետք է լինի առնվազն 500 մլ: Այդ պատճառով մարդուն անհրաժեշտ է օրական ընդունել նվազագույնը 800 մլ հեղուկ:


Վաղ շրջանում հայտնաբերված միզակապության պատճառները ենթակա են բուժման: Այդ պատճառով հիվանդների առաջնային խնդիրն է  չդիմանալ և ժամանակին դիմել բժշկի:


Ախտորոշումն սկսվում է հիվանդի զննումից, նրա անամնեզի և գանգատների մանրամասն ուսումնասիրումից: Լրացուցիչ կարող են նշանակվել արյան և մեզի ընդհանուր քննություններ, ուլտրաձայնային հետազոտություն: Կարևորը` խանգարման պատճառը հայտնաբերելն է: Հենց այդ պատճառի վերացումը միզակապության բուժումն է, որը կարող է լինել վիրահատական կամ դեղորայքային՝ պայմանավորված հիմնական խնդրով: