Հակաբեղմնավորիչների դրական և բացասական կողմերը

2019/12/09

Հակաբեմնավորումը անցանկալի հղիությունից պաշտպանությունն է: Հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդները բազմազան են: Հակաբեղմնաբորման միջոցները բաժանվում են երկու խմբի` կանանց և տղամարդկանց: Կանանց հակաբեղմնավորման միջոցները անհամեմատ ավելի շատ են: Հակաբեղմնավորիչների անմիջական ընտրությունը տեղի է ունենում կնոջ և բժշկի կողմից, ով հաշվարկում է ինչպես հակացուցումները, այնպես էլ կողմնակի ազդեցությունները:

1. Ֆիզիոլոգիական հակաբեղմնավորում: Այս խմբում դասվում են լակտացիոն ամենորեայի, օրացույցային և ջերմաստիճանային մեթոդները: Լակտացիոն ամենորեայի մեթոդի հիմքն այն է, որ քանի դեռ կինը կրծքով է կերակրում իր մոտ արտադրվում է պրոլակտին, որը ճնշում է   ձվարանների կողմից հորմոնների սինթեզը և հետևաբար նաև` ձվազատումը: Օրացույցային մեթոդի հիմքը «վնտագավոր և անվտանգ» օրերի հաշվարկումն է: Այս մեթոդը ավելի հարմար է կանոնավոր ցիկլ ունեցող կանանց, այդ իսկ պատճառով այդքան էլ վստահելի հակաբեղմնավորման միջոց չէ: Ինչ վերաբերում է ջերմաստիճանային մեթոդին, ապա այն նման է նախորդ տարբերակին, սակայն ձվազատման օրը որոշվում է մարմնի ջերմաստիճանի` մինչև 37 և ավել բարձրանալու օրով:

Այս մեթոդի թերությունը ամեն օր մարմնի ջերմաստիճանը չափելու անհրաժեշտությունն է, որը պետք է իրականացնել, հստակ կանոններով, ինչը միշտ չէ, որ հարմար է:

2. Մեխանիկական հակաբեղմնավորում: Այսպիսի հակաբեղմնավորման մեթոդների շարքում է հեշտոցային դիաֆրագման, արգանդի վզիկի կափարիչը, կանացի պահպանակը` ֆեմիդոմը: Հեշտոցային դիաֆրագման իրենից ներկայացնում է ռետինե կափարիչ, որը տեղադրվում է հեշտոցում անմիջապես սեռական ակտից առաջ և այդ կերպ խոչընդոտում է մեղմնավորումը: Արգանդի վզիկի կափարիչն էլ իր հերթին պատրաստված է լատեքսից կամ սիլիկոնից և դիաֆրագմայի պես սեռական հարաբերությունից առաջ տեղադրվում է հեշտոցի ներսում:

Կանացի պահպանակի մասին խոսելիս նշենք, որ այն ևս օգտագործվում է հեշտոցում տեղադրելու եղանակով, կարող է օգտագործվել մի քանի անգամ: Մեխանիկական հակաբեղմնավորման առավելությունը անվտանգությունն է, կողմակի էֆեկտների ազդեցության բացակայությունը, սեռական վարակներից պատշպանությունը, կարևոր է նաև այն հանգամանքը, որ գրեթե բացակայում են հակացուցումները և բժշկի խորհրդատվության կարիք չկա:  Բացասական կողմն այն  է, որ պետք է օգտագործել անմիջապես սեռական հարաբերությունից առաջ, հնարավոր են նաև ալերգիկ ռեակցիաներ:

3. Ներարգանդային հակաբեղմնավորում: Այս պարագայում շատ է օգտագործվում ներարգանդային պարույրը, որը բացասական կողմերից են`
ցիկլի խանգարումը և դաշտանացավերի առաջացումը, չի բացառվում նաև ներարգանդային հակաբեղմնավորման ֆոնին հղիությունը: Նշենք դրական կողմերը` օգտագործման երկար ժամկետը (մինչև 5 տարի), լավ ընտրության և ճիշտ տեղադրման դեպքում որևէ կերպ չի խորընդոտում կնոջ բնականոն կյանքը:

4. Հորմոնալ հակաբեղմնավորում: Այս մեթոդի շարքին են դասվում մինի համբերը, որոնք օգտագործվում են 28 օր շարունակ առանց դադարի, օրալ հակաբեղմնավոիչները, որոնք իրենցից ներկայացնում են հորմոնալ հաբեր, և պարունակում են ինչպես պրոգեստերոն, այնպես էլ էստրոգեն, ընդունվում են երեք շաբաթ շարունակ: Պետք է այս շարքում նշել նաև երկարացված ազդեցության հակաբեղմնավորիչները: Այս տիպի հակամեղմնավորման թերությունն այն է, որ կան մի շարք հակացուցումներ, կողմակի ազդեցություններ, չեն պաշտպանում սեռավարակներից: Առավելությունների շարքում է բարձր արդյունավետությունը և ցիկլի կարգավորումը:

5. Քիմիական հակաբեղմնավորում: Այս մեթոդի մեջ են մտնում որոշ դեղամիջոցներ, օրինակ`  սպերմիցիդները, որոնք տեղային ազդեցություն ունեն, թողարկվում են գելերի, քսուքների տեսքով: Դրական կողմերից է սեռավարակների ապահովությունը և օգտագործման պարզությունը: Բացասական կողմերից է արդյունավետության սահմանափակ ժամանակահատվածը և անմիջապես սեքսից առաջ օգտագործելու անհրաժեշտությունը:

6. Կանանց ստերջացում: Այս միջոցը ենթադրում է ֆալոպյան փողերի կապում: Այս դեպքում առկա է հարյուրտոկոսանոց ապահովություն, ինչը մեթոդի դրական կողմն է, իսկ բացասական  կողմը հետագայում բեղմնավորում անհնարինությունը: