Սեռական հեղափոխություն (Sexual revolution)

2017/07/03

Մարդ արարածն ունի իր ցանկությունները, երազները, վախերն ու հավատալիքները, որոնք տարբեր են յուրաքանչյուր հասարակության համար: Նույնը վերաբերում է նաև սեռական ընկալումներին և վարքագծին: Կյանքի ընթացքում մարդկանց սեռական կարողություններն ունենում են տարբեր դրսեվորումներ: Ազատ հասարակություններում դրանք ամբողջությամբ կարող են դրսեւորվել, իսկ փակ հասարակություններում մնում են մասամբ կամ ամբողջությամբ անիրականանալի:

 

Սեռական դաստիարակությունը նմանեցնում են լեզվի ուսուցման հետ: Ինչպես երեխաները լույս աշխարհ են գալիս խոսալու բնատուր կարողությամբ և հետագայում ձեռք են բերում այդ հասարակության կամ ազգի լեզվով խոսելու կարողությունը, նմանապես մանուկները սովորում են տվյալ հասարակության «սեռական լեզուն»: Երբ հասարակությունն ունի լավ ծնողներ, ապա այդ «լեզվի» ուսուցումը ճիշտ հիմքերի վրա է լինում:

 

Համեմատելով վերոնշյալը սեռական վարքի հետ, պարզ է դառնում, որ երեխաները այդ վարքն իրենց ծնողներից ձեռք են բերում հասարակության համար ընդունելի նորմերի շրջանակում` արական և իգական սեռերն` առանձին բնորոշ գծերով: Եթե երեխաներն ունեն հանդուրժող և գիտակ ծնողներ, ապա նրանց սեռական կարողությունները կարող են դրսեւորվել և զարգանալ, իսկ սխալ կրթությունը նրանց մեջ սերմանում է ամաչկոտության, բարդույթի, վախի և մեղքի զգացողություն: Հետևաբար, ոմանց համար սեքսը ագրեսիայի դրսեւորում է, մյուսների համար`սիրո:

 

Ինչպես մարդկային լեզուն, այնպես էլ «սեռական լեզուն» արտացոլում է տվյալ ազգի կամ հասարակության փիլիսոփայությունն ու պատկերացումները: Սեռական վարքն, ընդհանուր առմամբ, արտացոլում է տվյալ հասարակության արժեհամակարգը: Այսպես, ազատական և բաց հասարակություններում սեքսը դիտում են որպես հաճույքի և սիրո զգացողության միջոց, իսկ ճնշված և խստաբարո հասարակություններում` որպես արգելվածի ու վախի զգացողություն: Հետևաբար, կարևոր է պարզել, թե ինչպե՞ս են ընդունում տղամարդն ու կինը իրենց հասարակության սեռական չափանիշները, ի՞նչն է կազմում այդ չափանիշի հիմքը և ո՞րն է սեքսի նշանակությունը:

 

Շատ հասարակությունների համար սեքսի նշանակությունը բխում է կրոնական հավատալիքներից: Կան հասարակություններ, որոնք ունեն ազատ սեռական պատկերացումներ, ուրախ ու բավարարված են իրենց սեռական կյանքում: Ամեն մի հասարակության համար ընդունելի են սեռական նորմեր, որոնք կարգավորվում են օրենքով, սովորույթներով, կրոնական արժեքներով և դրանք կոչված են լուծելու այդ հասարակության խնդիրներն ու իղձերը: Սեռական վարքի փոփոխություններն ազդում են կյանքի այլ որորտների վրա: Հետևաբար, ինչպե՞ս պետք է փոփոխել սեռական արժեքները կամ կատարել սեռական հեղափոխություն, եթե այն բերելու է երեխաների սեռական դաստիարակության և հասարակության սովորույթների կտրուկ փոփոխությանը, խառնաշփոթի առաջացմանը, ամուսնությունների և ընտանիքի մոդելի փոփոխությանը: Սակայն, միաժամանակ, պետք է ընդունել, որ չկան մշտական անփոփոխ սեռական նորմեր: Հետևաբար, հարց է առաջանում, թե արդյո՞ք պետք է փոխել մեր սեռական մոտեցումները: Իհարկե` ոչ: Նախ, արագ և արմատական փոփոխություններն անհնարին են, այնուհետև, նույնիսկ նրանց կիրառումը ոչ թե լուծում է առկա սեռական կամ սոցիալական խնդիրներն, այլ ավելացնում և բարդացնում է այն: Չպետք է պարտադրել նոր մոտեցումներ, այլ պետք է գիտակցաբար մերժել հին ոչ պիտանի արժեքներն ու ընդունել ցանկալի նորարարություններ: Որոշ արժեքներ օբյեկտիվ եւ առողջարար են մի հասարակության, իսկ անհեթեթ կամ վնասակար մեկ այլ հասարակության համար:

 

Արևմտյան հասարակություններում` քաղաքական և տնտեսական ազատականացման հետ միասին, զարգացել է սեռական ազատությունը: Առաջացել է նաև սեռական ազատականացման միտում ոչ արևմտյան հասարակություններում, ինչպիսին է մեր հասարակությունը: Միտում է նկատվում անտեսելու նախապաշարումներն ու ավանդական մոտեցումները, հաղթահարելու վախը, ձեռքբերելու տեղեկություն և գիտելիքներ, հասնելու սեռական հավասարության: Իսկ այս բոլորը մեկ խոսքով կարելի է անվանել սեռական հեղափոխություն:

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ