Տրանսվեստիզմ (Transvestism)

2017/07/03

Այժմ տրանսվեստիզմը շատերին ծանոթ թեմա է, որի շուրջ գրեթե միշտ քննարկումները չեն դադարում։ Իսկ որո՞նք են այս երևույթի հոգեբանական կողմերը:

 

Եվ այսպես, տրանսվեստիտներից ոմանք նախընտրում են կրել կանացի հագուստ միայն տանը, սակայն ոմանք հաճույք են ստանում կանացի հագուստով մարդկանց առջև երևալուց: Նրանցից շատերը հետերոսեքսուալ տղամարդիկ են, ովքեր ունեն ընտանիք, և առօրյա կյանքում գրեթե անհնար է նրանց տարբերել սովորական տղամարդկանցից:

 

Հարց է առաջանում, արդյո՞ք տրանսվեստիտները նախընտրում են խոսել այս երևույթի մասին իրենց ընտանիքի անդամների կամ ընկերների հետ։

 

Խոսե՞լ, թե` ոչ

 

Բոլորը չէ, որ պատրաստ են ընդունել նման նորությունը։ Այս մարդկանցից շատերը հուսահատվում են իրենց «հակումները» թաքցնելու անհրաժեշտությունից: Սա է պատճառը, որ որոշ տրանսվեստիտներ ստիպված են գաղտնի պահել իրենց նախընտրությունները, իսկ երբեմն էլ այսպիսի գաղտնիությունը հանգեցնում է շատ հանկարծակի և չմտածված խոստովանությունների: Սեփական տրանսսեքսուալության մասին խոստովանությունը չափազանց բարդ որոշում է, որին գնալու համար պետք է շրջապատի օգնությունն ու անհատական համարձակությունը:

 

Ինչպե՞ս է առաջանում տղամարդու մոտ կնոջ հագուստ կրելու հակումը: Որպես կանոն, տրանսվեստիզմն արտահայտվում է մանուկ կամ պատանեկան տարիքից: Շատ տրանսվեստիտներ նշել են, որ մանկական տարիքում իրենց պատժել են նման հակումների համար: Սակայն հայտնի են դեպքեր, երբ տրանսվեստիտ հայրը նման զգեցտափոխմանը սովորեցրել է նաև իր վեցամյա որդուն, իսկ իրեն իր հերթին սովորեցրել էր իր հայրը:

 

Տրանսվեստիտն ու իր զուգընկերը

 

Հասուն տարիքում տրանսվեստիտներից շատերը զգեստափոխվում են միայն տանը, սակայն որոշները ամբողջ օրն անցկացնում են իրենց սովորական առօրյա հագուստի տակից կանացի ներքնագեստ կրելով: Դժվար է հավատալ, սակայն որոշ կանայք, լավ իմանալով իրենց ամուսնու հակումների մասին, անգամ օգնում են վերջիններիս կանացի կերպար ստեղծելու հարցում և նմանատիպ հարաբերություններում կիրք ու հետաքրքրություն են գտնում:

 

Այնուամենայնիվ, ընտանիքների մեծ մասում կանայք չեն ընդունում այս երևույթը, շատերը կարծում են, որ տրանսվեստիզմը սեքսուալ շեղում է, և ստիպում են ամուսիններին բժշկական օգնության դիմել կամ ուղղակի ընտրում են բաժանության ճանապարհը: Կան նաև կանայք, ովքեր հաշտվում են այս մտքի հետ, սակայն այդպես էլ չեն ընդունում: Հաճախ կինը չի կարողանում հասկանալ իր ամուսնու տարօրինակ հակումները և մշտական վախ ունի, որ երեխաները ևս կիմանան այս մասին: Երբեմն կինն ընդունում է, որ ամուսնու` կանացի հագուստ կրելու հանգամանքը որևէ մեկին չի վնասում, իսկ իրենց զգացմունքները դրանից չեն տուժում։ Հետևաբար, նա ուղղակի ընդունում է ամուսնուն `ինչպիսին կա:

 

Չնայած նրան, որ տղամարդ տրանսվեստիտների մեծ մասը հետերոսեքսուալ են և ընտանիք ունեն` նրանցից շատերը նախընտրում են հասարակական վայրեր այցելել կանացի հագուստով: Նրանք ամգամ կարող են ընդունել պոտենցյալ տղամարդ-զուգընկերոջ մերձեցման առաջարկը: Նման դեպքերում հնարավոր է անգամ ունենան սեքսուալ ակտիվության որոշ ձևեր:

 

Մեր հասարակությունում էլ տրանսվեստիզմը գոյություն ունի և այս երևույթի նկատմամբ առկա է հոմոֆոբիայի տարբեր դրսևորումներ՝ վիրավորանքից մինչև բռնություն։