Վաղաժամ սերմնաժայթքում (Premature Ejaculation)
Վաղաժամ սերմնաժայթքումը (ՎՍ) առնանդամի նվազագույն ստիմուլիացիայի հետևանքով առաջացած սերմնաժայթքումն ու օրգազմն է: Վաղաժամ է համարվում այն իրավիճակը, երբ տղամարդը կորցնում է ինքնատիրապետումը սեռական ակտի և սերմնաժայթքման վրա, որի արդյունքում սերմնաժայթքումը տեղի է ունենում սեռական հարաբերությունից մեկ րոպե անց:
Ներհեշտոցային սերմնաժայթքման տևողության ժամանակը (ՆՀՍԺ) Intravaginal ejaculation latency time(IELT) 18-30 տարեկանում կազմում է 6.5 րոպե: Վաղաժամ սերմնաժայթքում է համարվում, երբ ՆՀՍԺ կարճ է (2.5 րոպեյից պակաս):
Ճիշտ է, որ այս վիճակն առավել ազդեցություն ունի տղամարդու, սակայն հուզական և հոգեբանական լարվածություն է առաջացնում նաև կանանց մոտ:
ՎՍ առաջին տեղն է զբաղեցնում տղամարդու սեռական խանգարումների սանդղակում: Այն հանդիպում է երիտասարդների մոտ 40%, իսկ հասուն տղամարդկանց մոտ` մինչև 30% դեպքերում:
Սերմնաժայթքման մեխանիզմը
Սերմնաժայթքման մեխանիզմն ունի երկու շրջան: Առաջինը` արտազատական շրջանն (Emission phase) ընդգրկում է սերմածորանի ամպուլիար մասից, սերմնաբշտերից և շագանակագեղձից արտազատված սերմնահեղուկի կուտակումը հետին միզուկում: Երկրորդ շրջանն արտամղումն է (Expulsion phase), երբ փակվում է միզապարկի վզիկը, և տեղի է ունենում միզուկի ռիթմիկ կծկումներ ու սերմնաժայթքում: Արտազատական շրջանը կարգավորվում է սիմպատիկ շարժիչ նյարդերի, իսկ արտամղմանը` սոմատիկ և վեգետատիվ նյարդերի միջոցով, որոնք գտնվում են ողնուղեղի կրծքագոտկային և գոտկասրբանային հատվածներում:
ՎՍ համախտանիշներ
- Բնական տատանվող վաղաժամ սերմնաժայթքում (Natural variable premature ejaculation):
- Վաղաժամ թվացող սերմնաժայթքման խանգարում (Premature-like ejaculatory dysfunction):
- Ընդհանուր վաղաժամ սերմնաժայթքում (Global premature ejaculation), երբ ՎՍ տեղի է ունենում բոլոր զուգընկերների հետ հարաբերության ժամանակ:
- Պատահական վաղաժամ սերմնաժայթքում (Situational premature ejaculation), երբ ՎՍ տեղի է ունենում հատուկ իրավիճակներում և զուգընկերների հետ:
Պատճառները.
- ոչ հաճախ սեռական հարաբերությունը,
- սեռահասունացման շրջանում ձեռնաշարժությունը (հատկապես լարված վիճակում),
- ագրեսիվությունը,
- լարվածությունը,
- կոնֆլիկտները:
Ֆիզիոլոգիական գործոնները.
- սերոտոնինի ընկալիչներ,
- գենետիկ նախատրամադրվածություն,
- առնանդամի զգայնություն,
- նյարդերում գրգռափոխանցման ատիպիկություն,
- պրոստատիտ,
- դեղորայքի կողմնակի ազդեցություն
Բուժումը
Դեղորայքային: Դեղորայքային բուժումը կատարվում է սերոտոնինի ընտրողական հետադարձ զավթման պաշարիչների (Selective serotonin reuptake inhibitor) միջոցով: Այս խմբի դեղերը երկարաձգում են սերմնաժայթքման ժամանակը, սակայն միաժամանակ ունեն մի շարք կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են` օրգազմի բացակայությունը (anorgasmia), հեշտանքի նվազումը (diminished libido), էրեկտիլ դիսֆունկցիան (erectile dysfunction): Կիրառվում են նաև տեղային քսուքներ` առնանդամի գլխիկի զգայնությունն իջեցնելու նպատակով:
Ոչ դեղորայքային: Հոգեբանասեռական բուժումը (psychosexual therapy), ինքնամարզումը, stop-start technique, առնադամի գլխիկի սեղմումը սերմնաժայթքման պահին և այլն: