Վարիկոցելե (Varicocele)
Վարիկոցելեն սերմնալարի երակների լայնացումն է, որն առաջանում է ամորձիներից մեկի կամ երկուսի շրջանում: Հիմնական գանգատը կարող է լինել անհարմարավետության զգացումը և բութ ցավերը։ Վարիկոցելեի ախտորոշման պարագայում մեծանում է տղամարդու անպտղության հավանականությունը։ Սակայն վարիկոցելեյով տղամարդկանց մեծ մասի մոտ պարտադիր չէ սերմի որակի փոփոխությունը:
Չկա որևէ միանշանակ պատասխան մասնագետների կողմից այն մասին, թե արդյո՞ք վարիկոցելեի բուժումը վերացնում է անպտղությունը: Եթե տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի խանգարումը պայմանավորված է նաև վարիկոցելեով, ապա այս դեպքում լավագույն տարբերակը ուրոլոգի հետ քննարկելն է, քանի որ մասնագետն ամենատեղեկացվածն է այս խնդրի մանրամասներին: Եթե կա բուժման անհրաժեշտություն, ապա այն միայն վիրահատական է:
Ի՞նչ է վարիկոցելեն
Վարիկոցելեն որդանման լայնացած երակների խումբ է ամորձապարկում` տեղակայված մեկ կամ երկու ամորձիների վերին և կողմնային հատվածներում: Անոթների լայնացումը շարունակվում է աճուկային խողովակում՝ սերմնալարի ամբողջ երկարությամբ։
Ո՞վ է տառապում վարիկոցելեով
15-25 տարիքային խմբի 7 տղամարդկանցից 1֊ն ունի վարկոցելե: Դեպքերի 50%-ում հանդիպում է ձախ կողմում, մնացածը` երկու կողմերում միաժամանակ, հազվադեպ` աջ կողմում: Ինչո՞ւ են գերակշռում ձախակողմյան դեպքերը. պատճառը ձախակողմյան երակների՝ երիկամային երակի մեջ բացվելու հանգամանքն է։
Որո՞նք են վարիկոցելեի ախտանիշները
Վարիկոցելեն սկզբնական շրջանում հիմնականում անախտանիշ է։ Այնուհետև հիվանդների մոտ նկատվում է անհարմարավետության զգացում, ծանրության զգացողություն և բութ ցավեր։ Երբեմն վերոնշյալ զգացողություններն առաջանում են օրվա ավարտին, հատկապես, եթե հիվանդն ամբողջ օրը ոտքի վրա է եղել: Լայնացած երակները երբեմն շոշափվում են անզեն աչքով կամ լարվածությունից հետո, իսկ երբեմն էլ՝ գործիքային հետազոտության միջոցով:
Ի՞նչն է առաջացնում վարիկոցելե
Շատ դեպքերում անոթների լայնացման պատճառը երակների փականային անբարարությունն է։ Այս ժամանակ փականները թույլ են տալիս արյան հետհոսք, արդյունքում լայնանում են երակները և առաջանում է վարիկոցելե։
Մեծահասակների մոտ վարիկոցելեն հազվադեպ է զարգանում, իսկ եթե առկա է, ապա այն կարող է լինել խոշոր երակների ճնշման կամ խցանման արդյունք։ Հատկապես երիկամի ուռուցքի ժամանակ կարող է հանդիպել տվյալ ախտանշանը։
Արդյո՞ք վարիկոցելեն վտանգավոր է
Որպես կանոն` ոչ: Անհանգստության կարիք կա, երբ առկա է ձախ ամորձու և ոտքի շրջանի ցավ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վարիկոցելեով տառապող տղամարդկանց մոտ անպտղության բարձր ցուցանիշ է նկատվում: Պատճառը ամբողջությամբ պարզ չէ: Կա կարծիք, որ արյան կանգի պատճառով բարձրանում է ամորձապարկի ջերմաստիճանը։ Արդյունքում վատանում է սերմնաբջիջների քանակն ու որակը։ Վարիկոցելեի առկայությունը տղամարդու անպտղության պայման չէ, սակայն դրա հավանականությունը մեծացնող գործոն է։
Վարիկոցելեի առկայությունը դեռահաս տղաների մոտ կարող է բերել ամորձու չափերի փոքրացման (ատրոֆիա): Հետևաբար, այս տարիքում պետք է գտնվել բժշկի հսկողության ներքո և բուժվել՝ խուսափելու համար ամորձու ֆունկցիայի կորստից և հետագայում` անպտղությունից։
Բուժումը
Վիրահատական բուժման բացարձակ ցուցումներն են՝ ամորձու ատրոֆիայի վտանգը, ցավային ախտանիշը և անպտղությունը։ Մնացած դեպքերում կարելի է սպասել, սակայն, միաժամանակ, գտնվելով ուրոլոգի հսկողության ներքո։ Երբեմն վիրահատական միջամտությունից հետո դիտվում է վարիկոցելեի կրկնություն։
Ամփոփում
Վարիկոցելեն համարվում է տղամարդկանց անպտղության հիմնական պատճառներից մեկը, որի ախտորոշման և բուժման նկատմամբ պետք է ուշադիր լինել, հատկապես խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ երկընտրանքի հարց է առաջանում`՝ վիրահատել, թե` ոչ։ Ուրոլոգը իրազեկ և պատասխանատու մասնագետն է այս խնդրի վերաբերյալ։