Պեյրոնի հիվանդություն (Peyronie's disease)

2018/07/02

Պեյրոնի հիվանդությունն առնանդամի մաշկի տակ կարծր վահանիկի առաջացումն է, ինչի հետևանքով էրեկցիայի ժամանակ տեղի է ունենում առնանդամի կորացում և սեռական գրգռման ժամանակ մեծանում է առնանդամի լարվածությունը: Պեյրոնի հիվանդությունը հիմնականում հանդիպում է 25-60 տարեկան տղամարդկանց մոտ (սոցիալական ամենաակտիվ շրջանում):


ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ


Պեյրոնի հիվանդությունը կարող է առաջանալ հետևյալ պատճառներով.

 

  • սեռական անդամի վնասում, այդ թվում` սեռական հարաբերությունների կամ ձեռնաշարժության ժամանակ  առաջացած միկրովնասվածքներ,
  • առնանդամի կոտրվածք,
  • աուտոիմուն ագրեսիա, որի ժամանակ իմուն համակարգի բջիջներն առնանդամի հյուսվածքի բջիջները որպես օտար են ընկալում,
  • անոթների աթերոսկլերոտիկ փոփոխություններ,
  • շաքարային դիաբետ,
  • շարակցական հյուսվածքի հիվանդություններ, հատկապես Դուպուտրենի կոնտրակտուրան, տիմպանոսկլերոզը և Պեջետի հիվանդությունը,
  • պոդագրան և նյութափոխանակային այլ հիվանդություններ,
  • վիտամին E-ի հիպովիտամինոզը,
  • կալցիումի նյութափոխանակության խանգարումը,
  • էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման նպատակով առնանդամի մեջ դեղերի ներմուծումը,
  • սերոտոնինի մակարդակի բարձրացումը:


ԱԽՏԱՆԻՇՆԵՐ


Պեյրոնի հիվանդության հիմնական նշանը առնանդամի կորացումն է դեպի ամորձապարկ կամ որովայն: Էրեկցիայի ժամանակ հիվանդն առնանդամում ցավ է զգում: Առնանդամի մաշկի տակ շոշափվում է կարծրացած հատված: Նկատվում է էրեկցիայի վատացում, սեռական անդամն անբավարար է կարծրանում և չափերով մեծանում: Առնանդամի կորացման հետևանքով տեղի է ունենում նրա ֆունկցիոնալ կարճացում:


ԱԽՏՈՐՈՇՈՒՄ


Պեյրոնի հիվանդության ախտորոշումն իրականացվում է  հետևյալ գործողությունների իրականացումից հետո.

 

  • հիվանդության անամնեզի և հիվանդի գանգատների վերլուծություն,
  • հարցում հիվանդի սեռական  կյանքի որակի մասին (կամ հարցաթերթիկի լրացում),
  • գրգռված վիճակում առնանդամի զննում (էրեկցիայի հասցվում է բժշկական գործողությամբ): Բժիշկը գնահատում է կորացման աստիճանը, վահանիկի չափը, ինչպես նաև` վերջինիս տեղակայումը (կարող է նաև հիվանդը երեք պրոյեկցիայով նկարել գրգռված առնանդամը և նկարն ուղարկել ուրոլոգին):
  • սեռական անդամի անոթների գերձայնային հետազոտություն,
  • առնանդամի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա,
  • կավերնոգրաֆիա,
  • բժիշկ-անդրոլոգի խորհրդատվություն:


ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ


Տարբերում են Պեյրոնի հիվանդության սուր և քրոնիկական ձևերը: Սուր ձևի ժամանակ առնանդամի վահանիկի շրջանն ակտիվ արյունամատակարարվում է: Այս ձևի ժամանակ վիրահատական բուժումը հակացուցված է: Քրոնիկական ձևի ժամանակ արյունամատակարարումը նվազած է, ինչը բերում է սպիի աստիճանական զարգացման: Ըստ կորացման աստիճանի տարբերում են 3 մակարդակ`1-ին, 2-րդ, 3-րդ: 1-ին մակարդակի ժամանակ առնանդամի կորությունը 30 աստիճանից քիչ է, 2-րդի ժամանակ այն կազմում է 30-60 աստիճան, իսկ 3-րդի ժամանակ կորացումը 60 աստիճանից ավելի է:


ՀԻՎԱՆԴԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Էրեկցիայի ժամանակ ցավի առաջացմա, ինչպես նաև առնանդամի ձևի փոփոխության դեպքում պետք է դիմել ուրոլոգի կամ անդրոլոգի:


ԲՈՒԺՈՒՄԸ


Պեյրոնի հիվանդության բուժման արդյունավետ եղանակ է վիրահատությունը: Վիրահատության էությունը վահանիկի հեռացումն է կամ առնանդամի վահանիկի հակառակ կողմում ծալքի ձևավորումը, որի շնորհիվ տեղի է ունենում նրա հավասարեցում:  Պեյրոնի հիվանդության դեղորայքային բուժումը հնարավոր է միայն վաղ շրջանում, ինչպես նաև սուր շրջանում, երբ վիրահատությունը հակացուցված է: Դեղորայքից նշանակվում է վիտամին E, ֆիբրոբլաստների ակտիվությունը իջեցնող դեղեր, ցիտոստատիկներ, կոլագենի առաջացումն ընկճող դեղորայք, հակաբորբոքիչներ, իմունակարգավորիչներ և այլ դեղեր: Պեյրոնի հիվանդության տեղային բուժման դեպքում վահանիկի շրջանում ներմուծում են նրա չափերը փոքրացնող հատուկ նյութեր: Կիրառվում է նաև հեռահար քարափշրման եղանակը՝ վահանիկի փափկացումը հարվածային ալիքների գեներատորի միջոցով:

ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Պեյրոնի հիվանդությունը կարող է բերել իմպոտենցիայի, էրեկցիայի ժամանակ ցավերի առաջացման, անպտղության և առնանդամի չափերի փոքրացման, ինչպես նաև տղամարդկանց մոտ ընկճախտի առաջացման: