Գիրությունն ու տղամարդու անպտղությունը

Ներկայում կան բազմաթիվ գիտական աշխատություններ, որոնք խոսում են անպտղության, սեռական ցանկության նվազման, էրեկտիլ դիսֆունկցիայի և գիրության միջև եղած կապի մասին: Տղամարդու անպտղության ախտածագման մեջ կարևոր տեղ են զբաղեցնում կրիպտօրխիզմը, ամորձու ոլորումը կամ տրավմաները, վարիկոցելեն, հակասպերմային հակամարմինները, սերմնատար ուղիների ինֆեկցիաները, հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմը և սերմնածորանների խցանումները:

 

Անպտղության խնդրի լուծման համար կիրառվում են արհեստական ներարգանդային սերմնավորումն ու արտամարմնային բեղմանավորման եղանակները: Այս մեթոդների անմատչելիությունն ու անհասանելիությունը  առիթ է որոնելու առավել հասարակ, մատչելի և արդյունավետ բուժման միջոցներ: Այդ միջոցներն են ապրելակերպի և սննդակարգի փոփոխությունները: Այս փոփոխությունների հրատապությունը հատկապես կարևոր է` հաշվի առնելով մեր ժամանակներում համատարած ճարպակալումն ու մարմնի զանգվածի ինդեքսի մեծացումը, ինչպես նաև սերմի  որակի վատացումը և անպտղության տարածվածությանը:

 

Գիրության ազդեցությունն անպտղության վրա (Effect of Obesity on Male Fertility)

 

Կլինիկական հետազոտությունները հաստատել են, որ գիրությունը և մարմնի զանգվածի ինդեքսի մեծացումը բացասական ազդեցություն ունեն տղամարդու պտղաբերության վրա: Որոշ հետազոտությունների մեջ հաշվի է առնվել նաև ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը:

 

Գիրությունը բերում է արոմատազա ֆերմենտի ակտիվության մեծացմանը, հիպոգոնադիզմի, տեստոստերոնի քանակի նվազմանը և էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացմանը: Այն կարող է առաջացնել  ինսուլինի կայունություն, քնի ապնոէ (շնչառության ժամանակավոր կանգ) , նաև  մեծացնել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը:

 

Հետազոտությունները պարզել են նաև, որ անպտղության հավանականությունը հատկապես մեծանում է այն տղաների մոտ, ովքեր սեռական հասունացման կամ պատանեկության շրջանում ունեցել են քաշի ավելացում: Այս խմբի մոտ երեխա ունենալու ցուցանիշը մոտավորապես 30 տոկոսով նվազ է, քան նորմալ քաշով տղաներինը:

 

Տղամարդու անպտղության բուժման անարդյունավետությունը նույնպես պայմանավորված է գիրության գործոնով: Ուսումնասիրվել է վարիկոցելեյի վիրահատության արդյունավետության ցուցանիշը` գեր և նորմալ քաշով մարդկանց մոտ: Այսպես, նորմալ քաշով վարիկոցելեյի վիրահատության ենթարկվածների 70%-ի, գերերի` 60%-ի, իսկ չափազանց գերերի 58%-ի մոտ նկատվել է սերմի որակի լավացում: Թեև տարբերությունը շատ մեծ չէ, բայց, ամեն դեպքում, առկա է:

 

Գիրություն և  սերմի հատկությունները (Obesity and Semen Parameters)

 

Տղամարդու գիրությունը կարող է բացասաբար ազդել սերմի հատկությունների վրա (խտություն, քանակ, շարժունակություն, մորֆոլոգիա և այլն) և նաև բերել սերմնաբջիջների ԴՆԹ-ի ֆրագմենտացիայի ավելացմանը: Կան տվյալներ, որոնք վկայում են, որ նիհարելուց հետո բարելավվել է սերմի տվյալները: Գիրության և սերմի հատկությունների միջև կապի հետազոտության համար պետք է հաշվի առնել մարմնի զանգվածի ինդեքսը, քաշը, օրգանիզմի ճարպերի տոկոսը, կոնքի շրջագծը և այլն: Յուրաքանչյուր գեր անպտուղ մարդու մոտ կարող է գործել ազդեցության տարբեր մեխանիզմ, որն իր հերթին կարող է բերել սերմի մեկ կամ ավելի հատկության փոփոխության:

 

Գիրություն և սեռական ֆունկցիա (Obesity and Sexual Function)

 

Գիրությունը համարվում է էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման ռիսկի գործոն, որն իր հերթին կարող է լինել անպտղության պատճառ: Գիրության հետևանքով կարող են առաջանալ սեռական հորմոնների ակտիվության իջեցում և նախաբորբոքային ցիտոկինների ակտիվության մեծացում, ինչն արտահայտվում է սեռական մղման իջեցումով, սեռական հարաբերությունների հաճախականության պակասով, նաև էրեկտիլ դիսֆունկցիայով:

 

Գիրություն և հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմ (Obesity and Hypogonadotropic Hypogonadism)

 

Անդրոգենների (տեստոստերոն) քանակի նվազումն ուղիղ համեմատական է գիրության հետ: Այս առումով մարմնի զանգվածի ինդեքսը համարվում է հիպոգոնադիզմի ցուցանիշ: Հիպոֆիզի ֆունկցիայի իջեցումը կամ հիպոգոնադոտրոպ հիպոգոնադիզմը գերերի մոտ բազմապատճառային է: Գերերի մոտ անդրոգենների արոմատիզացիայի հետևանքով ավելանում են էսթրոնի (Estrone) ու էսթրադիոլի (Estradiol) քանակը, իսկ վերջիններս էսթրոգեններ են: Էսթրոգեններն ունեն ֆոլիկուլ ստիմուլացնող (FSH) և լյուտեյնիզացնող հորմոնների (LH) արտազատման վրա բացասական ազդեցություն: Էսթրադիոլի այս դերը հաստատվել է, երբ հիվանդներին տրվել է արոմատազայի իպաշարիչներ, որի հետևանքով մեծացել է սեռական հորմոնների արտադրությունը:

 

Շաքարային դիաբետով (տիպ 2) հիվանդների մոտ կարևոր է որոշել տեստոստերոնի մակարդակն արյան մեջ: Այս հիվանդների երկրորդային հիպոգոնադիզմն առաջանում է ինսուլինային կայունության և հիպոֆիզի վրա նախաբորբոքային ցիտոկինների ազդեցության հետևանքով: Սեռական հորմոն կապող գլոբուլինի (SHBG) մակարդակն իջնում է արյան մեջ` շրջանառվող ինսուլինի քանակի ավելացման և կայունության հետևանքով:

 

Քնի ապնոէն (Sleep apnea), որը շնչառության ժամանակավոր կանգն է քնի ժամանակ, ավելի հաճախ հանդիպում է գերերի մոտ և կարող է բացասաբար ազդել առավոտյան տեստոստերոնի մակարդակի վրա, հետևաբար` նաև էրեկտիլ ֆունկցիայի վրա: Այս երկու մեխանիզմների համակցումը կարող է ազդել նաև տղամարդու պտղաբերության վրա: