Սերմնահեղուկի բանկ (Sperm Bank)

2017/06/29

Արհեստական բեղմնավորման առաջին փորձարկումները սկսվել են դեռևս 18-ր դարում և անցկացվել են կենդանիների վրա: Կանանց բեղմնավորման փարձարկումներն իրականացվել են մինչև սերմնահեղուկի բանկերի առաջացումը: Այսպես, 1785 թվականին Փարիզի համալսարանի  աշխատակից Մ. Դոյեն իր անպտղությամբ տառապող կնոջը ներհեշտոցային սրսկում իրականացրեց, ինչի հետևանքով ամիսներ անց զավակ ունեցան: Որոշ ժամանակ անց, 1790 թվականին, բժիշկ Ջոն Հանթերը Շոտլանդիայից կատարեց ներարգանդային բեղմնավորում` օգտագործելով նրա հիպոսպադիա (միզուկի արտաքին բացվածքի անոմալիա) ունեցող ամուսնու սերմնաբջիջները:

 

Սերմնահեղուկի առաջին բանկերն առաջացել են 1960-ական թվականներին Տոկիոյում և Այովա-Սիթիում: Մոր մարմնից դուրս բեղմնավորված առաջին երեխան ծնվել է 1978 թվականին և այժմ առողջական որևէ խնդիր չունի: Այս մեթոդի անհրաժեշտությունը շուտով գիտակցեցին բազմաթիվ երկրներ, ինչը զարմանալի չէ, քանի որ այս եղանակով առանձնահատուկ հնարավորություն է ընձեռվում տղամարդկանց վերարտադորղական ֆունկցիաների պահմանման և անպտղության խնդրի լուծման համար:

 

Հետաքրքրական է, որ ոչ բոլոր երկրներն են օգտգործում այս մեթոդը, օրինակ` մուսուլմանական երկրներում նման միջամտություններն արգելված են և խստորեն քննադատվում են:

 

Անդրադառնալով սերմնահեղուկի բանկերի ժամանակակից կարգավիճակին` նշենք, որ դոնոր դառալ կարող է 18-35 տարեկան յուրաքանչյուր տղամարդ: Դոնորներն անցնում են համապատասխան ստուգումներ: Ինչ վերաբերում է հարցի իրավաբանական կողմին, ապա ի սկզբանե նախատեսվում է, որ դոնորի օգնությանը դիմող զույգն ու անմիջական դոնորը միմյանց չեն ճանաչում, իսկ դոնորի անձնական տվյալները բժշկական գաղտնիքի առարկա են և որևէ մեկին փոխանցման ենթակա չեն: Այժմ շատ հրատապ է այն հարցը, թե արդյո՞ք ապագայում դոնորի և երեխայի հանդիպման հավանականություն կա, թե` ոչ: Հարկ է նշել, որ նման հավանականությունը չնչին է, հատապես մեծ երկրներում, քանի որ տարբեր քաղաքների արհեստական բեղմնավորման կենտրոնները դոնոր սերմնահեղուկը փոխանակում են` միմյանց միջև երեխայի և դոնորի հանդիպման հավանականությունը նվազագույնի հասցնելու համար: Եթե միևնույն տարածաշրջանում 800 հազար բնակչության հաշվով միևնույն դոնորից ծնվում է 20 երեխա, ապա տվյալ դոնորի սերմնահեղուկի օգտագործումը դադարեցվում է տվյալ տարածաշրջանում:

 

Այժմ սերմնահեղուկի դոնորների կարիքը բավականին մեծ է, ինչը հատկապես նկատելի է Չինաստանում: Այստեղ դոնորներ ներգրավելու համար օգտագործվել է անգամ iPhone 6s-ը, որով դոնորներին գայղթակղելու փորձ են արել: Արդյունքում ընդամենը երկու օրվա ընթացքում չինական Ուխանի քաղաքի սերմնահեղուկի բանկ են դիմել հազարավոր կամավորներ` ցանկալի սմարթֆոնը ստանալու փաստից ոգևորված: