Անհարմար հարցեր ուրոլոգին. «Բժի՛շկ, կնոջս շագանակագեղձը չեք ստուգո՞ւմ»

2022/05/10

Հայ տղամարդկանց ուրոլոգիական խնդիրների վերաբերյալ Panorama.am-ը մի քանի հարց ուղղեց ուրոլոգ Ռաֆֆի Ջանեցյանին:

Panorama.am-Ի՞նչ ուրոլոգիական խնդիրներ են բնորոշ հայ տղամարդուն:

Ռ. Ջանեցյան-Ուրոլոգիական ցանկացած խնդիր ունիվերսալ է: Ամբողջ աշխարհում տղամարդիկ նույն պրոբլեմներն են ունենում: Այս առումով Հայաստանի տղամարդիկ չեն տարբերվում այլ երկրների տղամարդկանցից: Սովորաբար տղամարդկանց ուրոլոգիական խնդիրները կարելի է բաժանել ըստ տարիքի: Երիտասարդ տարիքի տղամարդկանց ավելի շատ բնորոշ են զարգացման հետ կապված խնդիրները, ինչպես նաև միզուղիների բորբոքումները, սեռավարակները, սերմնաժայթքման խնդիրները (հատկապես վաղաժամ սերմնաժայթքումը) և իհարկե անպտղությունը:

Միջին տարիքի տղամարդկանց ավելի շատ բնորոշ է միզասեռական բնույթի խնդիրները: Այս խմբի մոտ տարիքի առաջացման հետ դիտվում է սեռական ցանկության իջեցում, էրեկցիայի խանգարումներ, շագանակագեղձի բորբոքում, նյութափոխանակության խանգարումների արդյունքում նաև միզաքարային հիվանդություն։

Ավագ տարիքի տղամարդկանց բնորոշ է շագանակագեղծի գերաճն ու ուռուցքային հիվանդությունները: Իհարկե, շագանակագեղձի քաղցկեղի վտանգը սկսում է 45 տարեկան հասակից, բայց սովորաբար այն բացահատվում է ավելի ուշ։ Տարեցների մոտ հաճախ են հանդիպում միզարձակման և անմիզապահության հետ կապված խնդիրները: Սրանք են այն հիմնական ուրոլոգիական պրոբլեմները, որոնք առկա են աշխարհում, հետևաբար՝ նաև Հայաստանում:

Panorama.am-Ո՞ր հիվանդությունների դեպքում է, որ հայ տղամարդն ուշ է դիմում ուրոլոգին և մեր ավանդական պահպանողական մտածելակերպի հետ դրանք կապ ունե՞ն:

Ռ. Ջանեցյան -Ուշ դիմելու դեպքերը շատ են: Բայց ես դրանք ավելի շատ կապում եմ մարդկանց կուլտուրայի և մտածելակերպի հետ։ Խոսքս ժամանակին բժշկին դիմելու, տարեկան ստուգումներ անցկացնելու կուլտուրայի մասին է: Այսինքը՝ հերթական տարեկան ստուգումների բացակայությունը ինքնին հանգեցնում է այնպիսի խնդիրների կամ բարդությունների, որոնք կարող էին կանխվել կամ ավելի շուտ հայտնաբերվել։

Օրինակ՝ այն երիտասարդները, որոնք սեռական ակտիվ կյանք են վարում կամ բազմաթիվ զուգընկերներ ունեն, իրենց մոտ չհայտնաբերված, կամ անտեսված վարակները կարող են բերել անպտղության, կամ երբ տղամարդը չգիտի, որ ծխելու պատճառով կարող է միզապարկի քաղցկեղ ստանալ և խնդիրներն ավելի են բարդանում, երբ որ արդեն որոշակի փուլի հասած քաղցկեղով է դիմում բժշկի:

Կամ օրինակ, երբ տղամարդը չգիտի, որ 45 տարեկանից հետո պետք է տարեկան սկրինինգային թեստ անցնի շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար։ Մինչդեռ հնարավոր է նախնական ստադիայում հայտնաբերել այդ քաղցկեղը կամ կանխել նրա առաջացումն ընդամենը մեկ խորհրդատվությամբ ու թեստով:

Այս առումով, շատ կարևոր է տղմարդկանց գիտակցության բարձրացումը առողջության նկատմամբ։ Այստեղ պետք է օգնության հասնի կինը, որի միջոցով պետք է փորձել տղամարդուն կենտրոնացնել առողջության պահպանման խնդիրների վրա։

Panorama.am-Միջազգային պարկտիկան այդ պարբերական ստուգումների վերաբերյալ ինչպիսի՞ն է:

Ռ. Ջանեցյան-Ինչպես կանայք արգանդի վզիկի կամ կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար պարբերաբար ստուգումներ են անցնում, այնպես էլ ուրոլոգիական պրակտիկայում, շագանակագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշման համար պետք է տարեկան ստուգումներ կատարել։

Կարևորում եմ ամուսնություններից առաջ տղամարդու հետազոտվելու կուլտուրան՝ բորբոքային, վարակի, նաև ուռուցքային հիվանդությունների բացառման նպատակով։

Սրանք ոչ պարտադիր, բայց ցանկալի մոտեցումներ են: Բացի դրանից, կարևոր է տղամարդու ինքնազննումը։ Խոսքն ամորձիների ինքնազննման մասին է։ Հիվանդը պետք է տեղեկացված լինի ամորձիների ինքնազննման նպատակների մասին, քանի որ 20-40 տարեկան հասակի տղամարդկանց մոտ ամորձու ուռուցքի հավանականությունը մեծ է:

Հնարավոր է հիվանդներն այդ ամենի մասին չգիտեն։ Դրա համար պետք է նրանց տեղեկացվածության և գիտակցության մակարդակը բարձրացնել:

Panorama.am-Ի՞նչ զավեշտալի դեպքեր են հանդիպել ձեր բժշկական պրակտիկայում:

Ռ. Ջանեցյան-Զավեշտալի դեպքերը շատ են, կարող եմ երկար թվարկել, բայց  ամենազավեշտալին այն էր, երբ միջին տարիքի ամուսիններով դիմել էին ինձ, և ամուսնու շագանակագեղձի հետ կապված խնդիրներն էինք քննարկում: Խորհրդատվությունն ավարտելուց հետո հիվանդը դիմեց ինձ՝ հարցնելով, թե «բժի՛շկ, կնոջս շագանակագեղձը չեք ստուգո՞ւմ»: Ես այդ պահին ինձ մի կերպ զսպեցի, քանի որ չէի ուզում նրան վատ դրության մատնել: Խորհրդատվությունն ավարտելուց հետո կնոջը հրավիրեցի դուրս և այդ տղամարդուն բացատրեցի, որ  շագանակագեղձը միայն տղամարդու օրգան է։ Պարզապես պատկերը հետևյալն է, որ նման զավեշտալի և անտեղեկացվածության հետ կապված խնդիրները միշտ էլ կլինեն, բայց պետք է այն նվազագույնի հասցնել, որպեսզի առողջ հասարակություն ունենանք:

Panorama.am-Ձեր խորհուրդները հայ տղամարդկանց:

Ռ. Ջանեցյան-Ես անձամբ կարևորում եմ առողջության նկատմամբ մարդու գիտակցության բարձրացումը: Մարդը պարտավոր է իրազեկված լինել, որի շնորհիվ ավելի ուշադիր կարող է լինել առողջության պահպանման հարցում և գիտակցել սպառնալիքները։ Արդյունքում կբարձրանա մարդու կյանքի որակը։ Տղամարդը չպետք է ապրի իր առողջական խնդիրներով, դրանք պետք է լուծել: Ինչո՞ւ, որովհետև առողջությամբ է պայմանավորված մարդու երջանկությունը, բարեկեցությունը, հաջողությունը և ամեն ինչ։

Առողջության սպառնալիքները բազմաթիվ են։ Մեր հասարակության մեջ ևս նկատելի են ճարպակալումը, ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը, ակտիվ ֆիզիկական կյանքի բացակայությունը, սթրեսը և այլն։ Շաքարային դիաբետի դեպքերը նույնպես շատացել են։ Սրանք համաշխարհային խնդիրներ են, որոնք տղամարդկանց մոտ կարող են առաջացնել միզասեռական, վերարտադրողական և նույնիսկ ուռուցքային հիվանդություններ։

Ես կարևոր եմ համարում այդ ամենի մասին տղամարդկանց և կանանց տեղեկացված լինելը: Այդ նպատակով իմ պրակտիկ գործունեության հետ միասին 2008 թվականից լծվել եմ այդպիսի առաքելության՝ ստեղծելով www.urolog.am կայքը: Մեր կարգախոսն է, լավացնել կյանքի որակը։ Հորդորում եմ բաց չթողնել այդ հնարավորությունը և տեղեկատվություն փնտրել միայն վստահելի բժշկական աղբյուրներից:

Շնորհակալ եմ թեմայի լուսաբանման և հարցազրույցի համար:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը

Սկզբնաղբյուր` Panorama.am