Ճանաչողական կողմնակալությունները առողջապահության մեջ

2022/04/19

Մարդն ունի մտածելու, շրջակա տեղեկատվությունը մեկնաբանելու և դրանք անձնական նախասիրությունների, համոզմունքների ու փորձառությունների միջոցով մշակելու միտումներ, որոնք երբեմն կարող են կողմնակալ լինել ու ազդել նրա առողջության վրա։ Կան ճանաչողական կողմնակալություններ (Cognitive Bias), որոնք բացասաբար են ազդում առողջության, ապրելակերպի, վարքագծի և այլ առողջապահական որոշումների վրա:

 

Հաստատման կողմնակալություն

 

Դա այն միտումն է, որի ժամանակ ավելի մեծ կշիռ տրվում է դուրեկան կարծիքին, երբ անհատը ամեն գնով աջակցում է իր նախնական կարծիքին կամ պնդմանը, միաժամանակ,  անտեսում կամ չի փնտրում իր պնդման նկատմամբ հակասական կարծիքներ կամ ապացույցներ։

Օրինակ, եթե ձեզ դուր է գալիս գինի խմելը, ապա դուք կենտրոնանում եք այն ուսումնասիրությունների վրա, որոնք ապացուցում են նրա չափավոր խմելու դեպքում սրտի առողջության համար օգտակար լինելը և անտեսում՝ ալկոհոլի վնասակարության և քաղցկեղ առաջացնելու ազդեցության մասին բազմաթիվ այլ փաստեր կամ վկայություններ։

 

Հետադարձ հայացքի կողմնակալություն

 

Այս կողմնակալությունը դրսևորվում է ուռճացնելու միտումով, երբ տվյալ իրականությունը ներկայացվում է նախորդների լույսի ներքո, այսինքն, այնպես, որ դուք «արդեն գիտեիք այդ մասին»։ Օրինակ, երբ ձեզ մոտ ախտորոշվել է սակավարյունություն, և դուք «հետադարձ կողմնակալությամբ» ձեր ցածր էներգիան կամ հոգնածությունը վերագրում եք այդ հիվանդությանը: Մինչդեռ այդ ախտանիշները կարող են լինել տարբեր այլ պատճառներից։

 

Լավատեսական կողմնակալություն

 

Դա այն միտումն է, երբ մարդը հավատում է, որ նրա մոտ ամեն ինչ դրական ընթացք կունենա և անձամբ իր հետ բացասական իրադարձություն տեղի չի ունենա։ Ճիշտ է, որ լավատեսությունը դրական գիծ է, բայց առողջության համար երբեմն կործանարար ազդեցություն կարող է ունենալ։ Օրինակ, երբ անտեսում եք արևի ճառագայթների քաղցկեղածին ազդեցությունը՝ համոզված լինելով, որ չեք հիվանդանա մաշկի քաղցկեղով, քանի որ արևապաշտպան քսուք եք օգտագործում: Կամ երբ շարունակում եք ծխել՝ համոզված լինելով, որ ձեր հայրը երկար տարիներ ծխելով հանդերձ չի հիվանդացել թոքի քաղցկեղով:

 

Ստատուս քվոյի կողմնակալություն

 

Դա ներկա վիճակը գերադասելու միտումն է, երբ մարդը չի ընդունում որևէ փոփոխություն իր կյանքում կամ գործելաոճում, և  հավատարիմ է այն ամենին, ինչը նրան հարազատ է ու հարմար։ Այստեղ տիպիկ օրինակ են և՛ բժիշկները, և՛ պացիենտները։ Ստատուս քվոյի կողմնակալության օրինակ են այն բժիշկները, որոնք հրաժարվում են բուժման կամ վիրահատական նոր մեթոդներից, կամ այն պացիենտներն են, որոնք հավատարիմ են իրենց «վաղեմի» դեղին, բժշկին կամ բուժման տարբերակին։

 

Զսպման կողմնակալություն

 

Սա վերաբերում է մարդու իմպուլսիվ վարքագծի նկատմամբ վերահսկողության մակարդակը գերագնահատելու միտումին: Հատկապես «խորը» ազդակները, ինչպիսիք են քաղցը, թմրամիջոցների հակումները, հոգնածությունը կամ սեռական գրգռվածությունը կարող են նման վարքագիծ առաջացնել:

Թմրամիջոցների օգտագործման դեպքում նման կողմնակալությունը ստիպում է որոշ մարդկանց ենթարկվել կախվածություն առաջացնող նյութերի ազդեցությանը, քանի որ կարծում են, որ իրենց ինքնատիրապետումն ավելին է, քան իրականում կա: Այսինքն, երբ դուք գերագնահատում եք ձեր ինքնատիրապետման մակարդակը գայթակղությունների ժամանակ, իսկ հետո դժվարանում եք դիմադրել դրանց: Օրինակ, երբ դուք խոստանում եք ինքներդ ձեզ ընկերական շրջապատում մեկ բաժակից ավելի գարեջուր չխմել, բայց խմում եք հարբելու չափ։ Նույն վարքագիծը դրսևորում են սննդակարգ պահելու ժամանակ, երբ կարծում եք, որ կարող եք հրաժարվել որոշակի սննդից, բայց իրականում արագ ենթարկվում են այդ գայթակղությանը:

Ճանաչողական կողմնակալությունը իռացիոնալ կերպով որոշումներ կայացնելու կամ գործողություններ կատարելու միտում է, որը կարող է վնասել ո՛չ միայն որոշումներին, այլև դատողություններին, արժեքներին և սոցիալական փոխազդեցություններին ու առողջությանը: