Հետկոիտալ դիսֆորիա (Postcoital dysphoria)

2022/05/12

Հետկոիտալ դիսֆորիան սեռական հարաբերությունից հետո նկատվող տխրության, դեպրեսիայի կամ անհանգստության զգացումներ են, որոնք տևում են մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ: Հաճախ նման վիճակները կապված են մեղքի զգացումի, մարմնի կամ սեռական ինքնագնահատականի, նախկին սեռական տրավմաների և այլ պատճառների հետ։ Նման խնդիր դիտվում է ավելի հաճախ կանանց մոտ և կարող է հանդիպել եզակի կամ հաճախ ։

 

Պատճառները

 

Հորմոնային։ Սեռական հարաբերության ընթացքում օրգանիզմում տեղի են ունենում մի շարք հորմոնների ակտիվության բարձրացում, իսկ ավարտին՝ անկում, ինչը կարող է բացասական հուզական ռիակցիայի պատճառ դառնալ։

Մեղքի զգացում։ Երբեմն արագ ու չմտածված սեռական հարաբերությունն ու կուսության կորուստը աղջիկների մոտ առաջացնում է մեղքի զգացում և լաց։  

Հարաբերության խնդիրներ։ Նման զգացում առաջանում է այն զույգի մոտ, որի հարաբերությունները վտանգված են, և սեռական հարաբերությունն օգտագործվում է խզումը կանխելու կամ նախկին հարաբերությունները վերսկսելու նպատակով: Այսպիսի հարաբերությունները փրկելու փորձերը ավարտվում է հուզական ելքով։

Մարմնի խնդիրներ։ Մարմնի իրական կամ մտածացին թերություններն ու զուգընկերոջ վերաբերմունքը դրանց նկատմամբ, կարող են մարդու մոտ առաջացնել բացասական հուզումներ ու անհանգստություն։

Հարաբերության կատարողականություն։ Երբեմն զուգընկերներն ավելի շատ կենտրոնանում են սեռական հարաբերության կատարողականության վրա, որը կարող է լարվածության և հուզականության պատճառ դառնալ։

Սեռական տրավմա։ Նախկինում ունեցած տրավմաները կարող են սեռական կյանքում առաջացնել բացասական հույզեր և ապրումներ։

Օրգազմ։ Ե՛ւ օրգազմի բացակայությունը, և՛ ինտենսիվ օրգազմը կարող են զույգերի մոտ առաջացնել տխրություն, տրամադրության անկում և դեպրեսիա։

Ոչ հաճախակի սեռական հարաբերություն։ Հազվադեպ սեռական հարաբերությունները և անհամբեր սպասումը կարող են անհանգստության և բացասական հույզերի աղբյուր լինել։

Սեռական սոցիալականացում։ Սեռական սոցիալականացումը սոցիալ-հոգեբանական բաղադրիչների խումբ է, որը որոշում է մարդու սեռական ինքնորոշումը, արժեքները, վերաբերմունքը և վարքագիծը: Եթե անհատը ամաչկոտ է, ապա նման զգացմունքներ կարող են դրսևորվել սեռական հարաբերությունից հետո նման լարվածությմաբ։

 

Ի՞նչ անել

 

Նախ, անհրաժեշտ է գիտակցել այս խնդիրը, քննարկել  զուգընկերոջ հետ նրա պատճառների մասին և փորձել լուծումներ գտնել, իսկ երբեմն մասնագիտական օգնության դիմել։ Ամեն պարագայում զգացմունքների ճանաչումը սեռական բարեկեցության կարևոր պայմաններից է: