Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ

2021/03/25

Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և` արդյո՞ք միշտ պետք է ձգտել ակտիվության բարձրացմանը:  

 

Սեքսուալ ակտիվությունը յուրաքանչյուրի մոտ տարբեր է: Այն շատ գործոններով է պայմանավորված, ինչպես` արտաքին, այնպես էլ` ներքին: Գոյություն ունեն բնածին առանձնահատկություններ՝ սեռական կոնստիտուցիա, հոգեկան առողջություն, որոնք որոշում են մարդու սեռական վարքի հիմքը:  Սակայն վերջինիս վրա ազդում են նաև հասարակական կարծիքը, կրոնական ավանդույթները և, նույնիսկ, սեռական վարքի «նորմայի» մասին պատկերացումները, որոնք զարգանում են բազում տարիների ընթացքում:

 

Տղամարդկանց սեքսուալ ակտիվության պիկերը

 

Սեքսուալ ակտիվության պիկերը կարող են կարճաժամկետ լինել՝ հոգեբանական և ֆիզիկական վերելք (որևէ հաղթանակից հետո), սպորտ, ինչ-որ գրգռող գործողություն կամ տեսարան: Սակայն սա կարճաժամկետ է:   Տղամարդու հիմնական վարքը պայմանավորված է հորմոնների մակարդակով և տարիքով, դաստիարակությամբ և մշակույթով:

 

Երիտասարդ ժամանակ տղամարդկանց մեծ մասը հիպերսեքսուալ է, մոտավորապես 17-23 տարեկանում վրա է հասնում սեռական ակտիվության առաջին պիկը: Սա տեղի է ունենում արագ սեռական հասունացման, արական հորմոնի՝ տեստոստերոնի ավելցուկային արտադրության հետևանքով, ինքնաճանաչման և կանանց հետ հարաբերությունների պատճառով: Այս շրջանում սեռական առումով հնարավորությունները մեծ են, գրգռման մակարդակը՝ շատ բարձր:

 

Սակայն կան նաև թերություններ. քանակը փոխարինում է սեռական  ակտերի որակին և տևողությանը:   

 

Ի դեպ, կանայք այս տարիքում, սովորաբար, չեն հասցնում բացահայտել իրենց սեռական պահանջմունքները, և ավելի ուշ են հասունանում:

 

Աստիճանաբար տղամարդիկ սեռական փորձ են կուտակում, իսկ հորմոնային ֆոնը կայունանում է, տեստոստերոնը հասնում է օպտիմալ մակարդակին: Դա հնարավորություն է տալիս ավելի լավ վերահսկել սեփական սեռական վարքը, նվազում է մշտական սեռական շփումների ցանկությունը: Դա կարող է ակտիվության անկում թվալ, սակայն, իրականում, այն պարզապես սեռական վարքի կարգավորում է, երբ կապերի որակը պակաս կարևոր չէ, քան` քանակը:

 

Այս շրջանը տևում է միջինը 23-ից մինչև 30-35 տարեկանը:  

 

Տղամարդկանց մոտ սեռական ակտիվության անկումները

 

Տարիքի հետ տղամարդանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում է, ինչն ազդում է նաև ցանկության վրա:  40 տարեկանում տղամարդկանց մեծ մասի մոտ սկսվում է սեռական ակտիվության բացահայտ անկում: Սա կապված է ո՛չ միայն հորմոնային ֆոնի հետ, այլ նաև պատասխանատվության աճող մակարդակով, գործերի քանակով և պարտականություններով: Կուտակվող հոգնածությունը և սթրեսը բացասաբար են ազդում սեռական կյանքի վրա:  

 

Այս տարիքում գրգռման մակարդակն արդեն ցածր է, այդ պատճառով սեքսուալ տրամադրվածության վրա մեծ ազդեցություն ունեն արտաքին միջավայրը և հոգեբանական պահերը: Հասուն տղամարդուն արդեն կարող է լրացուցիչ խթան պահանջվել` սեքսով հետաքրքրվելու համար:  Տղամարդը կարող է խոսել և մտածել սեռական կյանքի մասին ոչ պակաս հաճախ, սակայն, երիտասարդության համեմատ, հակումը կլինի անխուսափելիորեն ցածր:

 

45-50 տարեկանից հետո տղամարդկանց մեծ մասն ունի խնդիրներ՝ կապված սրտի, անոթների և սեռական համակարգի առողջության հետ, որոնք անդրադառնում են էրեկցիայի կայունության վրա և այն թուլացնում են: Տղամարդկանց գրեթե կեսը 50 տարեկանից հետո գանգատվում է էրեկցիայի հետ կապված խնդիրներից:

 

Հիվանդությունները հաճախ պահանջում են դեղորայքի ընդունում, որոնց մի մասը բացասաբար է ազդում սեռական ակտիվության վրա:

 

Բացի տարիքից և քրոնիկական հիվանդություններից, հաճախ ավելորդ քաշ է առաջանում: Ճարպային բջիջների ավելցուկը և նստակյաց կենսակերպը նվազեցնում են տեստոստերոնի մակարդակը և, նույնիսկ, կարող են խթանել կանանց հորմոնների արտադրությունը: Սթրեսը նույնպես խնդիրներ է առաջացնում, քանի որ այս դեպքում արտադրվում է սթրեսի հորմոն կորտիզոլ, որն ընկճում է տեստոստերոնի սինթեզը:  

 

Ինչպե՞ս բարձրացնել տղամարդու սեքսուալ ակտիվությունը տնային պայմաններում

 

Ոչ բոլոր տղամարդիկ են առնչվում սեռական կյանքի խնդիրների հետ որոշակի տարիքում, դա շատ անհատական է: Սակայն, եթե այն տեղի է ունեցել, կարելի է տղամարդու սեռական ակտիվությունը բարձրացնել կենսակերպի փոփոխության միջոցով: Իհարկե, եթե չկան հիվանդություններ, այս դեպքում բժշկին դիմելը պետք է լինի առաջին քայլը:  

 

Խուսափե՛ք ավելորդ քաշից

 

Ինչպես արդեն նշեցինք, ճարպակալումն ազդում է տեստոստերոնի մակարդակի վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպակալմամբ տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը երկու անգամ ցածր է նիհարների համեմատ:

 

Արոմատազա ֆերմենտն արական անդրոգենները փոխակերպում է իգական էստրոգենների: Այդ պատճառով ճարպակալման ժամանակ, բացի ցածր սեռական ակտիվությունից, կարող է նաև նկատվել նյարդային վիճակ, կրծքագեղձերի աճ:  Ընդ որում, տեստոստերոնի մակարդակի նվազումը բերում է ավելի շատ ճարպի կուտակման: Այս արատավոր շրջանից կարելի է դուրս գալ միայն նիհարելով:  

 

Զբաղվե՛ք սպորտով

 

Ըստ շատ հետազոտությունների՝ ակտիվ մարզումը բերում է արյան հոսքի ուժեղացման, բարձրացնում է տրամադրությունը և սեռական հորմոնների մակարդակը: Կարևոր է նաև չափը չանցնելը, հակառակ դեպքում` միայն հոգնածություն կշահեք:
Դրական են ազդում նաև ուժային և շնչական ծանրաբեռնվածությունների համակցումը՝ վազքը, լողը, հեծանիվը և այլն:

 

Քիչ նյարդայնացեք

 

Իհարկե, այս խորհրդին բարդ է հետևելը, այդպիսի խնդիրներներն այնքան էլ հեշտ չեն լուծվում: Սակայն գոնե պետք է սկսել, քանի որ սթրեսն ուղղակիորեն ազդում է հակումների մակարդակի վրա: Որքան շատ է սթրեսը, այնքան ցածր է սեռական ակտիվւթյան մակարդակը:

 

Սթրեսի նվազեցման համար միասնական եղանակ գոյություն չունի, ընրեք այն, ինչը հենց Ձեզ կօգնի: Բնության արշավներ, ընկերների հետ շփում, անձնական օրագիր, յոգա. ամեն ինչ փորձեք:

 

Բավականաչափ քնե՛ք

 

Մեկ այլ հետազոտություն ապացուցել է, որ մշտական անքնությունը նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը: Հոգեբանական վիճակի մասին` էլ չենք խոսում: Նյարդային համակարգի նորմալ վերականգնման համար անհրաժեշտ է որակյալ, երկարատև քուն՝ առնվազն 7-8 ժամ:   

 

Լիարժեք սնվե՛ք

 

Հանքանյութերի և վիտամինների անբավարարությունը կարող է բացասաբար ազդել ամողջ օրգանիզմի վրա, իսկ նորմալ սեռական ակտիվության համար պետք է ուտել ո՛չ միայն սիրելի մթերքներն, այլ նաև լիարժեք սպիտակուցներ, կանաչեղեն, մրգեր, բանջարեղեն, ծովամթերք: Կան նաև, այսպես կոչված, աֆրոդիզիակներ, որոնք նպաստում են բնական ճանապարհով հակումների ուժեղացմանը ՝ բարելավելով արյունամատակարարումը:   

 

Ընդունե՛ք վիտամիններ

 

Սնուցումը կարգավորելու անհնարինության դեպքում՝ վերջինիս անկանոնության և աղքատիկությամբ պայմանավորված, ելքը մնում են վիտամինային համալիրները: Տղամարդկանց համար հատկապես կարևոր են А, Е և D վիտամինները, ինչպես նաև` ցինկը և սելենը: