Հաշմանդամություն և սեքս

2021/12/09

Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող մարդկանց համար։ Պարզապես հաշմանդամություն ունեցող մարդկանց սեռական հաճույք ստանալու ձևն ու միջոցը կարող է տարբեր լենել առողջ կամ հաշմանդամություն չունեցող մարդկանցից։

 

Ըստ վիճակագրության, աշխարհում յուրաքանչյուր տասերորդ մարդը հաշմանդամ է։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց մոտ սեռական գրգռումը կարող է կատարվել տարբեր ձևերով (թեթև հպում, ականջին` շշուկ, կամ, պարզապես, համբույր)։ Հենաշարժական համակարգի խանգարումներ ունեցող մարդիկ, սովորաբար, ավելի շատ ժամանակ են հատկացնում սեռական գրգռվածության և հաճույքի հասնելու համար: Այդ նպատակով նման մարդիկ հաճախ քննարկում են իրենց զույգերի հետ, թե ի՞նչն է խանգարում կամ ուժեղացնում նրանց սեռական հաճույքը։

 

Հաշմանդամություն ունեցող մարդիկ հաճախ ստիպված են լինում վերագտնել իրենց սեքսուալությունը: Նրանք ուսումնասիրում են իրենց մարմինը, ծանոթանում «նոր» զգայուն և էրոգեն կետերին։ Հատկապես ողնուղեղի վնասվածքներից հետո փոխվում է էրոգեն կետերի տեղակայումն ու գրգռվելու ուժգնությունը։ Այդ կետերը, սովորաբար, տեղափոխվում են վնասվածքից վերև գտնվող հատվածներ։ Իսկ նման գոտիների ինքնուրույն (կամ զուգընկերոջ օգնությամբ) խթանումը տալիս է հաճույքի վառ զգացողություն կամ, նույնիսկ, օրգազմ։

 

Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարդկանց սեռական կյանքի համար էական նշանակություն ունեն ո՛չ միայն էրոգեն գոտիները, այլև ուղեղի ներգրավումը սեռական գործողության մեջ։ Որոշ հաշմանդամ կանայք, ուղեղի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա կատարելիս, զգացել են հեշտոցի գրգռվածություն։ Հաճախ ողնուղեղի վնասվածք ստացած կանայք պարզապես հրաժարվում են տղամարդու հետ ինտիմ կապից: Իսկ երբ փորձում են հեշտոցի գրգռման միջոցով հաճույք ստանալ, հաճախ զարմանում են արդյունքից։ Թեև ողնուղեղի վնասվածքներով կանայք կարող են լավ հասկանալ իրենց սեռական ցանկությունները, սակայն տղամարդիկ կարող են այդ մասին չիմանալ։ Գիտական հետազոտություններ ավելի շատ կատարվել են հաշմանդամ տղամարդկանց շրջանում, քան` կանանց։ Դրանով հանդերձ, սակայն, առայսօր սեռական կատարողականության, հաճույքի և օրգազմի մասին ստացված տվյալները բավարար կամ հավաստի չեն։

 

Զույգերի նոր էրոգեն գոտիների հայտնաբերման ուղղված ջանքերը, ֆանտազիան և հարուստ երևակայությունը` սեքսուալության նոր փուլի համար, շատ կարևոր են։ Միաժամանակ, փաստ է, որ սեռական բավարարվածությունը նույնքան կարևոր է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, որքան առողջների մոտ: Իսկ այդ բավարարվածությանը հասնելու ճանապարհին պետք է օգտագործել բոլոր հնարավոր ներքին (հուզում, ֆանտազիա, երևակայություն) և արտաքին (գործիքներ, ֆիզիոթերապիա, պրոթեզավորում) ռեսուրսները: