Վահանաձև գեղձի վաղ ախտանշանները

2022/12/16

Վահանաձև գեղձի խնդիրների ինքնուրույն ախտորոշումն այնքան էլ հեշտ չէ, քանի որ ախտանիշները կարող են համընկնել այլ առողջական խնդիրների դրսևորումների հետ, ինչպիսիք են՝ դաշտանադադարը և կոգնիտիվ խնդիրները: Սակայն կան վահանաձև գեղձի խնդիրների վաղ նախազգուշական նշաններ, որոնց մասին պետք է տեղյակ լինել:

Որո՞նք են վահանաձև գեղձի ախտահարման վաղ ախտանշանները

 

Հոգնածություն
Բոլորն էլ կարող են զգալ  հոգնածություն, սակայն  հիպոթիրեոզի կամ վահանաձև գեղձի խանգարումների դեպքում հոգնածությունը զգալիորեն տարբերվում է: Եթե սովորական հոգնածության մասին կարելի է մոռանալ հանգստանալու կամ լավ քնելու շնորհիվ, ապա այս դեպքում անհրաժեշտ է համապատասխան բուժում ստանալ։

 

Սա հատկապես դժվար է պարզել միջին տարիքի կանանց դեպքում, քանի որ հոգնածությունը նաև դաշտանադադարի ախտանիշ է:

 

Քաշի ավելացում
Վահանաձև գեղձը կարևոր դեր ունի քաշի ավելացման գործընթացում, քանի որ այն կարգավորում է նյութափոխանակությունը: Վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել նյութափոխանակության խանգարման և մեծապես ազդել մարմնի քաշի վրա:

 

Քաշի կորուստ
Վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները կարող են հանգեցնել նաև քաշի կորստի: Չափազանց գերակտիվ վահանաձև գեղձն ավելի շատ կալորիա է օգտագործում, քան նորմալ պայմաններում, ինչն էլ կարող է, ի վերջո, հանգեցնել քաշի կորստի:

 

Սրտի դանդաղ բաբախյուն
Վահանաձև գեղձի ախտաբանությունը կարող է ազդել նաև սրտի առողջության վրա: Օրինակ, հիպոթիրեոզը հանգեցնում է վահանաձև գեղձի հորմոնի անբավարար քանակի, ինչը հանգեցնում է սրտի դանդաղ բաբախման:

 

Ժամանակի ընթացքում գեղձի անբավարար հորմոնը կարող է նաև պատճառ դառնալ զարկերակների առաձգականության կորստի, ինչը կարող է հանգեցնել արյան բարձր ճնշման։ Խոլեսթերինի բարձր մակարդակը կարող է առաջանալ նաև հիպոթիրեոզի պատճառով:

 

Սրտի զարկերի արագացում
Երբ վահանաձև գեղձն արտադրում է չափից ավելի թիրեոիդ հորմոն, ապա սա կարող է ազդել սրտի զարկերի արագության և ուժգնության վրա։

 

Զգայունություն ջերմության նկատմամբ
Անդադար շոգելու զգացողությունը գերակտիվ վահանաձև գեղձի ընդհանուր ախտանիշ է:

 

Մրսելու զգացողություն
Վահանաձև գեղձի խնդիրների առկայության դեպքում սառում են ձեռքերն ու ոտնաթաթերը։

 

Թեև այս ախտանիշները կարող են վկայել վահանաձև գեղձի հետ կապված խնդիրների մասին, այնուամենայնիվ, ճշգրիտ ախտորշման համար կարևոր է մասնագետ էնդոկրինոլոգի խորհրդատվությունն ու տարբերակիչ ախտորոշումը։