Ի՞նչ է մեղրամսի ցիստիտը (What is honeymoon cystitis)

2021/04/22

Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական հարաբերությունից, ակտիվ ու հաճախակի սեռական կյանքից կամ նոր զուգընկերոջ հետ հարաբերությունից հետո:

 

Ինչո՞ւ են կանայք հիվանդանում մեղրամսի ցիստիտով։

 

Մեղրամսի ցիստիտի պատճառները բազմաթիվ են։ Ամենակարևոր պատճառը կանանց անատոմիական կառուցվածքն է՝ կարճ միզուկը։ Կարճ միզուկը նպաստում է մանրէների ներթափանցմանը` միզապարկ: Բացի դրանից, աղիքային վարակները հեշտությամբ կարող են ուղիղ աղիքից անցնել հեշտոցամուտք, այնուհետև՝ միզապարկ։ Այլ պատճառներից են հաճախակի և երկարատև սեռական հարաբերությունը, որը կարող է նպաստել միզուկի գրգռմանն ու բորբոքմանը, այնուհետև՝ միկրոբների միզուղիներ թափանցելուն:

 

Որո՞նք են մեղրամսի ցիստիտի ախտանշանները:

 

Մեղրամսի ցիստիտը կարող է արտահայտվել բազմաթիվ ախտանշաններով՝ այրոց, արյունամիզություն, ցավոտ միզարձակություն, մեզի սուր հոտ, որովայնի ստորին հատվածների ցավեր, դող, ջերմություն, ցավոտ սեռական հարաբերություն, հոգնածություն և այլն։

Մեղրամսի ցիստիտի ախտանիշները կարող են առաջանալ սեռական հարաբերությունից հետո` մի քանի օրվա ընթացքում: Կանանց մոտ ցիստիտի առաջացման հիմնական ռիսկի գործոններն են՝ սեռական ակտիվության բարձրացումը, նոր զուգընկերոջ հետ սեռական կապը:

 

Ինչպե՞ս բուժել և կանխարգելել:

 

Սովորաբար, մեղրամսի ցիստիտը բուժվում է հակաբիոտիկներով։ Միաժամանակ տրվում են մի շարք խորհուրդներ՝ կրկնությունը կանխարգելելու կամ նվազեցնելու համար: Այսպիսով, խորհուրդ է տրվում շատ ջուր խմել, լոռամիրգ օգտագործել, ամբողջովին դատարկել միզապարկը` հարաբերությունից առաջ և հետո, խուսափել մանրէասպան քսուկներից ևայլն։

Մեղրամսի ցիստիտը կրկնվելու հակում ունի։ Հետևաբար, պետք է կատարել բոլոր կանխարգելիչ միջոցառումները, որպեսզի այն չկրկնվի, քանի որ հաճախակի ցիստիտը կարող է կնոջ սեռական հարաբերությունից հրաժարվելու պատճառ դառնալ։ Իսկ այդ պարագայում նվազում է զույգերի սեռական մտերմությունն ու կապվածությունը` առաջ բերելով հոգեբանական խնդիրներ։