Բժշկի դերը պացիենտին բուժման մեջ

2017/06/30

Ո՞րն է հիվանդի բուժման ամենահզոր դեղամիջոցը. կենսական այս հարցին պատասխանելուց առաջ արժե անդրադառնալ բժշկի դերին, որը կարող է իսկապես լինել այդ հզոր բուժման միջոցը, եւ հիվանդ-բժիշկ հարաբերությանը, որի միջոցով իրականանում է այդ բուժումը: Հիվանդի առողջացմանը նպաստում են ոչ միայն բժշկի գիտելիքներն ու կարողությունները, այլեւ բժիշկ-հիվանդ հարաբերությունները:Կան բազմաթիվ օրինակներ, երբ հիվանդը վատառողջ է, սակայն բժշկի դիմելիս վերանում են նրա գանգատները, եւ նա դժվարանում է բացատրություն տալ իր այցի եւ անհանգստության մասին: Դա երբեմն այդպես է, քանի որ հիվանդը հավատում է, որ բժիշկը այն մարդն է, ով բուժում ու լավացնում է իրեն: Հարգանքը, փոխադարձ վստահությունն ու հավատն այն հիմնական պայմաններն են բժիշկ-հիվանդ հարաբերության կայացման մեջ, որով երաշխավորվում են հիվանդի ճշգրիտ ախտորոշումն ու արագ ապաքինումը:

 

Բժիշկ-հիվանդ հարաբերության մի քանի մոդելներ կան: Ավանդական մոդելը, երբ բժշկի հսկողությունն ու ազդեցությունը հիվանդի վրա լինում է մեծ, այսինքն՝ բժիշկը թելադրում է, իսկ հիվանդը ենթարկվում է բժշկի խորհուրդներին` առանց հիվանդության մասին տեղեկանալու եւ բուժման մանրամասներին ծանոթանալու: Մյուսն՝ ընդհանուր մոդելն է, երբ հիվանդն ու բժիշկը որպես հավասար կողմեր մասնակցում են բժշկական կոնսուլտացիային. բժիշկն՝ իր կլինիկական հմտություններով, հիվանդության պատճառների, պրոգնոզի, բուժման տարբերակների իմացությամբ, իսկ հիվանդն՝ իր հիվանդության մասին անձնական պատկերացմամբ, փորձով, կարծիքով, նույնանման հիվանդներից ստացած տեղեկությամբ: Իհարկե, յուրաքանչուր մոդել ունի իր կիրարման առիթները: Օրինակ, շտապ դեպքերում ավելի հաճախ կիրառվում է ավանդական մոդելը, իսկ այլ իրավիճակներում՝ երկրորդը:

 

Ամեն պարագայում բժիշկ-հիվանդ լավ հարաբերության համար անհրաժեշտ է բժշկին` իմանալ հիվանդի եւ հիվանդության մասին, հիվանդի նկատմամբ լինել հոգատար եւ հարգալից, տեղեկացնել նրան բուժման եւ դեղորայքի կողմնակի ազդեցությունների մասին եւ խրախուսել նրա մասնակցությունը բուժման պրոցեսին: