Նոզոֆոբիա (Nosophobia)

2017/06/30

Նոզոֆոբիան կայուն եւ անբնական վախն է հիվանդության հանդեպ: Այս վիճակը կարող է մեծ ազդեցություն ունենալ մարդու կյանքի որակի վրա: Վախի զգացողությամբ ապրելը զրկում է մարդուն լիարժեք ապրելու, կենտրոնանալու եւ իր բոլոր կարողություններն օգտագործելու հնարավորությունից: Եւ հիվանդության հանդեպ այս վախը մարդու խուճապի եւ մենակության առիթ կարող է դառնալ: Նոզոֆոբիայի ախտանշաններից են շնչառության ժամանակի կարճացումն ու հաճախացումը,անկանոն սրտի աշխատանքը, քրտնարտադրությունը եւ, ընդհանուր առմամբ, սարսափի եւ վախի զգացողությունը: Իհարկե, նոզոֆոբիան յուրաքանչյուր անհատի մոտ կարող է ունենալ տարբեր դրսեւորումներ, որոնք կախված են անհատական, ժառանգական եւ կյանքի պայմաններից:

 

Ինչն է նոզոֆոբիայի (հիվանդանալու վախ) պատճառը: Բոլոր վախերի եւ ֆոբիաների նման, նոզոֆոբիան առաջանում է չգիտակված՝ որպես պաշտպանական մեխանիզմ: Դա կարող է կապված լինել կյանքի ընթացքում որեւէ հիվանդության, դեպքի, տեսարանի կամ հոգեկան տրավմայի հետ` անձնական, հարազատների կամ այլ մարդկանց օրինակով: Այսպիսով, առաջանում են բացասական երեւույթներ, եւ մարդը մտածում է, թե ինչքան վտանգավոր կամ անցանկալի վիճակի մեջ կարող է ընկնել հիվանդանալով, ինչքան ծանր հետեւանքներ կարող է թողնել հիվանդությունը իր անձի եւ ընտանիքի վրա, եւ այսպիսի հարցերի շարանը հետապնդում է մարդուն, եւ այս ամենի հետեւանքով հասունանում է նոզոֆոբիան:

 

Այս վախը հաղթահարելու համար հարկավոր է աշխատել այդ ուղղությամբ: Նախ, պետք է «մարզել» ուղեղը՝ նոզոֆոբիայի պատճառով առաջացած բացասական գրգիռները փոխարինելով բնական եւ դրական զգացողություններով: Այնուհետեւ աստիճանաբար վերականգնել վերահսկողությունը` զգացումների եւ ապրումների վրա: Իհարկե, կան նաեւ բուժական մեթոդներ (հոգեթերապիա, հիպնոս…), որոնք բարերար ազդեցություն կարող են թողնել մարդու առողջության վրա եւ ազատել նրան հիվանդանալու վախից` նոզոֆոբիայից: