Երիկամի հիվանդությունները մեծացնում են շաքարախտի զարգացման հավանականությունը

2018/11/05

Երիկամների հիվանդությամբ տառապող պացիենտների մոտ բարձր է շաքարախտի զարգացման ռիսկը: Այսպիսի եզրակացության են հանգել Վաշինգտոնի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:


Դեռ վաղուց հայտնի էր, որ շաքարախտով հիվանդներն ավելի շատ են տառապում  երիկամների խանգարումներով, քան  նրանք, ում մոտ այդ հիվանդությունն ախտորոշված չէ, սակայն այս հետազոտությամբ  գիտնականներին հաջողվեց պարզել, որ հակառակը նույնպես ճիշտ է՝ երիկամների ֆունկցիայի խանգարումները բերում են շաքարախտի զարգացման հավանականության մեծացման:  Հետազոտողները ենթադրեցին, որ այդ հիվանդությունների միջև եղած կապը պետք է փնտրել միզանյութի ազդեցության մեջ, որը հանդիսանում է սննդից ստացվող սպիտակուցների ճեղքման արդյունք: Նորմայում երիկամները միզանյութը հեռացնում են, սակայն երիկամների ֆունկցիայի խանգարման ժամանակ այդ նյութի արտազատումը դանդաղում է, և տեղի է ունենում միզանյութի կուտակում:  


Գիտնականները վերլուծեցին տվյալների ազգային բազայից ստացված՝ 2003 թվականից սկսած հինգ տարվա ընթացքում, շաքարախտով չտառապող 1,3 միլիոն մեծահասակ ամերիկացիների առողջության վերաբերյալ տեղեկատվությունը :  Հիվանդների արյան քննության տվյալները վկայում էին, որ 117000 (9%) մարդու  մոտ  բարձր էր միզանյութի ազոտի մակարդակը, ինչը վկայում էր  երիկամների ֆունկցիայի  խանգարման մասին:  Հինգ տարվա ընթացքում մասնագետների կողմից դիտարկված բարձր ցուցանիշերով մարդկանց թիվը մնացել էր մոտավորապես նույն մակարդակի վրա՝ 9%: Նրանց մեջ շաքարախտով հիվանդացությունը  23%-ով բարձր էր: Յուրաքանչյուր տարի գիտնականները  տեղեկանում էին, որ   միզանյութի  ազոտի ցածր մակարդակով  յուրաքանչյուր  100000 մարդուց ախտորոշվում է շաքարախտի 2989 դեպք, և բարձր ցուցանիշերով յուրաքանչյուր 100000 մարդուց՝ 3677 դեպք:


Ինչպես նշում են գիտնականները, ստացված տվյալները թույլ են տալիս ենթադրել, որ արյան մեջ միզանյութի կուտակումը հանգեցնում է  ինսուլինի նկատմամբ կայունության զարգացմանը, այսինքն շաքարախտին: Քանի որ արյան մեջ միզանյութի քանակը կարելի է կարգավորել դեղամիջոցների և սննդակարգի միջոցով (օրինակ՝ օգտագործվող սպիտակուցների քանակի պակասեցմամբ), գիտնականները հույս ունեն, որ հայտնաբերված կապը կօգնի մշակել կամ լրացնել  շաքարախտի կանխարգելման մեթոդները, ինչպես նաև մեկ անգամ ևս հիշեցնել առողջ սննդակարգին հետևելու    անհրաժեշտության մասին: