Ո՞րն է տղամարդու ցածր էներգիայի պատճառը

2021/07/19

Ապրելակերպն ու տարբեր բժշկական գործոններ կարող են ազդեցություն ունենալ մարդու էներգիայի անկման հարցում։ Գերհոգնածությունն ու ծանրաբեռնվածությունը մեծ դեր ունեն տղամարդկանց էներգիայի սպառման մեջ։ Տեստոստերոնի անկումն ու քնի ապնոէն նույնպես նվազեցնում են տղամարդու էներգիան։ Տղամարդու ցածր էներգիայի հիմնական նշաններն են՝ օրվա ընթացքում քնկոտությունը, կենտրոնացման դժվարությունը և մոտիվացիայի պակասը։

 

Որո՞նք են տղամարդու ցածր էներգիայի պատճառները

 

1. Սննդակարգ։ Թերսնուցումը, սխալ ու ցածր կալորիականությամբ սնունդը կարող են մարդկանց մոտ առաջացնել էներգիայի ցածր մակարդակ:

 

Ընդհակառակը, առողջ ու բալանսավորված սնունդը, որը պարունակում է բանջարեղեն, ձավարեղեն և սպիտակուցներ, կարող է բարձրացնել տղամարդու էներգիայի մակարդակը:

 

2. Ֆիզիկական ակտիվություն։ Ֆիզիկական վարժությունները մեծացնում են ադրենալինի և էներգիայի մակարդակը, իսկ ակտիվության կամ ֆիզիկական գերծանրաբեռնվածությունը կարող է հանգեցնել մկանների թուլացման և հոգնածության։

 

3. Տեստոստերոն։ Այս հորմոնը էական դեր է խաղում տղամարդու մտավոր և ֆիզիկական էներգիայի ապահովման գործընթացում: Տարիքի հետ տեստոստերոնի քանակը նվազում է, որի հետևանքով առաջանում է էներգիայի ցածր մակարդակ, հոգնածություն և ընկճվածություն: Տեստոստերոնի անբավարարության այլ ախտանիշներից են՝ դյուրագրգռությունը, կենտրոնանալու դժվարությունը, էրեկտիլ դիսֆունկցիան, անպտղությունը, մկանների զանգվածի նվազումը, գինեկոմաստիան, օստեոպորոզը ևայլն։

 

4. Քնի ապնոէ։ Քնի խանգարումները կարող են հանգեցնել էներգիայի ցածր մակարդակի: Ամենատարածված քնի խանգարումներից է քնի ապնոէն (շնչառության ընդհատում), որն առավել հաճախ հանդիպում է գեր տղամարդկանց մոտ։ Քնի ապնոէի հիմնական ախտանիշը ցերեկային քնկոտությունն է: Այլ ախտանիշներից են՝ անհանգիստ քունը, բարձր խռմփոցը, առավոտյան գլխացավերը, կենտրոնանալու դժվարությունը, դյուրագրգռությունը, անհանգստությունը։

 

5. Անքնություն։ Անքնությունը կարող է ազդել ցանկացած տարիքի տղամարդու էներգիայի վրա: Անքնության պատճառները տարբեր են՝ ֆիզիկական, հուզական և հոգեբանական:

 

6. Դեպրեսիա։ Տղամարդկանց շրջանում դեպրեսիան կարող է առաջացնել տխրություն, դյուրագրգռություն, զայրույթ, ագրեսիա, քնի խանգարում, կենտրոնանալու դժվարություն, ամենօրյա առաջադրանքների կատարման դժվարություն, սեռական ցանկության նվազում և այլն։

 

7. Սակավարյունություն։ Երկաթ դիֆիցիտային սակավարյունությունը կարող է էներգիայի պակասի պատճառ լինել, ինչը պայմանավորված է սննդում երկաթի անբավարար առկայությամբ։

 

8. Վահանագեղձի հիվանդություն։ Հատկապես հիպոթիրիոզի պայմաններում կարող են առաջանալ հոգնածություն, մթագնում, ախորժակի բացակայություն և ցրտի նկատմամբ անհանդուրժողականություն։

 

9. Այլ հիվանդություններ։ Կան մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետը, սրտային հիվանդությունները և որոշ դեղորայք, որոնք առաջացնում են հոգնածություն և էներգիայի անկում։