Տղամարդու առողջության մասին փաստեր

2022/01/14

Փաստ N1: Տղամարդիկ ավելի քիչ են դիմում բժշկի, քան` կանայք:

 

Տղամարդկանց համար ընդունված է, որ իրենք ուժեղ են և իրավունք չունեն թուլության նշաններ ցույց տալու: Սոցիալապես արմատացած այս մտածելակերպը ենթագիտակցորեն ստիպում է տղամարդկանց հավատալ, որ բժշկի գնալը թուլության դրսևորում է: Քլիվլենդի կլինիկայի կողմից անցկացված հարցումը հաստատել է այս միտումը՝ պարզելով, որ տղամարդկանց 40 տոկոսը բժշկի է դիմում միայն այն դեպքում, երբ լուրջ առողջական խնդիր ունի։

Ընդհանրապես, տղամարդիկ հազվադեպ են գնում հերթական բժշկական ստուգումների:

Տղամարդիկ նույնպես հակված են վախ դրսևորել իրենց մոտ հիվանդության ախտորոշման նկատմամբ: Նրանց 21%-ը խոստովանում է, որ խուսափում է բժշկից, քանի որ վախենում է իմանալ որևէ խնդրի կամ հիվանդության առկայության մասին։

ՏՂԱՄԱՐԴԻ՛Կ, նոր տարվա ընթացքում աշխատեք այս միտումը փոխելու ուղղությամբ քայլեր անել։ Ամոթ չէ տղամարդու հիվանդանալն ու բժշկի դիմելը։ Նույնքան կարևոր են հերթական բժշկական ստուգումները։ Դուք իրավունք ունեք ապրել առողջ ու երջանիկ։

ԿԱՆԱ՛ՅՔ, եթե սիրում եք ձեր տղամարդուն, ապա աշխատեք օգնել նրան` հաղթահարելու «ներքին» արգելքներն ու կարծրատիպերը և, անհրաժեշտության դեպքում, դիմելու մասնագետի օգնությանը։

 

Փաստ N2: Յուրաքանչյուր 6-րդ տղամարդը կարող է հիվանդանալ շագանակագեղձի քաղցկեղով:

Շագանակագեղձի քաղցկեղն ամերիկացի տղամարդկանց շրջանում ամենատարածված քաղցկեղն է: ԱՄՆ-ում 2021-ին շագանակագեղձի քաղցկեղի 248000 նոր դեպք է ախտորոշվել։ Հաշվի առնելով այս վիճակագրությունը, կարևոր է ժամանակին հետազոտվել և կանխարգելել քաղցկեղի առաջացման վտանգը` հատկապես ռիսկի խմբում գտնվող տղամարդկանց շրջանում։ Այս իմաստով, տղամարդիկ հաճախ վախ և դժկամություն են ցուցաբերում շագանակագեղձի քաղցկեղի սկրինինգային հետազոտության նկատմամբ։

ՏՂԱՄԱՐԴԻ՛Կ, շագանակագեղձի քաղցկեղը, սովորաբար, դանդաղ է աճում, ուստի շատ դեպքերում անհապաղ բուժում չի պահանջվում և կյանքին վտանգ չի ներկայացնում: Հետևաբար, շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերումն ապահովում է նրա լիակատար բուժումը։ Մի՛ հապաղեք, և 45 տարեկանը լրանալուն պես դիմեք ուրոլոգիական խորհրդատվության։

ԿԱՆԱ՛ՅՔ, ինչպես ձեր դեպքում, երբ կրծքագեղձի կամ արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելման համար ձեր ամուսիններն ուղեկցում են ձեզ` բժշկական հետազոտություն անցնելու, դուք նույնպես հիշեցրեք ձեր տղամարդկանց` յուրաքանչյուր տարի ուրոլոգիական հետազոտություն անցնելու մասին։

 

Փաստ N3: Հոգեկան առողջությունը տղամարդկանց ամենահուզող խնդիրներից է:

Ամերիկյան հոգեբանական ասոցիացիան հայտնում է, որ տղամարդկանց 30,6%-ն իր կյանքի ընթացքում տառապում է դեպրեսիայի պատճառով, որի դեպքում նույնպես տատանվում են մասնագիտական օգնություն փնտրել։

Հայտնի է, որ տղամարդիկ չեն սիրում խոսել իրենց զգացմունքների և խնդիրների մասին. համարում են, որ զգացմունքների քննարկումը խոցում է նրանց «տղամարդկային» արժեքներն ու արժանապատվությունը։

ՏՂԱՄԱՐԴԻ՛Կ, գտեք այն մարդուն կամ մասնագետին, ում մոտ կբացեք ձեր «հոգու ծալքերը», ում հետ կխոսեք ձեզ հուզող կամ խանգարող բոլոր զգացումների մասին։ Դա ձեզ կբերի թեթևություն և հանգստություն։

ԿԱՆԱ՛ՅՔ, խոսեք ձեր տղամարդկանց հետ, խրախուսեք նրանց պատմել իրենց զգացմունքների մասին։ Այդպիսի զրույցները կարևոր են ձեր երկուսի համար։

 

Փաստ N4: Առողջ ապրելակերպը տղամարդկանց առողջության պահպանման ամենակարևոր պայմանն է:

Վիճակագրությունը հաստատում է, որ տղամարդիկ վարում են ոչ առողջ վարքագիծ։ Նրանք ավելի շատ են խմում և ծխում, քան` կանայք: Ծխախոտը վնասակար ազդեցություն ունի ընդհանուր, միզասեռական և վերատադրողական առողջության վրա։ Թմրանյութերն ու ալկոհոլը նույնպես առողջական լուրջ խնդիրներ են առաջացնում թոքերի, սրտանոթային համակարգի, լյարդի, ուղեղի և այլ օրգանների վրա։

Տղամարդիկ ավելի քիչ միրգ ու բանջարեղեն են օգտագործում, քան` կանայք։ Փոխարենը նրանք ավելի շատ նախընտրում են միս և կաթնամթերք: Այս իմաստով սոցիալ-մշակութային նորմերը կարող են ենթագիտակցորեն ազդել տղամարդկանց սննդակարգի ընտրության հարցում, և դա իր հերթին կարող է վնասել առողությանը։

Առողջական վարքագծի պատճառով տղամարդիկ ավելի կարճ կյանքի տեւողություն ունեն, քան` կանայք: Տղամարդիկ միջինը 5 տարի ավելի քիչ են ապրում, քան` կանայք: Կյանքի տևողության այսպիսի վիճակագրությունը մեզ ստիպում է մտածել և համապատասխան քայլեր ձեռնարկել տղամարդկանց առողջության բարելավման ուղղությամբ։

ՏՂԱՄԱՐԴԻ՛Կ, հետևեք առողջ ապրելակերպին, քանի որ դրանով կփոխվի ձեր առողջության վարքագիծը։ Ծխախոտը, ալկոհոլի չարաշահումը և պասիվ կյանքը ձեր առողջության թշնամիներն են։

ԿԱՆԱ՛ՅՔ, օգնեք ձեր տղամարդուն ճիշտ սնվելու, քանի որ դուք եք տղամարդու սննդի մատակարարը։ Կարևոր է նաև միասին քայլել, վազել, արշավների գնալ և զանազան ակտիվություններ ցուցաբերել։