Ինչո՞վ է վտանգավոր հասարակ բալանոպոստիտը

2021/02/16

Հաճախ տղամարդիկ ուշադրություն չեն դարձնում թլիպի և առնանդամի գլխիկի բորբոքմանը և ուրոլոգին դիմում են միայն սրացման շրջանում, երբ դրանք ծածկվում են բծերով, միզարձակումը դառնում է ցավոտ, իսկ սեռական հաճույքների մասին մնում է երազել։ Սակայն այս ամենից հնարավոր է խուսափել կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ։.

 

Տերմինն իր մեջ ներառում է երկու հասկացություն՝ բալանիտ (առնանդամի գլխիկի կարմրություն) և պոստիտ (թլիպի բորբոքում)։ Բալանոպոստիտը հենց բորբոքումն է, որը հարուցվել է վարակի կոնկրետ տեսակով, այլ ոչ հենց վարակը։ Այն կարող է լինել առաջնային կամ երկրորդային՝ պայմանավորված առաջացման բնույթով։  

 

Առաջնային բալանոպոստիտն առաջանում է անձնական հիգիենայի բացակայության հետևանքով, ինչպես նաև ֆիմոզի առկայության դեպքում, երկրորդայինը դրսևորվում է որպես միզասեռական համակարգի հիվանդության հետևանք, օրինակ` ուրետրիտի։

 

Գոյություն ունեն հիվանդության մի քանի տարատեսակ՝ պայմանավորված բակտերիալ ֆլորայի տեսակով, և յուրաքանչյուրն էլ վտանգավոր է։ Առավել հաճախ հանդիպում է կատարալ (հասարակ) տեսակը, որի ժամանակ անզեն աչքով երևում են առնանդամի և թլիպի այտուցվածությունն ու կարմրությունը։   

 

Բարձիթողի դեպքերում կարող է առաջանալ թարախային արտադրություն՝ էպիթելի մնացորդներով։ Վնասված մասում մաշկի այտուց՝ էպիթելի հետագա մեռուկացմամբ, տեղի է ունենում էրոզիվ բալանոպոստիտի ժամանակ, որը համարվում է ծայրահեղ վտանգավոր ձև և նպաստում է ֆիմոզի առաջացմանը։

 

Հազվադեպ, սակայն նույնքան վտանգավոր է համարվում հիվանդության գանգրենոզ ձևը, որի ժամանակ առնանդամի վրա առաջանում են ճաքեր և խոցեր, հնարավոր են ընդհանուր թուլություն և ջերմության բարձրացում, ուժեղ ցավ և քոր:  Ցանը հաճախ առաջանում է սնկային, կանդիդոզ բալանոպոստիտի ժամանակ։ Աէրոբ ձևը կարող է նպաստել ճաքերի առաջացմանը։ Անաէրոբ ձևի ժամանակ տեղի է ունենում աճուկային շրջանի ավշային հանգույցների բորբոքում, որն ուղեկցվում է տհաճ արտադրությամբ և կարող է ուղեկցվել էրոզիաների առաջացմամբ։

 

Ցիրցինար բալանոպոստիտի վարակի հարուցիչները խլամիդիաներն են։ Այս դեպքում առնանդամի վրա առաջանում են վառ կարմիր բծեր, վարակը կարող է տեղի ունենալ ցանկացած չպաշտպանված սեռական հարաբերության ժամանակ։ Հարկ է նշել, որ բալանոպոստիտի պատճառները հաճախ միանգամից մի քանի տեսակ մանրէներ են և ախտորոշել կարելի է միայն լաբորատոր հետազոտությամբ:

 

Հիվանդությունը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, նույնիսկ` նորածինների մոտ, օրինակ, լողանալու ժամանակ մաշկի տակ սնկերի և մանրէների կուտակման դեպքում։ Մեծ վտանգի են ենթարկվում ֆիմոզով, նեղ և անշարժ թլիպով տղաները, ովքեր լիարժեք չեն կարողանում իրականացնել հիգիենիկ գործողությունները։

 

Կարո՞ղ է թլպատումը կանխել այս հիվանդությունը։

 

Որոշ կրոնների համաձայն տղամարդկանց թլպատումը վաղ տարիքում համարվում էր պարտադիր, սա այն ժամանակ, երբ դեռ չկային ջրատարներ, իսկ բժշկությունը դեռևս այնքան զարգացած չէր։ Թլպատումը լուծում էր հիգիենիկ խնդիրների մի մասը։

 

Այսօր կան հիգիենային հետևելու բոլոր պայմանները, խորհուրդ է տրվում լվացվել օրական առնվազն երկու անգամ և պարտադիր սեռական հարաբերությունից առաջ և հետո։

 

Ժամանակակից աշխարհում տղաների թլպատումն իրականացվում է թլիպի շատ կիպ ընդգրկման ժամանակ և բացասական միկրոֆլորայի կուտակման ռիսկի դեպքում։ Այս մեթոդին դիմում են նաև մեծահասակները` վաղաժամ էյակուլյացիայի խնդիրները լուծելու համար։  Թլպատումից հետո նվազում է վերարտադրողական օրգանի` գլխիկի, զգայնությունը, ինչի շնորհիվ երկարում է սեռական ակտը։

 

Որո՞նք են հիվանդության զարգացման նախադրյալները։  

 

Նախադրյալներից կարելի է առանձնացնել ցածր իմունիտետը, սեռական օրգանի վնասվածքները, մրսածությունը, քրոնիկ հիվանդությունները, սեռական զուգընկերների հաճախակի փոփոխությունները, հիգիենայի կանոններին չհետևելը։ Բալանիտը կարող է լինել վեներական հիվանդության հետևանք, որը չի ախտորոշվել կամ մինչև վերջ չի բուժվել։ Բացի այդ, այն կարող է տարատեսակ մանրէներով և սնկերով հարուցվել, որպես կանոն, խառը, այդ պատճառով արդյունավետ բուժման համար կարևոր է ճիշտ ախտորոշել։

 

Բալանոպոստիտը միայն տղամարդկայի՞ն հիվանդություն է։ Հնարավո՞ր է վարակվել սեռական հարաբերության ժամանակ։

 

Կանայք նույնպես կարող են վարակվել տրիխոմոնադային ձևով սնկային հիվանդության ժամանակ։ Ցանկացած տեսակի սեռական հարաբերության ժամանակ կարող է վարակվել թե տղամարդը, թե կինը, սակայն միայն այն դեպքում, երբ կան տվյալ մանրէների զարգացման համար նախադրյալներ։ Այսինքն, ախտաբանության ակտիվացման և դրսևորման համար պահանջվում է երկու հիմնական գործոնների առկայություն. ոչ միայն վարակ, այլ նաև վերջինիս բազմացման համար անհրաժեշտ բարենպաստ միջավայր։    

 

Կանանց մոտ բալանոպոստիտն ունի ախտանիշներ, որոնք շատ նման են այլ սեռավարակների դրսևորումներին, որոնք փոխանցվում են սեռական հարաբերության ժամանակ։ Այդ պատճառով վարակի տեսակը հայտնաբերել և ճիշտ բուժում կարելի է իրականացնել միայն մանրամասն հետազոտության ժամանակ։

 

Կարելի՞ է սեքսով զբաղվել բալանոպոստիտի ժամանակ։  

 

Բժիշկները խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ սեռական հարաբերություններից։ Նախ, քիչ հավանական է, որ այն հաճույք կպատճառի հիվանդին, ով անհարամարավետություն և ուժգին ցավ կարող է ունենալ։
Երկրորդը, սեքսի ժամանակ տեղի է ունենում մաշկային ծածկույթների առավել գրգռում, որը խորացնում է իրավիճակը։ Եվ երրորդը, տղամարդը կարող է ոչ միայն նոր մանրէներով վարակվել, այլ նաև վարակել իր զուգընկերուհուն։

 

Կարո՞ղ է գաղտնի ընթանալ։

 

Բալանոպոստիտը գաղտնի շրջանի հստակ սահմաններ չունի։ Ախտանիշների առաջացման ժամկետը պայմանավորված է բորբոքում առաջացնող միկրոօրգանիզմների տեսակով և իմունային համակարգի անհատական առանձնահատկություններով։  Որքան բարձր է իմունիտետը, այնքան հիվանդությունը կարող է ուշ դրսևորվել։   

 

Սակայն կան նաև մանրէների այնպիսի տեսակներ, որոնց ժամանակ ախտանիշները դրսևորվում են ավելի ուշ շրջանում։ Այդ պատճառով երբեք ավելորդ չէ ընդհանուր հետազոտության ժամանակ կանխարգելիչ զննում անցնել նաև ուրոլոգի մոտ։  

 

Ինչո՞վ է վտանգավոր բալանոպոստիտը։  

 

Բարդությունները կախված են տարիքից և պացիենտի իմունիտետի մակարդակից, վարակման տեսակից և խտությունից, ուղեկցող հիվանդությունների առկայությունից, բժշկին ժամանակին դիմելիությունից և ճիշտ ախտորոշումից։ Ցավոք, առաջին ախտանիշների դեպքում ոչ բոլոր տղամարդիկ են շտապում` դիմել բժշկի։ Առանց բուժման, առնանդամի կարմրությունը, որն արտաքինից այնքան էլ վտանգավոր չի թվում, կարող է բերել միզասեռական խողովակում և ambողջ միզասեռական համակարգում բորբոքային գործընթացների առաջացման։ Բժշկի այցելությունը հետաձգելու դեպքում այդ ամենը կարող է անդրադառնալ սեռական կյանքի որակի վրա և, որպես հետևանք, ընդհանուր առողջական վիճակի վրա։

 

Կարող են սպիներ առաջանալ, նվազի սեռական օրգանի զգայնությունը, իսկ ծայրահեղ դեպքերում հնարավոր է վերջինիս ատրոֆիա։

 

Կա՞ն կանխարգելիչ միջոցներ

 

Կանխարգելիչ միջոցառումները հարկ է իրականացնել նորածնի ծնվելու պահից։ Առաջին հերթին, պետք է կրծքի երեխայի առնանդամի մաշկը չտեղաշարժել՝ այն չպատռելու և բորբոքմանը չնպաստելու համար։ Տակդիրները պետք է համապատասխան չափով ընտրել, որպեսզի շեքը չհարվի և պարբերաբար հանել դրանք՝ աճուկային շրջանում մաշկը օդափոխելու համար։

 

Ավելի ուշ հասակում տղաները պետք է սովորություն ունենան ջրային միջոցառումների ժամանակ տեղաշարժել թլիպը և մանրամասն լվանալ գլխիկը, հետևել սպիտակեղենի մաքրությանը, իսկ հիվանդության առաջին նշանների դեպքում` անմիջապես դիմել ուրոլոգին։