Հիպոսպադիա
Հիպոսպադիան զարգացման արատ, որի ժամանակ միզատար խողովակի արտաքին բացվածքը տեղակայվում է ոչ թե առնանդամի ծայրին, այլ նրա ստորին մակերեսի, ամորձապարկի կամ շեքի վրա: Հանդիպում է 1000 նորածնից 5-8 տղայի մոտ, կամ մոտավորապես 200 նորածնից մեկի մոտ: Այս ախտաբանությունը հանդիպում է 150 նորածնից մեկի մոտ: Աղջիկների մոտ չի հանդիպում:
Պատճառները
Գենետիկական խանգարումներն են:
Ձևերը
Միզատար խողովակը զարգացած չէ, երկարությունն էլ` կարճ է: Այնտեղ, որտեղ պետք է գտնվեր միզատար խողովակը, շարակցական հյուսվածքից կարծր սպի է առաջանում (քորդա), ինչի հետ կապված, առնանդամը կորացած է, թլիպի մաշկը չի ծածկում առնանդամի գխիկը:
Միզուկի բացվածքը կարող է գտնվել առնանդամի ստորին մակերևույթի ցանկացած կետում՝ հիմքից մինչև գլխիկ: Ըստ բացվածքի տեղակայման, տարբերում են հիպոսպադիայի հետևյալ տեսակները:
- Գլխիկային ձև (բացվածքը գտնվում է առնանդամի գլխիկի վրա, բայց ոչ իր սովորական տեղում), որն ամենահաճախն է հանդիպում, և կազմում է հիպոսպադիայի բոլոր դեպքերի 65-75%-ը: Հաճախ միզատար խողովակի բացվածքը տեղակայված է պսակաձև ակոսին մոտ:
- Ցողունային ձև (բացվածքը գտնվում է առնանդամի մարմնի ստորին մակերևույթին), որի ժամանակ թեքվածության աստիճանը կախված է միզատար խողովակի բացվածքի տեղակայումից. որքան այն հեռու է իր նորմալ տեղակայումից, այնքան ավելի արտահայտված է առնանդամի թեքվածությունը: Հնարավոր է` միզատար խողովակի բացվածքի նեղացում:
- Ամորձապարկային ձև (բացվածքը գտնվում է ամորձապարկի շրջանում):
- Շեքային ձև (միզատար խողովակի բացվածքը բացվում է շեքի շրջանում)
- Ամորձապարկային և շեքային ձևեր. առնանդամը կտրուկ թեքված է և փոքրացած: Միզատար խողովակի արտաքին բացվածքը կարող է զգալիորեն լայնացած լինել: Թլիպը կարող է ճեղքված լինել:
Հաճախ հանդիպում է դիստալ հիպոսպադիա, որի ժամանակ միզուկի բացվածքը տեղակայվում է առնանդամի պսակաձև ակոսում (80-85%): Հազվադեպ` բացվածքը գտնվում է առնանդամի ցողունի մեջ (10-15%), ավելի հազվադեպ՝ շեքում (5-10%):
Աղջիկների մոտ հիպոսպադիա հազվադեպ է առաջանում: Այս դեպքում միզատար խողովակը ճեղքված է հետին մակերեսին, հեշտոցի առաջային պատը կուսաթաղանթն է: Միզուկը բացվում է հեշտոցում: Սովորաբար կանացի հիպոսպադիան դրսևորվում է անմիզապահությամբ:
Ախտորոշումը
Դժվարություն չի ներկայացնում: Ախտորոշվում է սովորական զննման ժամանակ:
Բուժումը
Կատարվում է առնանդամի վիրաբուժական ուղղում և միզատար խողովակի թերի մասի պլաստիկա: Գլխիկային ձևի և առնանդամի ոչ մեծ թեքվածության ժամանակ բուժում չի պահանջվում: Վիրահատական բուժման լավագույն ժամկետը համարվում է 2-5 տարեկանը: Արտերկրում հիպոսպադիան վիրահատում են 6-15 ամսականում:
Գոյություն ունեն հիպոսպադիայի վիրահատության տասնյակ տեսակներ: Վիրահատական միջամտությունը կարելի է իրականացնել մեկ կամ երկու փուլով: Հատվում է քորդան և առնանդամի խորշիկավոր մարմինների նորմալ զարգացման համար պայմաններ են ստեղծվում: Եթե վիրահատական բուժումն իրականացվում է մեկ փուլով, ապա միզատար խողովակի պլաստիկան անմիջապես է իրականացվում: Երկփուլ բուժման ժամանակ միզուկի պլաստիկան իրականացվում է նախադպրոցական հասակում: Պլաստիկայի համար որպես նյութ ծառայում են առնանդամի մաշկը, թլիպի կամ ամորձապարկի մաշկը, երբեմն` ազատ տրանսպլանտանտները (կույր աղու որդանման ելունը, միզապարկի լորձաթաղանթը):
Աղջիկների մոտ իրականացվում է հեշտոցի պատից միզատար խողովակի ստեղծման պլաստիկ վիրահատություն և միզապարկի սեղմանի պլաստիկա: