Ինչո՞ւ են փռշտում սեքսի ժամանակ…

2021/12/30

- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:

 

Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց` սեռական հարաբերության ժամանակ։ Իսկապես, ինձ համար զարմանալի ու անծանոթ մի վիճակ էր վերոնշյալ գանգատը: Նախ` պարզեցի, որ հիվանդի հոգեկան վիճակը կայուն է: Այնուհետև տեղեկացա, որ հիվանդի սեռական հարաբերության ժամանակ փռշտալու սովորությունն ունի մոտավորապես 10 տարվա վաղեմություն, անմիջական կամ հավանական պատճառ չի նշում, հանդիպում է մշտապես` բոլոր զուգընկերների հետ հարաբերության ժամանակ, և այլն: Մեկ խոսքով, այն դարձել է իր սեռական կյանքի անբաժան մասը:

 

Վերլուծելով այս երևույթը, տեղեկացա, որ սեռական հարաբերության ժամանակ փռշտոցը կարող է առաջանալ տղամարդկանց և կանանց` սեռական ցանկության, գրգռման, հարաբերության և օրգազմի ժամանակ: Այն կախված չէ քթի արտաքին գրգիռների կամ ալերգենների հետ, և կարող է առաջանալ սեռական հարաբերության որևէ փուլում:

 

Այս երևույթի պատճառը հիմնականում կապված է վեգետատիվ նյարդային համակարգի հետ, և, հավանաբար, առաջանում է տարբեր գրգիռների փոխանցման ժամանակ` նրանց խաչվելու հետևանքով: Այլ պատճառ կարող է դիտվել այն, որ էրեկտիլ հյուսվածքի առկայությունը քթում կարող է բերել դրանց գրգռմանն ու փռշտոցի առաջացմանը:

 

Այսպիսով, այս երևույթի բացատրությունը վերջնականապես պարզ չէ, հետևաբար` բուժումը կամ կանխարգելումը` նույնպես: Մնում է միայն մեկ լուծում` փռշտալ, փռշտալ, մինչև վերջ:

 

Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ