Շագանակագեղձը միզասեռական օրգան է, հետևաբար, ախտահարվելիս ազդեցություն ունի միզային, սեռական և վերարտադրողական համակարգերի վրա։
Շագանակագեղձի ամենատարածված հիվանդություններն են.
• Շագանակագեղձի ադենոմա
• Շագանակագեղձի քաղցկեղ
• Շագանակագեղձի բորբոքում կամ պրոստատիտ
Շագանակագեղձի հիվանդությունների ախտանշաններն են.
• Հաճախամիզություն
• Գիշերային հաճախամիզություն
• Դժվարամիզություն
• Միզարձակման շիթի նվազում
• Միզարձակման ընդհատում
• Ցավոտ միզարձակություն
• Արյունամիզություն
• հեմատոսպերմիա (արյուն սերմի մեջ),
• Էրեկցիայի խանգարում կամ դժվարացում
• Ցավոտ կամ տհաճ սերմնաժայթքում,
• Ցավեր՝ մեջքի ստորին հատվածի, վերցայլքային կամ շեքի շրջաններում:
Այսպես, պրոստատիտը շագանակագեղձի բորբոքումն է, որն ուղեկցվում է նաեւ ստորին միզուղիների բորբոքումով: Առավել հաճախ հանդիպում է երիտասարդ կամ միջին տարիքի տղամարդկանց մոտ:
Ախտանշաններն են` միզապարկի եւ շեքի շրջանում անհարմարավետության զգացումը, ցավերն ու տհաճ զգացողությունը սերմնաժայթքման ժամանակ, երբեմն նաև` էրեկտիլ դիսֆուկցիա:
Շագանակագեղձի բարորակ հիպերպլազիան կամ ադենոման հանդիպում է 50 տարեկանն անց տղամարդկանց մոտ եւ արտահայտվում է դժվարամիզությամբ ու միզարձակման արագության նվազմամբ:
Շագանակագեղձի քաղցկեղը շատ տարածված ուռքուցք է և հանդիպում է յուրաքանչյուր 6-րդ տղամարդու մոտ։ Այն դասվում է դանդաղ աճող ուռուցքների շարքին: Այս հիվանդության ռիսկի գործոններ են՝ ժառանգականությունը, արական սեռական հորմոնները, սննդակարգում մեծ քանակությամբ ճարպերի առկայությունը եւ այլն: Հիվանդության ախտածագման մեջ ժառանգականությունն ունի դեր։ Ի տարբերություն շատ այլ ուռուցքների, այս դեպքում վաղ ախտորոշումը եւ բուժումը հանգեցնում է հիվանդի գրեթե լիարժեք ապաքինման:
Այս իմաստով տղամարդու կյանքի որակը եւ առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է հատկապես 45 տարեկանից հետո տարին մեկ անգամ դիմել ուրոլոգիական խորհրդատվության, որի ժամանակ կատարվում է շագանակագեղձի մատնային քննություն, պրոստատիկ սպեցիֆիկ անտիգեն (օնկոմարկեր) թեստ, ՈՒՁ հետազոտություն և, անհրաժեշտության դեպքում, շագանակագեղձի բիոփսիա: Քաղցկեղի ռիսկի գործոններից են` մեծ տարիքը, ժառանգականությունը, միջավայրի թունավոր և քիմիական նյութերի առկայությունը, ծխախոտը, գիրությունը և այլն: Ուշադրության արժանի է հատկապես ընտանեկան պատմությունը, որի պարագայում ռիսկային գործոնը կրկնապատկվում է: Արական սեռական հորմոնը` տեստոստերոնը, նույնպես ունի ուռուցքային աճը խթանող ազդեցություն: Սեռավարակները եւս մեծացնում են շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Սեռական ակտիվության և քաղցկեղային հիվանդության կապին վերաբերող հաստատված տվյալներ չկան:
Ընդհանուր առմամբ, շագանակագեղձի հիվանդություններից խուսափելու համար պետք է սահմանափակել ճարպային սնունդը (հատկապես կենդանական ճարպերը), օգտագործել շատ բանջարեղեն և պտուղ, ձկնեղեն, խուսափել քնելուց առաջ մեծ քանակի հեղուկի օգտագործումից, չհետաձգել միզարձակությունը, խուսափել գերսառեցումից կամ գերտաքացումից, սահմանափակել սուրճի, սուր համեմունքների և ալկոհոլի օգտագործումը, վարել ակտիվ, կանոնավոր սեռական կյանք և ակտիվ կենսակերպ։
Այս բոլոր միջոցառումներն ուղղված են պրոստատի հիվանդությունների կանխմանը, հետեւաբար` տղամարդու առողջության պահպանմանը։