Շագանակագեղձի քարեր (Prostate calculi)
Շագանակագեղձի քարերը լինում են տարբեր չափի ու քանակի։ Շատ դեպքերում քարերի առկայությունն ընթանում է անախտանիշ և հայտնաբերվում են պատահական՝ բժշկական հետազոտությունների ժամանակ: Իսկ երբեմն քարերը կարող են արտահայտվել շագանակագեղձի և միզուղիների բորբոքման ախտանիշներով ու բարդություններով։
Քարերի առաջացման հիմնական պատճառներն են շագանակագեղձի արտազատուկում բորբոքային կուտակումներն ու միզային խցանումները։
Շագանակագեղձի քարերի հիմնական ախտանիշներն են՝ մեջքի ստորին հատվածի, առնանդամի և շեքի շրջանի ցավերը, միզարձակման խանգարումները։
Երբեմն հանդիպում են նաև սերմնաժայթքման ցավեր ու էրեկտիլ դիսֆունկցիա։
Շագանակագեղձի քարերն ավելի հաճախ հանդիպում են միջին կամ բարձր տարիքի տղամարդկանց մոտ, և ուղեկցվում են շագանակագեղձի գերաճի, քաղցկեղի կամ բորբոքման ախտանիշներով։
Անախտանիշ ընթացող քարերի առկայությունը բուժում չի պահանջում, իսկ ախտանիշներով ուղեկցվող քարերի բուժման համար կիրառվում են տարբեր միջոցներ՝ դեղորայքային կամ վիրահատական։