/

Սեփական առողջությամբ հետաքրքրվելու միտում է նկատվում. Ռաֆֆի Ջանեցյան

2017/07/04

 

Ռաֆֆի ՋԱՆԵՑՅԱՆՆ արդեն 12 տարի է` աշխատում է որպես ուրոլոգ: Հայաստանի անկախության առաջին տարիներին նա Սիրիայից հայրենադարձվեց Հայաստան` հայրենիքում ապրելու և աշխատելու հաստատակամությամբ: Նա մասնագիտացել է ուրոլոգիայի ոլորտում և վերապատրաստվել Բոստոնի համալսարանական կլինիկայում` պրոֆեսոր Ռիչարդ Բաբայանի ղեկավարությամբ: Այժմ աշխատում է մայրաքաղաքի Ուրոլոգիայի կենտրոնում:
Հայաստանում բժշկության, մասնավորապես ուրոլոգիայի ոլորտում առկա բացերի ու ձեռքբերումների մասին զրուցեցինք` բժիշկ Ռաֆֆի Ջանեցյանի հետ:


– Պարոն Ջանեցյան, ուրոլոգիան Հայաստանում զարգացման ի՞նչ մակարդակում է:  


– Վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանում վերջին 15 տարիներին ուրոլոգիան մեծ թափով զարգացել է շնորհիվ այն բանի, որ մեծ թվով տեղացի բժիշկներ վերապատրաստվել են արտասահմանյան լավագույն կլինիկաներում: Բացի դա` այնտեղից մասնագետներ ժամանեցին Հայաստան` մեր բժիշկներին զինելով ուրոլոգիայի վերջին ձեռքբերումներով, տեսական և գործնական գիտելիքներով, ինչպես նաև բժշկական սարքավորումներով:
Ուրոլոգիան բժշկության կարևոր օղակներից մեկն է, քանի որ այն առնչվում է մարդու կենսական օրգաններին` միզասեռական և վերարտադրողական համակարգերին: Հետևաբար ուրոլոգիան կարելի է համարել  կյանքի որակի բարելավմանը ծառայող մասնագիտություն:


– Մեր հասարակությունը որքանո՞վ է տեղեկացված բժշկագիտության այս ոլորտի մասին: Շատերի գիտակցության մեջ դեռևս իշխում է այն կարծրատիպը, թե ուրոլոգիան զբաղվում է միայն տղամարդկանց միզասեռական հիվանդություններով, իսկ ուրոլոգը բուժում է` միայն տղամարդկանց: 


–  Իրավացի եք` վերոնշյալ թյուր կարծիքը տարածված է: Իրականում ուրոլոգիան տղամարդկանց և կանանց առողջության վերաբերող մասնագիտություն է, իսկ գինեկոլոգիան` միայն կանանց վերաբերող: Ուրոլոգիան զբաղվում է հավասարապես թե արական, թե իգական սեռերի միզասեռական համակարգի բուժմամբ և վիրաբուժությամբ, ինչպես նաև տղամարդկանց վերարտադրողական խնդիրներով: Օրինակ` ընդհանուր են երիկամների, միզածորանների ու միզապարկի, միզաքարային, բորբոքային և ուռուցքային հիվանդությունները: Ուրոլոգը բուժում է նաև տղամարդկանց սեռական օրգանների հիվանդությունները և անպտղությունը: Սա ուզում եմ շեշտել, քանի որ ցավոք բավական տարածում է գտել այն երևույթը, որ որոշ գինեկոլոգներ հանձն են առնում բուժել տղամարդկանց սեռական խանգարումներն ու անպտղությունը: Այս երևույթը հղի է ծանր հետևանքներով, քանզի սպառնում է հիվանդի առողջությանը և հակասում է բժշկական էթիկայի կանոններին: Ամեն մարդ պետք է զբաղվի իր մասնագիտությամբ:


– Գուցե տեղեկացվածության պակա՞սն է մարդկանց շփոթության մեջ գցում: Շատ կանայք, օրինակ, չգիտեն, որ միզօրգանների ախտահարման դեպքում պետք է դիմել ոչ թե գինեկոլոգին, այլ նեղ մասնագետին` ուրոլոգին:  


– Եթե ուրոլոգիական խնդիր է` պետք է ուրոլոգին դիմել: Իհարկե, երբեմն կարիք է լինում, որ մասնագետները համագործակցեն (ուրոլոգ, գինեկոլոգ, պրոկտոլոգ…), ինչն ապահովում է հիվանդի ճիշտ ախտորոշումն ու բուժումը: Լինում են դեպքեր, երբ հիվանդը սխալ կողմնորոշվելով` դիմում է ուրիշ մասնագետի, նա էլ համապատասխան մասնագետի ուղեգրելու փոխարեն` փորձում է ինքը բուժել:


– Ուրոլոգիական ո՞ր հիվանդություններն են մեր երկրում առավել տարածված ու խնդրահարույց:  


– Դրա վերաբերյալ վիճակագրական ստույգ տվյալներ չկան: Սակայն ինչպես աշխարհի բոլոր երկրներում` շատ տարածված են բորբոքային հիվանդությունները, սեռավարակները (որոնք սեքսուալ հեղափոխության, զուգընկերներին հաճախակի փոփոխելու, սեռական ազատ հարաբերությունների կանխատեսելի հետևանք են), տղամարդկանց անպտղությունը, իսկ քաղցկեղային հիվանդություններից առավել տարածված է  միզապարկի քաղցկեղը, այն հատկապես տարածված է ծխող տղամարդկանց շրջանում: Կան նաև այլ հիվանդություններ` շագանակագեղձի ադենոմա, պրոստատիտ: Տարածված է նաև միզաքարային հիվանդությունը, քանի որ Հայաստանը համարվում այս հիվանդության էնդեմիկ օջախներից:


– 15 տարի առաջվա հետ համեմատած` ուրոլոգիական հիվանդությունների բուժման եղանակներն արդիականացվե՞լ են, թե դեռևս կիրառվում են ավանդական միջոցները:


– Այսօր Հայաստանում կիրառվում են ախտորոշման, բուժման և վիրաբուժական նորագույն մեթոդները: Երիկամաքարային հիվանդության բուժման համար օգտագործվում է հեռակա քարափշրումը: Էնդոսկոպիկ ուրոլոգիան նույնպես զարգացած է: Համաշխարհային բժշկագիտությունն արագ զարգանում է, բուժական և վիրաբուժական նոր մեթոդներ են ի հայտ գալիս, որոնք առավել արդյունավետ ու անվնաս են: Ուստի պետք է քայլել ամեն նորության հետ, որը կնպաստի մեր աշխատանքին ու կբարձրացնի դրա արդյունավետությունը:


– Հիվանդությունները բուժելուց բացի կարևոր է նաև դրանք կանխարգելելը: Իսկ դրա համար հարկավոր է մարդկանց տեղեկացնել այդ հիվանդությունների և դրանց պատճառների մասին: Արդյո՞ք դա ևս բժիշկների առաքելությունը չէ: 


– Իսկապես, բժիշկը բուժելուց բացի պարտավոր է նաև հասարակությանը տեղեկացնել հիվանդությունների, դրանց պատճառների և կանխարգելման մասին: Հենց այդ նպատակով վերջերս իմ նախաձեռնությամբ և հեղինակությամբ ստեղծվեց www.urolog.am կայքը: Կայքի նպատակներից գլխավորը մարդկանց հայերենով մասնագիտական մատչելի և ճշգրիտ տեղեկություն հաղորդելն է` տղամարդու և կնոջ ընդհանուր առողջության և մասնավորապես` միզասեռական և վերարտադրողական խնդիրների առաջացման պատճառների ու կանխարգելման մասին: Բանն այն է, որ համացանցում հայերենով ուրոլոգիական հիվանդությունների մասին քիչ տեղեկություններ կան, որոնց հնարավոր լինի վստահել և առաջնորդվել դրանցով: Ես փորձել եմ լրացնել այդ բացը: Նյութերն ու հոդվածները պարբերաբար նորացվում են: Կայքը գովազդի նպատակ չունի, զուտ տեղեկատվական է: Այցելուների համար հնարավորություն է ստեղծվել հարց ու պատասխանի միջոցով այս կամ այն հիվանդության մասին տեղեկություններ ստանալ: Այն նորաբաց լինելով` մեծ հետաքրքրություն է առաջացրել և շատ այցելուներ ունի: Ընթերցողներ կան նաև ԱՄՆ-ից, Եվրոպայից, որտեղ հայկական համայնքը մեծ է: Նման կայքի առկայությունը կարևոր է նաև Հայաստանի հեռավոր շրջանների բնակիչների համար, քանի որ շատ գյուղերում հիվանդանոցներ կամ մասնագետներ չկան և մարդիկ երբեմն մենմենակ են մնում իրենց խնդիրների հետ, չեն կարողանում երկար տարածություն կտրել` բժշկի խորհրդատվություն ստանալու համար: Իսկ այս դեպքում նրանք կարող են կայքի միջոցով իմանալ իրենց հիվանդության մասին, և որոշ դեպքերում խորհուրդներ ստանալ:


– Հայ մարդը որքանո՞վ է ուշադիր սեփական առողջության նկատմամբ:


– Մեծ մասամբ սպասում են` դանակը ոսկորին հասնի, նոր դիմեն բժշկի: Բայց աստիճանաբար հասարակության մեջ սեփական առողջությամբ հետաքրքրվելու միտում է նկատվում, մարդիկ ավելի ուշադիր են դառնում: Բացի դա` իմ գործունեության ընթացքում նկատել եմ, որ տղամարդիկ ուշադիր են իրենց կանանց առողջության նկատմամբ և հաճախ նրանց դրդմամբ և ուղեկցությամբ են կանայք բժշկի հաճախում: Շատ լավ կլիներ, եթե կանայք նույնպես հոգատար և ուշադիր լինեին իրենց ամուսինների առողջության նկատմամբ, քանի որ առողջությունն ամուր ընտանիքի հիմքն է: Urolog.am կայքի այցելուների մեջ շատ են կանայք, և ես հակված եմ մտածելու, որ նրանք ոչ միայն իրենց համար են փորձում ինչ-որ տեղեկություն գտնել, այլև փորձում են հասկանալ տղամարդու ուրոլոգիական խնդիրները: Դա նրանց կօգնի ամուսիններին հետագայում ճիշտ կողմնորոշել: Իհարկե, սա ուրախալի փաստ է:


– Ձեր կարծիքով բժշկի համար ո՞րն է հաջողության հասելու նախապայմանը:  


– Առաջին հերթին` աշխատասիրությունը: Եթե ուզում ենք լավ երկիր կառուցել` պետք է շատ աշխատենք: Մինչդեռ վերջին տարիներին Ռուսաստանի օրինակով մեր կառավարությունը տոնական և ոչ աշխատանքային օրերի քանակն ավելացնում է: Այսպիսի երկար արձակուրդներ այլ երկրներում չկան: Սա վատ սովորություն է, մարդկանց կարող է վարժեցնել անգործության, ծուլության: Կյանքի բոլոր բնագավառներում, առավել ևս բժշկության մեջ, հարկավոր են աշխատանք, ձգտում, նպատակասլացություն: Շատ լավ է հարուստ երկրում ապրելը, բայց այդ բաղձալի երկիրը մենք պետք է կառուցենք, և ոչ թե ուրիշը: Սա պետք է մեր գլխավոր առաքելությունը լինի:

 

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Աղբյուր`http://www.sobesednik.am/am/health/4085-2013-06-09-06-30-28