Էմոցիոնալ ինտելեկտ (Emotional Intelligence)
Երբևէ մտածե՞լ եք, թե ի՞նչն է մարդուն գրավիչ դարձնում, նույնիսկ եթե արտաքինից առանձնապես չի փայլում։ Մարդու մոտ կա մի հատկություն, որը հաճախ անտեսվում է, դա էմոցիոնալ հասունությունն է։ Այն չի երևում` ինչպես ֆիզիկական գեղեցկությունը կամ անփոխարինելի չէ` ինչպես հմայքը, սակայն խորապես գրավիչ որակ է և երկարատև կապերի և առողջ հարաբերությունների հիմք։ Էմոցիոնալ հասունությունը իրականում կարևոր է մարդու վստահության, գրավչության և հարաբերությունների համար։
Ի՞նչ է էմոցիոնալ հասունությունը
Էմոցիոնալ հասունությունը վերաբերում է մարդու ունակությանը՝ կառավարել իր հույզերը, գիտակցաբար արձագանքել մյուսներին և պատասխանատվություն կրել իր գործողությունների համար։ Էմոցիոնալ հասունության մաս են կազմում՝ կարեկցանքը, հույզերի կառավարումն ու ինքնատիրապետումը։
Էմոցիոնալ հասուն մարդիկ զերծ չեն հուզական ցավից կամ կոնֆլիկտներից, սակայն նրանք կարողանում են դիմակայել դրանց` տոկունությամբ և գիտակցությամբ։
Բազմաթիվ առումներով, սա հոգեբանական բարեկեցության և առողջ մարդկային փոխհարաբերությունների հիմքն է։ Այն կարևոր է բոլոր հարաբերությունների համար՝ սիրային, ընկերական, ընտանեկան և գործնական։
Ինչո՞ւ է էմոցիոնալ հասունությունը գրավիչ
Էմոցիոնալ հասուն մարդիկ ինքնավստահ են, հարգանքով են վերաբերվում ուրիշներին և չեն թողնում, որ հույզերը ղեկավարեն իրենց։ Այս հատկությունը գրավիչ է, քանի որ՝
- Այն ստեղծում է հուզական անվտանգություն։ Էմոցիոնալ հասուն մարդիկ կանխատեսելի են, չեն պայթում վեճերի ժամանակ, չեն անհետանում սթրեսի պահին, չեն մանիպուլացնում` իրենց ուզածը ստանալու համար։ Այս ամենը խորացնում է վստահությունն ու հոգեբանական անվտանգությունը։
- Այն խոսում է մարդու գիտակցության մասին։ Երբ ինչ-որ մեկն ընդունում է իր սխալները, և կարողանում է վերանայել իր վարքը, դա վկայում է բարձր էմոցիոնալ ինտելեկտի մասին։
- Այն խորացնում է մտերմությունը։ Հասուն մարդիկ ունակ են անկեղծ զրույցների, սահմաններ դնելու և, նույնիսկ, խոցելի լինելու։ Սրանք են այն հմտությունները, որոնք զարգացնում են հարաբերությունները։
- Այն հաղորդում է ուժ և կայունություն։ Ներկա անհանգիստ աշխարհում էմոցիոնալ հասունությունը դառնում է հազվադեպ ու արժեքավոր ուժ։ Դա ցույց է տալիս, որ մարդը կարող է դիմակայել կյանքի դժվարություններին` առանց կործանվելու կամ իր ցավը ուրիշների վրա բարդելու։
Ինչո՞ւ է էմոցիոնալ տհասությունը ոչ գրավիչ
Էմոցիոնալ տհասությունը կամ անգրագիտությունը կարող է վկայել ռիսկային հարաբերությունների մասին` ստեղծելով քաոս, հիասթափություն և տխրություն։ Արդյունքում, վստահությունն ու մտերմությունը խարխլվում են։ Էմոցիոնալ տհասությունը կարող է դրսևորվել որպես`
- վատ հաղորդակցություն (հույզերը չարտահայտել, փակվել, լռել կոնֆլիկտիների ժամանակ),
- անկառավարելի պոռթկումներ,
- կախվածություն նյութերից (ալկոհոլ, սնունդ, թմրանյութեր)` սթրեսը կառավարելու համար,
- ուշադրության ձգտող վարք, որը թաքցնում է անկարողությունը:
Ինչպե՞ս զարգացնել էմոցիոնալ հասունությունը
Ահա մի քանի եղանակ՝ այն զարգացնելու համար․
- Վերլուծի՛ր ինքդ քեզ։ Հարցրու ինքդ քեզ՝ ի՞նչ եմ զգում, ինչու՞ եմ զգում, ինչպես՞ եմ արձագանքում։ Սա առաջին քայլն է ինքնագիտակցության ճանապարհին։
- Ընդունի՛ր քո բաժինը։ Հասուն մարդիկ պատասխանատվություն են վերցնում իրենց արարքների համար` նույնիսկ եթե այն շատ դժվար է։
- Զարգացրո՛ւ հույզերի կարգավորումը։ Սովորիր կառավարել հույզերը` հատկապես սթրեսի ժամանակ։ Օգտակար մեթոդներից են՝ մեդիտացիան, խորը շնչառությունը, և այլն։
- Կարեկցի՛ր։ Փորձիր իրավիճակները տեսնել դիմացինի աչքերով։
- Սահմաններ դիր ու հարգի՛ր։ Գիտակցել սեփական ու մյուսների սահմաններն՝ էմոցիոնալ հասունության առանցքային բաղադրիչն է։
- Լսի՛ր դիմացինի կարծիքը։ Բաց եղիր կարծիքների համար՝ դրանք աճի գործիք են, ոչ` սպառնալիք։
- Դիմի՛ր հոգեբանի օգնությանը։ Ինքնաճանաչումը թուլություն չէ, այլ` գրավչություն։
Եզրակացնելով` էմոցիոնալ ինտելեկտը կամ հասունությունը նշանակում է՝ լինել կայուն, հավասարակշիռ, ինքնատիրապետող, խորաթափանց, կարեկցող, հասանելի, մեղմ, միաժամանակ` ուժեղ։ Այս բոլորը միասին ստեղծում են մարդու անզուգական գրավչությունը: